Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին երեք ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության 193 դեպք, ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է շուրջ 270 միավոր զենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ուշագրավ է, որ, չնայած նման քանակի զինամթերքի առգրավմանը, հանրապետությունում չի նվազել հրազենի գործադրմամբ հանցագործությունների, մասնավորապես` սպանությունների և սպանության փորձերի թիվը, ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է գրանցվել:
Այս կապակցությամբ yerkir.am-ը ՀՀ ոստիկանապետի տեղակալից հետաքրքրվեց` արդյո՞ք այդ աճը ոստիկանության թերացման արդյունք է, թե՞, ոստիկանապետի բնորոշած, սեզոնային բնույթ է կրում՝ պայմանավորված գարնանային սրացումներով:
Ի պատասխան մեր հարցին, Հունան Պողոսյանը նշեց, որ նվազում կլինի, այսինքն` իրենք ցանկալի արդյունք կունենան միայն այն դեպքում, երբ, իրոք, բավարար կանխարգելիչ աշխատանքներ կատարվեն իրավապահ բոլոր մարմինների կողմից, երկիրը կազմված լինի միայն բարձր իրավագիտակցություն ունեցող անձանցից:
«Բայց, ցավոք, այդպես չէ, դեռևս մեր հասարակությունում կան մարդիկ, այսպես կոչված` թափթփուկներ, քրեածին, հանցավոր միջավայրում իրենց հեղինակություն հորջորջածներ, որոնք ունեն իրենց չգրված օրենքները, փորձում են այդ օրենքներն այս կամ այն կերպ տարածել այդ կյանքն ընդունողների վրա և ինքնահաստատվել»,- ասաց նա և հավելեց. «Դրա համար էլ մենք հայտնի ձևերով ու մեթոդներով, օրենքով սահմանված կարգով նրանց կդնենք տեղը»: