կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 16:17
Մշակույթ

Եթե աշխարհում մնա մեկ հայ` Վրեժ Իսրայելյանի գրականությունը կապրի

Եթե աշխարհում մնա մեկ հայ` Վրեժ Իսրայելյանի գրականությունը կապրի

Այսօր տեղի ունեցավ Վրեժ Իսրայելյանի «Եվ ձին իր հեծյալին ասաց» մանկական գրքի շնորհանդեսը:

 

Իսրայելյանը հետմահու Երկրապահ կամավորական միության կողմից արժանացավ պարգեւի` ՀՀ անկախության մեջ ունեցած իր ներդրման համար:

 

Երկրապահ կամավորական միության անդամ Հակոբ Հակոբյանը նշեց, որ երբ այս տարի նման պարգեւ ստեղծեց միությունը, իրեն հանձնարարվել էր ներկայացնել ցուցակ, թե ովքեր կարող են մրցանակին արժանանալ, եւ ցուցակում առաջինը Վրեժ Իսրայելյանն էր:

 

«Երբ գեներալ Մանվել Գրիգորյանը հաստատեց ցուցակը, ես զանգահարեցի Վրեժին եւ ասացի, թե այսինչ օրը պետք է գա, մրցանակ ստանա: Նշանակված օրվանից մեկ օր առաջ Վրեժը վերջ տվեց իր կյանքին: Վրեժն արժանի էր այս մրցանակին, քանի որ ոչ միայն զենքով, այլ նաեւ գրչով էր պայքարել թշնամու դեմ»,- ասաց Հակոբյանը:

 

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ թեեւ գրողը չկարողացավ տեսնել իր գիրքը, սակայն նա ապրում է իր գրքերի շնորհիվ եւ մեզ է ապրեցնում: «Հաճախ համապատասխան վերաբերմունք չենք ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր մեր կողքին են, եւ մի օր էլ հանկարծ տեսնում ենք, որ նրանք էլ չկան: Ես շատ եմ սիրել Վրեժի կերպարը, նրա գրվածքները, որոնցով, կարծես, ուզում էր իր պես շեշտակի եւ ուղղորդված մտածել սովորեցնել ընթերցողներին»,- ասաց նաը:

 

Իսկ գրող Ռոլանդ Շառոյանը նշեց, որ Վրեժ Իսրայելյանի հետ իր ընկերությունը միայն մահը բաժանեց: Նրա խոսքերով` Իսրայելյանը` որպես գրող, նախանձելի լեզու ուներ, որն այնքան վարպետորեն էր կարողանում ծանր մտածողությունը դարձնել իր գրական տարածքը, որ ընթերցողները չէին էլ նկատում: «Նա կարողանում էր մայրենի լեզուն գրականության մեջ ծառայեցնել իր նպատակին: Մանկական գրականության մեջ շատ դժվար է մայրենի լեզուն լավ բանեցնել, իսկ նա իր գրքում մեծ վարպետությամբ է դա արել: Վրեժն ունիվերսալ էր իր մտածողությամբ. Վրեժի մտածողությունը շատ եմ սիրում` իր հնչեցրած լեզվով»,- ասաց Շառոյանը` հավելելով, որ եթե աշխարհի երեսին մեկ հայ էլ մնա` Իսրայելյանի գրականությունը կապրի: