կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-12 17:00
Հասարակություն

Մելիքգյուղ. մարտահրավեր

Արագածոտնի մարզում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործումը վերջին տարիներն առաջացրել է հանքավայրին մոտ ազդակիր համայնքների, մասնավորապես` Մելիքգյուղի բնակչության անհանգստությունը` բնապահպանական անվտանգության եւ ապահովման տեսանկյունից: Թեեւ հանքավայրը շահագործող կազմակերպությունը` «Գլոբալ-Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) ընկերությունը (2012-ից` ՋիՋիՍիԱր հայաստանյան ընկերություն), եւ դրա «Մեգո Գոլդ» դուստր ձեռնարկությունը տարբեր առիթներով հավաստիացնում են, որ իրենց գործունեության արդյունքում ոչ մի վնաս չեն տալիս հանքավայրի մոտակայքում գտնվող Մելիքգյուղի հողային, ջրային ռեսուրսներին, օդային ավազանին, այնուամենայնիվ, փաստերն այլ բան են ասում:

 

Պետք է նշել, որ մինչ օրս այս տարածաշրջանի համար չկա բնապահպանական վիճակի, հանքարդյունահանման կիրառվող տեխնոլոգիաների, հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ներգործության իրական մասշտաբների եւ գնահատականների, առկա ու հետագա բնապահպանական ռիսկերի մասին հիմնավոր տեղեկատվություն:

 

Վերը նշված ոսկու հանքավայրի տարածքը ընդգրկված չէ պետական մոնիտորինգային համակարգում եւ ծրագրերում, հետևաբար` չկան հանրությանը հասանելի մոնիտորինգային տվյալներ, շրջակա միջավայրի վրա ներգործության գնահատականներ եւ վերլուծություններ:

 

Հանքավայրը շահագործող կազմակերպությունը նույնպես, օգտվելով ՀՀ օրենսդրության, դրա կիրառման կարգերի թերություններից, չի իրականացվում շրջակա միջավայրի մոնիտորինգ եւ շրջակա միջավայրի վրա ներգործության վերահսկողություն, իսկ եթե իրականացնում է, ապա այն պահում է փակ, համապատասխան տեղեկատվություն չի տրամադրում հանրությանը:

 

Այնուամենայնիվ,  2013 թվականի ապրիլ ամսին «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի պատվերով «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի եւ հարակից տարածքների հողերի եւ գետերի հատակային նստվածքներից նմուշներ են վերցվել եւ կատարվել են լաբորատոր անալիզներ:

 

Այսպես` կատարված մոնիտորինգային հետազոտության տվյալների հիման վրա պարզվել է ծանր մետաղների եւ տարրերի կոնցենտրացիոն բաշխումը տվյալ տարածաշրջանում եւ գնահատվել է հանքի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրի նշված բաղադրիչների վրա առկա կամ հնարավոր ներգործության բնույթն ու աստիճանը: Նշենք նաեւ, որ, բացի հողերից, նաեւ նմուշառումներ են արվել Հալավար եւ Քասաղ գետերի հատակային նստվածքներից, կազմվել են 17 քիմիական տարրերի (առաջին խումբը կազմում են Zn, Cr, Ni, Cu տարրերը, երկրորդ խումբը` Mn, Fe, Co, V, Sn, Bi, Sr, Ba, U, Cd, իսկ երրորդ խումբը` As, Sb, Pb տարրերը) եւ մետաղների կոնցենտրացիաների արժեքների գրաֆիկներն` ըստ դիտակետերի:

 

Կատարված մոնիտորինգի արդյունքներից կարելի է նախնական եզրակացնել, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրը շրջակա տարածքի հողերի, գետավազանի ջրերի, հատակային նստվածքների և, ընդհանրապես, էկոհամակարգի վրա էական ներգործության գործոն է: Հանքավայրից տարբեր խողովակերով տարածվում են ոսկու հանույթին ուղեկցող, ծանր և էկոտոքսիկ տարրեր` As, Sb, Pb, Cd, Cu , Mn, V, Cr, Co, Ni, Zn, Sn, Bi, որոնք կուտակվում են Մելիքգյուղ, Ռյա Թազա և Միրաք գյուղերի ու այլ հարակից հողատարածքներում, Հալավար ու Քասաղ գետերի հատակային նստվածքներում:

 

Թուխմանուկի ոսկու հանքավայրի տարածքից Մելիքգյուղ, Ռյա Թազա, Միրաք բնակավայրերի տարածքների եւ հողատարածքների մակերևույթներին նստում է  Mn, Co, V, Sn, Bi, Sr, Ba քիմիական տարրերով հարուստ փոշի, տեղի է ունենում հողերի ու էկոհամակարգի ուղղակի աղտոտում, Քասաղ-Հալավար գետավազանի ջրերի անուղղակի աղտոտում: Իսկ հանքավայրից տեղի է ունենում ծանր մետաղների ցրման, Մելիքգյուղի եւ մոտակա մյուս բնակավայրերի, դրանց հողատարածքների, տարածքի ջրավազանի եւ էկոհամակարգի` As, Sb, Pb քիմիական տարրերով ուղղակի աղտոտում: Մասնագետները նաեւ նշում են, որ տարրերի տարածման հիմնական հավանական ճանապարհներից է հանքավայրից դատարկ եւ մակաբացման ապարների, լցակույտերի եւ հանքավայրի փոշու տարածումը ցրման եւ քամու միջոցով:

 

«EcoArmGlo-Tv» այս անգամ ձեր դատին է ներկայացնում «ՓԱՍՏ» տեսանյութը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ հեղինակի