կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 02:23
Աշխարհ

Գիֆորդսը կապրի

Գիֆորդսը կապրի

Բժիշկներն ասում են, որ Արիզոնա նահանգից կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի ապրելու շանսերը 101 տոկոս են: Նա սկսել է ինքնուրույն շնչել եւ նույնիսկ շարժվել: Բժիշկները ենթադրում են, որ կինը շուտով ուշքի կգա ու կբացի աչքերը:

 

Չնայած դրական դինամիկային, 40-ամյա Գիֆորդսի վիճակը համարվում է կրիտիկական:

 

Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգի Տուքսոն քաղաքի սրճարաններից մեկում, որտեղ տեղի էր ունենում  կին դեմոկրատ կոնգրեսական Գեբրիել Գիֆորդսի հանդիպումն ընտրողների հետ, Ջարեդ Լի Լոֆները ատրճանակից կրակել էր Գիֆորդսի ճակատին: Սպանվել էր վեց մարդ:

 

Մարդասպանը ձերբակալվել եւ արդեն կանգնել է դատարանի առաջ: Գիֆորդսի ճակատին արձակված գնդակը դուրս է եկել գանգից, ինչը հույս է ներշնչում, որ կնոջ ուղեղի կենսական կարեւորության ֆունկցիաները խախտված չեն լինի:

 

Գաբրիել Գիֆորդսը ամերիկացի հայամետ օրենսդիրների նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Առաջին անգամ նա ամերիկյան Կոնգրեսի անդամ ընտրվեց 2006 թվականի նոյեմբերին` Արիզոնայի հարավն ընդգրկող 8-րդ կոնգրեսական ընտրատարածքից: Գիֆորդսը 2006-ի միջանկյալ ընտրություններում կարողացավ վստահ հաղթանակ տոնել մի ընտրատարածքում, որտեղ տարիներ շարունակ հաջողություն էին արձանագրում միայն Հանրապետական կուսակցության թեկնածուները:


Արիզոնան Կոնգրեսում ներկայացնելու իրավունք Գաբրիել Գիֆորդսը ստացավ նաեւ 2010-ի նոյեմբերին անցկացված միջանկյալ ընտրություններում, որոնց ընթացքում եւս դեմոկրատ կոնգրեսականը վայելում էր Ամերիկայի հայկական կազմակերպությունների աջակցությունը:

 

2010 թվականի գարնանը Գիֆորդսը Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ արտահայտվող կոնգերսականների թվում էր. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` 2010 թվականի մարտի 4-ին կայացած նիստին նա կողմ քվեարկեց թիվ 252 բանաձեւի հաստատմանը:

 

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 22-ամյա Ջարեդ Լի Լոֆներին` վեց մարդկանց սպանության եւ ԱՄՆ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձի գործով:

 

Մեղադրանքները ներկայացվել են Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում: Եթե Լոֆների մեղքն ապացուցվի, նրան կարող է սպառնալ մահապատիժ, գրում է ВВС-ն:

 

Թե ո՞րն են Գրիֆորդսի նկատմամբ մահափորձի իրական պատճառները, դեռ պարզ չէ: Վարկածներից մեկի համաձայն, մարդասպանը տառապում է հոգեկան անհասարակշռությամբ, մեկ այլ վարկածով` նա հակալիբերալ շեղումներ ունի: Փաստ է նաեւ, որ Ջարեդ Լի Լոֆների տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հակաամրիկյան գրականություն եւ Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գիրքը: