կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 14:28
Քաղաքական

Սասուն Միքայելյանը նախագահականից «դաբրո» չունի. Փաշինյանն է վստահեցնում

Սասուն Միքայելյանը նախագահականից «դաբրո» չունի. Փաշինյանն է վստահեցնում

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե իրականությանը մո՞տ են Հրազդանում տարածվող այն լուրերը, թե իբր Սասուն Միքայելյանը նախագահականից «դաբրո» ունի:

Փաշինյանը կտրականպես հերքեց: «Բոլոր նրանք, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունությունը կփորձեն ընկալել կամ մեկնաբանել այդ և այդպիսի բառապաշարի տիրույթում, ուրեմն կա\'մ սխալ են ընկալում, կա\'մ սխալ են գնահատում իրավիճակը: Ովքեր այդպիսի կատեգորիաներով են ընկալում իրավիճակը, սխալ են գնահատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ընդհանրապես մեր գործունությունը»,- հայտարարեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ճակատագիր ունեցավ իր նամակը` ուղղված ՀԱԿ-ին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՀԱԿ խմբակցությանը` խնդրելով Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ վստահված անձանց տեղերը տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Այդ տեղերը ՀԱԿ-ին չեն պատկանում, որ նրանք զիջեն: Զիջել կարող է «Ժառանգություն» կուսակցությունը, որ ժեստ անի և զիջի, բայց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը զիջման խնդիր չունի: Սասուն Միքայելյանը ՀԱԿ խմբակցության ցուցակի 13-րդ հորիզոնականում է: Նրա դերն անուրանալի է ՀԱԿ խմբակցության ձևավորման գործում: Դրանք փաստեր են, որոնք վիճարկման ենթակա չեն»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի:

«Կա այսպիսի թյուրըմբռնում` այդ հանձնաժողովի տեղերից ինչո՞ւ պետք է մարդկանց հանենք և Սասուն Միքայելյանի նշանակած թեկնածուներին ներկայացնենք: Այդ հանձնաժողովները ձևավորված չեն, այդ հանձնաժողովների ձևավորման պրոցեսը սկսվել է այս շաբաթ և շարունակվելու է: Սասուն Միքայելյանն ասում է, որ ինքն այդ խմբակցությունը ձևավորած ցուցակի անդամ է և ունի որոշակի ներդրում: Կարծում եմ, որ այդ ներդրումը համարժեք է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում 27 տեղ տրվի»,- ասաց նա:

Դիտարկմանը` ՀԱԿ-ի, Սասուն Միքայելյանի և Ձեր հարաբերությունները փոխվել են, ջրեր են հոսել, և ճի՞շտ է ՀԱԿ-ին այդ հորդորով դիմելը, Փաշինյանն արձագանքեց. «Օրենսդրությունը չի հոսել: Մենք առաջիկայում այդ օրենսդրության հոսքն էլ կտեսնենք: Ես չեմ խոսում հարաբերությունների մասին, ես խոսում եմ օրենսդրությունից բխող դիրքորոշումների մասին»: