կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 13:35
Հասարակություն

10-20 մետրի վրա մի հատ արկ տրաքի, երևի դրանց սրտները ճաքի, մեռնեն. Սասուն Միքայելյանը` ''կջարդենք, կփշրենք'' հայտարարողների մասին

10-20 մետրի վրա մի հատ արկ տրաքի, երևի դրանց սրտները ճաքի, մեռնեն.  Սասուն Միքայելյանը` ''կջարդենք, կփշրենք'' հայտարարողների մասին

«Ես դատապարտված եմ, ես ազգի զինվոր եմ: Եթե իրավիճակը լարվի, ես պատրաստ եմ պատերազմել»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը` անդրադառնալով վերջին օրերին սահմանին տիրող լարվածությանը և նման իրավիճակում պատերազմի վերսկսման հնարավորությանը:

 

«Ես քանի տարի է` գոռում-գոչում եմ, ամեն անգամ ասում եմ, որ մեզ համախմբվածություն է պետք, մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Սաֆարովի օրինակը մեզ պետք է դաս լինի, որ այդ վտանգն ամեն օր կա»,- ասաց նա: Սակայն, ըստ ազատամարտիկի, ազգը հոգով, հավատով և պատրաստակամությամբ պետք է պատրաստ լինի պատեզամին, ինչի հնարավորությունն այսօրվա իշխանությունները չեն թողել. «Էս ժողովրդի մեջ հավատը սպանեցին: Մեր երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեր տարած հաղթանակի հանդեպ անտարբերությունը սպանեց այդ հավատը»:

 

Նրա խոսքով` մեր ազգի ճակատագրական կործանումը կլինի այն, որ մեր իշխանությունները շարունակեն իշխել: Միքայելյանը նաև հայտնեց, որ պատերազմի պարագայում պատրաստ է մի կողմ դնել իր քաղաքական տարաձայնությունները: «Սա իմ հայրենիքի հարցն է, ոչ թե էս խաժամուժեքի»,- նշեց նա:

 

Անդրադառնալով պատերազմի վերսկսվելու հավանականությանը` Միքայելյանը նշեց, որ չի կարծում, թե այժմ նման բան լինի` հաշվի առնելով Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը:

 

Նա նաև հայտնեց, որ զզվանք է տածում այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմի սկսվելու վերաբերյալ վերամբարձ հայտարարություններ են անում: «Ասում են` մենք կջարդենք, կփրշենք, կկոտորենք… Հա, ես էլ եմ հոգով պատրաստ եմ կոտորել, բայց այսօր ազգիդ վիճակը նայիր, այսօրվա իշխանության արածները: Երևի դրանք,  10-20 մետրի վրա մի հատ արկ տրաքի, սիրտները ճաքի, մեռնեն: Ինչ վերաբերում է ինձ, ես միշտ պատրաստ եմ պատերազմին իմ թոռնիկի, մեր ապագա սերնդի համար»: