կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 15:13
Քաղաքական

Սասուն Միքայելյանը մեղադրում է երեք նախագահներին

Սասուն Միքայելյանը մեղադրում է երեք նախագահներին

Այսօր կայացավ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամների ասուլիսը: Անդամերից մեկը` Սասուն Միքայելյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեությամբ են ժողովրդին ապացուցելու, որ իրենց պետք է հավատալ: Ըստ Սասուն Միքայելյանի` ինքն իր անցած ուղիով ապացուցել է, որ երբեք չի խաբել ժողովրդին, որովհետև եթե իրեն պաշտոնը հետաքրքրեր, չէր փոխի ԱԺ պատգամավորի աթոռը բանտի հետ: Նա նշեց, որ միշտ հայտնվել է այն հարթակում, ուր ժողովուրդն է` անարդարության դեմ իր պայքարով:

 

«Մենք չենք ասում` եկեք, մեզ հավատացեք: Կհավատա՞ք, հավատացեք: Ես զինվոր եմ, ու եթե գերեզմանի էլ չարժանանամ, իմ ժողովրդից ձեռք չեմ քաշի, պետք լինի` հրապարակում էլ կզոհվեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

 

Նրա խոսքով` այսօր կա նոր ուժի կարիք: Այն ընդդիմությունը, որը որոշ ժամանակ առաջ ցանկացավ կազմավորել իշխանությունը, չհաջողեց: Հիմա կա իրական ու նորմալ ընդդիմության պահանջ:

 

Սասուն Միքայելյանը համարում է, որ այսօր Հայաստանը հասել է օրհասական պահի` 1915-ի իրողությանը: «Մենք իրավունք չունենք լռելու ու սպասելու, թե երբ պիտի այս իշխանությունները գան մեզ ուտեն»,- ասաց նա:

 

Հարցին` չե՞ք մտածում, որ, երեք նախագահներին երկրի կործանման պատճառ համարելով, նրանց կողմից ձեռք կբերեք դավաճանի կարգավիճակ, Սասուն Միքայլեյանը պատասխանեց. «Դավաճանում են ժողովրդին և հայրենիքին, իսկ ես չեմ դավաճանել ո'չ հայրենիքին, ո'չ ժողովրդին»:

 

Նա նշեց, որ, որպես քաղաքական գործիչ, իրեն իրավունք չի վերապահում համեմատվելու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն, պարզվեց, որ հզոր քաղաքական գործիչներն էլ են լուրջ սխալվում: Սասուն Միքայելյանը ափսոսում է ժողովրդի կարծրացած մտածելակերպի համար, թե միայն այդ երեք նախագահները կարող են դառնալ նախագահ, բայց այդ երեք նախագահները երկիրը տարան կործանման: «Պատերազմը հաղթեցին մարդիկ, ոչ թե որևէ նախագահ: Ազգը մեղք չունի, մեղավոր են այդ երեք այրերը, որ երկիրը մասնատեցին»,- ասաց Սասուն Միքայելյանը:

 

Ինչ վերաբերում է ազատամարտիկների պայքարին, նա նշեց, որ այդ պայքարի միջոցը չի ընդունում, որովհետև իրական համախմբում է պետք: Պետք է ձևավորվի կուռ կառույց` ի դեմս ազատամարտիկների, որ հնարավոր լինի երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից: