կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-02 14:35
Մշակույթ

Էն, ինչ ասում-խոսում ենք, դրսի համար է. ամենակարևոր բաները չենք արտասանում. Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրն է

Էն, ինչ ասում-խոսում ենք, դրսի համար է. ամենակարևոր բաները չենք արտասանում. Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրն է

Այսօր արձագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրն է:

Իսրայելյանը 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-81-ին գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում։ 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է։ 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ։

1986-ի փետրվարին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ և հետո», «Երկրապահը և քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» և այլն)։ Բացի այդ, հեղինակն է մի շարք գրքերի՝ «Մեկին գումարած մեկ», «Չնվաճված աշխարհամաս», «Վաղ, թե ուշ», «Տոնապետ»…

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ 1995թ. պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», 2002թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով: 2010թ. արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի («Տոնապետ» գրքի համար), 2012թ.՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանի:

ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մարտական ծառայության և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանների, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Մարշալ Բաղրամյան և այլ մեդալների։

Իսրայելյանն ինքնասպան եղավ 2013-ի հունիսի 14-ին: Դրանից օրեր առաջ նրա մոտ խորացված քաղցկեղ էին հայտնաբերել: Գրասեղանին հայտնաբերվել էր նաև նամակ, որում գրել էր, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ, բոլորից ներողություն է խնդրել և հավելել. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:

Ներկայացնում ենք  Իսրայելյանի «Գլուխկոտրուկ» պատմվածքը /«ԱՆԴԻՆ» հանդես, մարտ 2013/:

***

Շատ խելոք կին է՝ ասաց ու ընկալուչը դրեց... Դե արի ու Քրիստոսի խաչելության ազնիվ մտածմունքի փոխարեն լոլիկի թանկացման ու այդ պիղծ սպանությունների միջև կապ փնտրիր... Անհեթեթություն է... Սկսում եմ գիտակցել, որ իմ և կնոջս հարաբերությունները սառնարանի ներքևի խցիկում սառչող տոլմայի մակարդակին են իջել... Գրող եմ, թե գրող չեմ՝ այդ մասին պարտավոր եմ մտածել... Եթե Երևանում հայրը որդուն է սպանում, Գորիսում էլ որդին՝ հորը, շուկայում էլ լոլիկի գինը կրկնապատկվում է, ուրեմն ինչ-որ բան այն չէ... Երեսուն-քառասուն տարի առաջ մի անեկդոտ էր թևածում (զարմանալի է, որ այլևս չեն պատմում)... Ուրեմն, մի գյուղացու գոմից երեք կով են գողանում... Թալանված երեք եղբայրները խելք խելքի են տալիս, որ գողին բացահայտեն... Մեծ եղբայրն ասում է. «Եթե գողոնը երեք կով է, գողը կարճահասակ պետք է լինի»... Միջնեկ եղբայրն ասում է. «Եթե գողը կարճահասակ է, ուրեմն մեր գյուղից է»... Փոքր եղբայրն ասում է. «Եթե գողը մեր գյուղից է, ուրեմն Սերոբն է»... Հարայ-հրոցով Սերոբին դատարան են քարշ տալիս... Դատավորը հարցնում է եղբայրներին՝ ինչպե՞ս որոշեցիք, որ Սերոբն է գողը... Էսպես-էսպես, բացատրում են եղբայրները... Դատավորը խնդմնդալով մի արկղ է բերել տալիս... «Խնդրում եմ նույն տրամաբանությամբ բացահայտեք, թե ինչ է արկղի մեջ»... «Եթե արկղը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է»,- ասում է մեծ եղբայրը... «Եթե միջինը կլոր է, ուրեմն դեղին գույնի է»,- ասում է միջնեկ եղբայրը... «Եթե դեղին գույնի է, ուրեմն նարինջ է»,- ասում է փոքր եղբայրը... «Սերոբ,- բարկանում է դատավորը,- գնա և մարդկանց կովերը վերադարձրու»... 

 Որ ինչ-որ բան այն չէ, ինձնից առաջ կինս է գիտակցել... Կամ էլ վերջին պատմվածքս նրա քիմքին չի նստել... Չի հավանել անխիղճն ու որոշել է իր վերաբերմունքը բազմիմաստ ակնարկներով համեմել... Իմ խելքն ասա, որ գրվածքներս առաջինը նրա դատին եմ հանձնում... Բժշկուհի է, չէ՞, ամեն ինչին նայում է որպես հերթական հիվանդի... Ջերմաչափը խոթում է պատմվածքիս անթատակն ու իր խորհուրդներով հոգիս հանում. «Էս բառն իր տեղում չէ... էս կերպարը ձանձրալի է... կիսատ է... ոնց որ սկիզբն ու վերջը տարբեր մարդիկ գրած լինեն... ճահիճ է... չի շնչում... թոքախտավոր հիվանդի պես արյուն է թքում...»...Կնոջս լսելիս քիչ է մնում հավատամ, որ ես կամ պատմվածքս դատապարտված ենք մահվան... Ի՞նչ անեմ. ի վերջո ընթերցող է՝ սեփական կարծիք ունենալու իրավունք ունի...

 Ոտքերս սառչում են, հավանաբար ցուրտ է... Երևի օրն սկսվել է... Բժշկուհի ջան, եթե օրն սկսվել է ու ոտքերս սառչում են, ինչո՞ւ ես զարմանում, որ շուկայում լոլիկի գինը կրկնապատկվել է... Ամեն ինչ իր ժամանակի մեջ է էժան... Եթե Քրիստոսն ուզենար չխաչվել, ի՞նչ ես կարծում, խաչվելո՞ւ էր... Ինքը հորինեց իր տառապանքները, որպեսզի մենք՝ ապագա քրիստոնյաներս, ապրելու և մտածելու բան ունենանք... Այնպես որ, մտքովդ չանցնի, թե այսուհետ մեզ համար նա՛ կամ մեկ ուրիշը երկրորդ անգամ խաչվելու է... Այս հասարակ բանը եթե չես ուզում հասկանալ, լոլիկ մի կեր, պատմվածք մի կարդա և քո սառած տոլմայով էլ մեզ մի զարմացրու... Ունես-չունես մի ամուսին ունես և ինքդ՝ քեզ, գնա փառք տուր Աստծուն, որ մեր ժամանակի մեջ ենք ապրում... Աստված չանի՝ դուրս գանք մեր ժամանակից՝ հո չենք թանկանալո՜ւ... Դու մեղք չունես, հիվանդներդ են քեզ երես տվել՝ վա՜յ, բժշկուհի ջան, դու հրեշտակ ես... էս ես, էն ես...

 Հիվանդ են, չէ՞. ինչ-որ մեկին պետք է կառչեն, որ առողջանան... Իսկ ես գրող եմ, թե գրող չեմ՝ բայց հո գիտես, որ սասունցու ճուտ եմ (մի շատ պատկառելի մարդու բնորոշում է)... Սասունցու ճուտը, որ աշխարհը տրաքի էլ, կնոջ առաջ (էն էլ սեփական) կակղելու սովորություն չունի... Այնպես որ, բժշկուհի ջան, սառած տոլմայով սիրտս չես շահի, իսկ լոլիկի գնի կրկնապատկման փաստը աչքս խոթելուց առաջ մտածիր, թե ինչու գորիսեցի որդին՝ հորը, երևանցի հայրը՝ որդուն սպանեցին...

 Ո՞վ է ասել, որ Քրիստոսի խաչելությունն ու այլ արտառոց բաները միայն գրողների երևակայությունը սնելու համար են կատարվում... Ի՞նչ է, չգիտե՞ս, որ առողջ մարդիկ, այն էլ արյունակիցներ, միմյանց չեն սպանում...

 Այսօր միտքս երևակայությանս առջևից ընկած վազում է... Ուզում եմ ամեն ինչ հասկանալ... Նույնիսկ այն մորը, որը կաշվից դուրս է գալիս՝ պաշտպանելու համար մեծահարուստ պարոնին, ով իր երեխայի հետ մանկապղծությամբ է զբաղվել... Ուզում եմ հասկանալ, թե ինչու է քաղաքակրթությունը սողեսող մոտենում իմ երկրին և ինչու չի ֆշշացնում խայթելուց առաջ... Ուզում եմ հասկանալ այն երգը, որը հնչելու է միմիայն տարագիր հայի շուրթերից, քանզի չկա մի մարդ արար աշխարհում, որ «դրախտավայր» կոչի այն երկիրը, ուր ինքն ապրում է... Սովորաբար «դրախտավայր» տիտղոսին արժանանում են լքված և կորսված հայրենիքները...

 Երբ արյունս մրսում է մարմնիս վերջույթներում, խուճապահար փախչում-լցվում է գլխիս մեջ, և խառնիխուռն մտածումներս Քրիստոսի խաչելության նոր դրվագներ են մտաբերում... Աստուծո որդին իրեն խաչողներին ասում է. «Թշվառականներ, իմացեք, որ դուք իմ կամակատարներն եք»...

 Կինս իմ մտքերը ջոկջկելուց ու դասդասելուց հետո, բնականաբար, հանգելու է միակ ողջամիտ եզրակացությանը. «Սպառվում ես, սիրելիս»... Ասենք, թե սպառվում եմ. արժի՞ թմբկահարել ճշմարտությունը... Մեռնող հիվանդին մահ գուշակելը, բժշկուհի ջան, մեղմ ասած, լավ զբաղմունք չէ... Երկրապահ Աֆոն ասում է. «Մեր գյուղում հենց մեկը տնքաց, սկսում են հողը փորել... Դրա համար մեր գյուղացիք անաղմուկ են մեռնում, որ մի քիչ երկար ապրեն»... «Սպառվել ես». ասում ու մի կողմ ես քաշվում... Ուզո՞ւմ ես մի գլուխկոտրուկ հորինեմ ու Նոր կտակարանի մեջ դնեմ. «Գորիսեցի որդին, որ սպանել է իր հորը, և երևանցի հայրը, որ սպանել է իր որդուն, հայտնվում են նույն բանտախցում... Ճշմարիտ և սուտ մարգարեներ, կարո՞ղ եք գուշակել, թե ինչ են խոսելու միմյանց հետ»... Թող մարգարեները գլուխ կոտրեն, առաքյալներն էլ իրենց պատումներն արդիականացնեն, հազիվ թե նրանց մեկնությունները լոլիկի գնի թանկացումը կանխեն... Կուզե՞ս մի բանաստեղծություն հյուսեմ քեզ համար. «Մենք չենք ուզում... չենք ուզում ապրել մի երկրում, ուր պատմվածքներն անտեր-անտիրական մեռնում են զնդաններում... Իսկ գրողներն ազատության մեջ դանդաղ սպառվում են»...

 Բժշկուհի ջան, այն, որ դու դանդաղ սպառվող գրողի կին ես ու նրա արատները մեկնելու թուլություն ունես, արդեն մեծ նվաճում է... Ամենևին էլ պատահական չէր, որ ընկալուչը կոպտորեն կախեցիր ու լոլիկի թանկացումը՝ որպես մտորելու հումք, ամուսնուդ պարզեցիր... Դու քո գլխին գալիքը գիտեիր... Պիղծ սպանությունների կեղեքիչ թեման այսուհետ պղտորելու է մեր տան առօրյան... Եթե սխալվես ու կինոնկար դիտելու ցանկություն հայտնես, շուրթերս հավաքելու եմ քթիս տակ ու հոգուս մեջ լցված մաղձը գույնզգույն բառերի եմ վերածելու (ով չի հավատում, թող գա վերևի, ներքևի և դրկից հարևանների բնակարաններից ունկնդրի)...

 -Հայ քրիստոնյաներ, ականջ արեք. Գորիսում որդին հորն է սպանել, Երևանում հայրը՝ որդուն, իսկ իմ կինը սիրային շարժանկարի ծարավ է զգում... Ամո՜թ... ամո՜թ... ամո՜թ...

 -Այն երկրում, ուր գրողներն արագորեն սպառվում են, իսկ շուկայում լոլիկի գինը կրկնապատկվում է, արյունակիցները սկսելու են միմյանց սպանել,- ասելու ես դու...

 Ասելու ես ըմբոստ կեցվածքով, ամուսին ոչնչացնող հայացքով, պատմվածք հասկացողի ու դատափետողի վստահությամբ... Ես էլ, գիտես, սևին՝ սպիտակ, սպիտակին սև ասող սասունցու ճուտ, հո հեշտ ու հանգիստ կուլ չեմ տալու քո պարսավանքները... 

 -Թշվառական, դու ինձ խաչում ես, որովհետև ես եմ այդպես ուզում,- արտասանելու եմ ես...

 -Եթե ես քեզ խաչել ուզենայի, չորրորդ մեխը լեզվիդ կխփեի,- ասելու ես դու...

 -Այն երկրում, ուր հիվանդները կյանք են աղերսում, իսկ բժիշկները՝ փող, ծնվում և բարգավաճում են ահավասիկ այսպիսի պնդաճակատ տանտիրուհիներ... Աստված ջան, ներիր աշխարհի բոլոր սասունցիներին, որ ամենքի համար «զարթիր լաո» երգեցին, իսկ իրենք քնով ընկան...

 -Ի՜նչ սասունցի, ի՜նչ բան,- ասելու ես,- ընդամենը մի ճմրթված թղթադրամ է՝ լոլիկ վաճառող գեղջկուհու գրպանում պահ տրված...

 Հիմա կողքից լսողը կամ ընթերցողը կմտածի, թե ձեռից գնացած ընտանիք է. իր եղած-չեղածը դուրս է տալիս ու այլոց լսողությունը բռնաբարում (միամի՜տ, խե՜ղճ ունկնդիրներ ու ընթերցողներ)...

 Էնքա՜ն բան կա, որ մնում է իմ և կնոջս գաղտնարաններում... Էն, ինչ ասում-խոսում ենք, դրսի համար է... Ամենակարևոր բաները մենք չենք արտասանում... Եթե երբևէ իմ կամ կնոջս մտքով անցներ միմյանց սպանել, վստահ եղեք՝ «Հայկական ժամանակ» օրաթերթն էլ ճիշտը չի իմանա... Ասացի ու կրակն ընկա... Ի սեր Աստծո, այդպիսի բան մեր մտքով չի անցնում... Եթե անցներ, մեկ է, ոչ ոք չէր զարմանա... Եթե Երևանում հայրը՝ որդուն, իսկ Գորիսում որդին հորն է սպանում, ինչո՞ւ պետք է ամուսինները այդ մասին չմտածեն՝ հենց միայն այն բանի համար, որ հայտնվեն նույն բանտախցում և զնդանում մեռնող անտեր-անտիրական պատմվածքի գաղտնիքներին հասու դառնան...

 Հենց կինս քնքշանում է, սկսում է պատմվածքներս գովել (ծերունական սեքսի բազմաթիվ ձևերից մեկն է)... Ես էլ, հասկանալի է, հաճույքից նվաղում եմ...

 -Միայն թե,- ասում է նա,- մի թող, որ էդ արտառոց բաները մտքիդ մեջ երկար ապրեն... Մի թող, որ կյանքից հոսող արցունքը լցվի գրվածքիդ մեջ...

 -Ախր ո՞նց չթողնեմ, եթե արցունքն իմ աչքերից է հոսում,- մտածում, բայց չեմ բարձրաձայնում...

 -Սպանելու համար երևակայություն պետք չէ... Ով սպանելու է՝ կսպանի... Դու թոքերիդ մասին մտածիր... Սովորիր շնչել, նույնիսկ եթե օդ չկա...Աստված ինձ այսպիսի կին է բաժին հանել. ուզի՝ կոչնչացնի, ուզի՝ կյանք կպարգևի...

 -Սասունցի ախպեր,- ասում է կինս,- մի խեղճացիր, քեզ օր են պարգևել՝ ապրիր, եթե, իհարկե, ապրելը չապրելուց զատում ես... Ուզում է Ճապոնիա գնաս, թե Ուրուգվայ, մեկ է, քո տարածքից դուրս չես գալու... Թաշկինակդ հանիր, թափ տուր օդում ու քո պարը պարիր՝ քոչարի՜... քոչարի՜... երկուս գնա, մեկ՝ արի...

 -Բա էլ ինչո՞ւ եք գլուխ պատռում,- սրտնեղում ես,- եթե ոչ մեկի փույթը չէ, թե ով, որտեղ և ում է սպանում...

 -Գնա՛ և քավի՛ր գորիսեցի որդու և երևանցի հոր մեղքը,- ասում է կինս... 

 -Ինձ բանտախո՞ւց ես ուղարկում, տիկի՛ն...

 -Ինչո՞ւ ոչ, եթե դույզն-ինչ քեզ գրող ես զգում...

 -Հետս էնպես ես խոսում, կարծես քո հերթական անբուժելի հիվանդն եմ,- ասում եմ ու ձեռքս նրա մազերի մեջ խրում...

 -Ամենքս էլ անբուժելի հիվանդ ենք,- ասում է ու ձեռքս իր մազերի միջից  նրբանկատորեն դուրս հրավիրում... Սուրբ գիրքն ասում է՝ մի դատիր, որ չդատվես... Այդ դեպքում ինչո՞ւ ենք զարմանում, որ Պիղատոսը ձեռքերը լվաց...

 -Բժշկուհի ջան, երեկ սառած տոլման տաքացրեցի ու կերա... Ճիշտ է, աղն էր պակաս ու կաղամբը՝ հում, բայց համով էր,- ասում եմ սիրասուն կնոջս փիլիսոփայության ճիրաններից փրկելու համար...

 -Անուշ լինի,- ասում է կինս...

 -Երախտապարտ եմ,- ասում եմ...

 -Կուզենայի, որ ամուսինս ինձ երջանկություն պարգևեր, հետո նոր՝ մահ,- նվաղկոտ ասում է կինս,- երջանկությո՜ւն... հետո մա՜հ...-Էդ քո ասած դեղից չունեմ ու չեմ էլ  ունենա,- ասում եմ,- իսկ մյուս ցանկությունդ կկատարեմ հաճույքով... Քեզ քո հիվանդների դատին կհանձնեմ... Ա՜յ թե պատիժ կստացվի...

 -Ճիշտ ես, հիվանդներս քեզնից ավելի անողոք են... Երեք ամիս մի ջահել կին էի բուժում... Դեղորայքը իմ միջոցներով Գերմանիայից հայթայթեցի, անալիզները ամերիկյան ամենահեղինակավոր բուժհաստատությունների քննությանը ղրկեցի, կյանքիս մի մասն էլ օշարակի պես նրան խմեցրի ու մահվան ճանկերից խլեցի... Դուրս գրվելուց առաջ գիտե՞ս ինչ ասաց... Ասաց. «Բժշկուհի ջան, մայրս երազ էր տեսել. երազում Գաբրիել հրեշտակապետն էր այցելել... Ասել էր՝ Մայրանուշ (մորս անունն է), անխիղճ, գնա Խոր վիրապի եկեղեցում մոմ վառիր ու երեք անգամ Աստծո անունը տուր՝ դեռ տուն չհասած աղջիկդ կառողջանա... Աստված ինձ փրկեց»... Էնպես որ,- ասաց կինս՝ բարձը իմ գլխատակից իրեն քաշելով,- հենց նեղը կընկնես, Աստծո անունը երեք անգամ տուր, իմ հետ գործ չունես...

 -Ոնց որ թե դրսում քամի է,- ասում եմ,- ինչ-որ մեկը երևի պատուհանի փեղկը բաց է թողել...

 -Ինչո՞ւ ես շշուկով խոսում,- ասում է կինս...-Ինձ թվում է նա մեզ լսում է...

 -Թող լսի,- ասում է կինս,- թող իմանա, որ դրսում քամի է...

 -Ի՞նչ իմանաս,- ասում եմ,- կարող է  գաղտնիքներ եմ ուզում հայտնել...

 -Եթե գաղտնիք լիներ, վաղուց գրած կլինեիր,- ասում է նա...

 - Չեմ սիրում, որ տղամարդիկ շշուկով են խոսում...

 -Կուզե՞ս գոռամ՝ ժողովո՜ւրդ, դրսում քամի է...

 -Հիմա հիվանդանոցում շնկշնկոցն ընկել է,- ասում է կինս...

 -Հիվանդներդ կմրսեն, չարչարանքդ ջուրը կընկնի,- ասում եմ...

 -Քամին օտար աղմուկ ու շունչ է բերում, մեղք են հիվանդները,- շշուկով ասում է...

 -Շա՜տ են վախենում անկոչ հյուրերից, շա՜տ...

 -Ինձ ասում ես շշուկով մի խոսիր, բայց ինքդ շշնջում ես...

 -Ես շշնջում եմ, որովհետև կին եմ, ումից երջանկությունը երես է թեքել...

 -Երջանկությունը ամերիկյան բարեգործության որդնած լոբի չէ, որ քաղցածներին բաժանես,- ասում եմ ես...

 - Այն կա՛ կամ չկա...

 -Քառասուն տարվա ամուսին ենք, բայց քեզնից երբևէ երջանկություն չեմ ակնկալել... Այսօր այն այլևս ինձ պետք չէ, ուշ է, շատ ուշ է... Պարզապես վախենալու քամի է և հիշեցի, որ երջանկությունը ինձնից երես է թեքել,- ասաց կինս ու քնեց... Ինչ լավ է, որ կանայք քնելու պահը ճիշտ են ընտրում...

 -Քնելուց առաջ ամենքն էլ երջանկության մասին են մտածում, բայց ոչ ոք չգիտե, թե ինչ բան է, այն,- ասում եմ շշուկով և հաստատ գիտեմ, որ կինս այլևս ինձ չի լսում...

 Ինքս էլ արդեն ինձ չեմ լսում, հավանաբար հետևել եմ կնոջս օրինակին...Ինձ և կնոջս երբեք քնած ժամանակ չեմ դիտել և չեմ կարող պնդել, որ գեղեցիկ պատկեր է... Նրանք, ովքեր մեկ-երկու օրից մեզ հայտնաբերելու են մեր ամուսնական առագաստում, ապշելու են... Ոչ այն պատճառով, որ ավելի գեղեցիկ հանգուցյալների երբևէ  չեն հանդիպել... Ինչ մի գլուխ գովելու բան է... 

 Երևույթները հասկանալու մոլուցքով տառապող հասարակությունը մեկը մեկից տպավորիչ վարկածներ է քննելու մեր խորհրդավոր մահվան կապակցությամբ... Թունավորման միջոցով ինքնասպանություն գործելու երերուն վարկածը դիազննումից անմիջապես հետո ժխտվելու է բժիշկների կողմից... Հանցախույզ ոստիկանները մանրակրկիտ զննումից հետո բացառելու են բռնության միջոցով մեկմեկու մահ պատճառելու վարկածը (բնականաբար, նաև  օտար միջամտությունների արդյունքում մահվան հասցնելու թեզը չի քննարկվում)... Ի՞նչ անեն խեղճ բժիշկները, բռնում և մահվան թերթիկների մեջ գրում են բժշկության պրակտիկայում գրեթե չօգտագործվող մի եզրակացություն. «Միաժամանակյա հանկարծամահություն»...

 Ով ով, բայց «Հայկական ժամանակ» օրաթերթը չի ընդունելու արատավոր հասարակության պատկան մարմինների մոգոնած տարբերակը, նա առաջ է քաշելու իր վարկածը՝ հղում անելով ռոմանտիկ գիտնականների զարգացրած տեսության տրամաբանությունը... Այդ տեսության առաջամարտիկ-գիտնականը փորձ արեց սեփական կյանքի գնով ապացուցել իր ճշմարտացիությունը... «Հայկական ժամանակ» օրաթերթը ծանուցեց. «Երևանում արտառոց դեպք է գրանցվել. գրող և բժշկուհի ամուսինները փոխադարձ համաձայնությամբ, իրականացրել են երազի միջոցով մահ փոխադրվելու իրենց մշակած ֆանտաստիկ ծրագիրը»...

 Ով ինչ կգրի, կարևոր չէ... Նաև էական չէ, թե ով է ավարտելու այս հորինվածքը՝ նա, ով սկսե՞ց, թե՞ նա, ով քամու միջից լսում էր մեր շշնջոցները... Փաստն այն է, որ ես ու կինս անթերի իրագործեցինք մեր հանճարեղ մտահղացումը... Ասել եմ արդեն, որ ամենակարևոր բաները մենք չենք արտասանում... Խնդրեմ՝ Նոր կտակարանի առաքյալների համար Սուրբ գիրքը նոր երանգներով հարստացնելու ևս մեկ հնարավորություն...Եթե կինս հրաշքով աչքերը բացեր, ու ես էլ հրաշքով նրան լսելու կարողություն ունենայի, լսելու էի. «Սասունցու ճուտ, բա որ ասում էի... տեսա՞ր, որ շուկայում լոլիկի գինը եռապատկվեց»...