կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 10:31
Հասարակություն

Մելիքգյուղ. ինչո՞ւ է լռում գլխավոր դատախազությունը

Մելիքգյուղ. ինչո՞ւ է լռում գլխավոր դատախազությունը

Արդեն մեկ տարուց ավելի է` Մելիքգյուղի բնակիչները, հասարակությունը եւ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ իրենց բողոքն են բարձրացնում` Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրից օգտակար հանածոյի անօրինական արդյունահանման, Մելիքգյուղի այսօրվա անմխիթար վիճակին լուծում տալու եւ մեղավորներին պատժելու պահանջով:

 

Մինչ օրս, թեեւ կրքերը որոշ չափով հանդարտվել են, հասարակությունն իր ուշադրությունը չի կտրում վերը նշված տարածաշրջանից, իսկ մի շարք ՀԿ-ներ  Հայաստանի պատկան մարմիններին` ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին եւ այլն, անընդմեջ իրենց նամակներն են ուղղում, որպեսզի նրանք լուծում տան տարիներ շարունակ այս հանքավայրում եւ հարակից Մելիքգյուղում տիրող իրավիճակին ու ապօրինություններին, որոնց yerkir.am-ն արդեն մեկ տարի է`  պարբերաբար անդրադառնում է:

 

Սակայն սայլը  տեղից դեռ չի շարժվում, ավելին` Թուխմանուկի ոսկու հանքավայրը մինչ օրս տնօրինող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» (ներկայում` «Ջի Ջի Սի Ար») հայաստանյան ընկերությունն տարբեր միջոցներով փորձում է վախի մթնոլորտում պահել մելիքգյուղացիներին: Թե՞ ինչ եղանակներով է այդ մթնոլորտը ստեղծվում Մելիքգյուղում, ոչ ոք այդ մասին չի ցանկանում խոսել, միայն նշում են. «Մենք երեխաներ ունենք, իսկ նրանց դա չի հետաքրքրում»:

 

Այս տարվա մայիսի 27-ին բնապահպանական ՀԿ-ները Մելիքգյուղում տիրող իրավիճակի հարցով բողոք-նամակով դիմեցին նախկին ՀՀ գլխավոր դատախազին, բայց մինչ օրս քար լռություն է, որեւէ պատասխան չկա: Այնուհետեւ լրացուցիչ գրությամբ (01.06.2013թ) դիմել են երկրի նախագահին եւ գլխավոր դատախազին, որպեսզի նրանց կողմից հնարավորինս ապահովվի հասարակական սեկտորի անմիջական մասնակցությունը իրականացվող բոլոր ընթացակարգերին:

 

Մեր վերջին այցելության ժամանակ (2 նոյեմբեր 2013թ.) մելիքգյուղցիներից ոմանք, ովքեր տեղյակ էին նախկին գլխավոր դատախազին դեռեւս մայիսի 27-ին ուղարկված նամակից եւ անպատասխան մնալուն, չպատասխանելու հանգամանքը կապում էին Մելիքգյուղի գյուղապետի եւ Արագածոտնի մարզի դատախազությունում աշխատող մի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամական կապով:

 

Գլխավոր դատախազությանը հասցեագրված նամակին կից ներկայացվել էր գործին առնչվող փաստաթղթերի փաթեթ, որը հետագայում պարզվեց, որ ուղարկվել է Արագածոտնի դատախազություն` ուսումնասիրելու եւ հետագայում ընթացք տալու: Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ. ՀԿ-ների ներկայացուցիչները նույն մարզային դատախազությունից 5 ամիս անց տեղեկանում են, որ իրենց մոտ միայն նամակն է, իսկ նամակին կից փաստաթղթերը բացակայում են: Հարց է առաջանում` դատախազությունը իրեն հասցեագրված բողոքի առնչությամբ ի՞նչ է ձեռնարկել, արդյո՞ք ստուգումներ են նշանակվել, արդյո՞ք հրավիրվել են մարդիկ, արդյո՞ք հարցումներ են արվել: Արդեն հինգ ամսից ավելի է անցել, իսկ «Դատախազության մասին» օրենքով` 10-օրյա ժամկետում  գործը կա'մ պետք է մերժվի, կա'մ դրան ընթացք տրվի: 

 

Այս պատմության մեջ խոսքը ոչ միայն ընդերքի անօրինական շահագործման եւ  ՀՀ մի շարք օրենքներ խախտելու մասին է, այլ այն բանի, որ այս ամենի պատճառով խաթարվել է տվյալ տարածաշրջանի բնական միջավայրը, վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, գյուղի երեխաները հայտնվել են վտանգավոր ռիսկի գոտում, վախի ու անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել: Հատկապես երեխաների կապակցությամբ ուզում եմ հրավիրել Հայաստանում և միջազգային ասպարեզում գործող` մարդու եւ երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը: Խնդրում եմ` այցելեք Մելիքգյուղ` անձամբ տեսնելու վախի ու հուսալքության մթնոլորտը մարդկանց աչքերում:

 

Շատ զգուշորեն գյուղի ծերերից մեկը շշնջաց, որ գյուղից նամակ է գնացել ՀՀ նախագահին` հանքի շահագործմանը համաձայն չլինելու մասին: Նամակում նաև նշել են, որ իրենք վախենում են: Մարդկանց հետ զրուցելիս զգացի, որ նոր գլխավոր դատախազի նշանակումը հույս էր տվել մարդկանց: Մարդկանց հուշերում դեռ թարմ է, թե ինչպես է ընկերությունը դիմել ոստիկականական ուժերին` նրանց ճնշելու համար, երբ գյուղացիները փորձել էին պաշտպանել իրենց իրավունքները:

 

Մելիքգյուղցիները ՀՈւՅՍԸ կապում են նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որ նա  կվերացնի անպատժելիության մթնոլորտը, օրինականություն ու արդարություն կհաստատի, եւ սարդոստյան հիշեցնող այս պատմության մեղավորներին, ինչպես նաեւ դատախազությունում նրանց որոշ հովանավորյալների կենթարկի պատասխանատվության:

 

(Շարունակելի)


Գալուստ Նանյան


Լուսանկարները՝ հեղինակի