Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալության արմատները ձգվում են մինչեւ 2011 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մոտ 4 տարի առաջ ԱԺ արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի խնամուն եւ փեսային՝ Խաժակ եւ Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատեցվող» տարադրամի փոխանակման կետում՝ վերադարձնելու պայմանով: Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյանին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջեւ:
Գոհարիկ Ենոքյանի եղբորորդին կալանավորվել է խարդախության մեղադրանքով եւ այլն: Բայց ՀՀ ոստիկանության քննչական վարչության նախկին պետ, ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը այս գործին ընթացք չի տվել: Եւ միայն վերջերս, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մի շարք գործեր, որոնք նախկինում կարճվել են կամ կասեցվել, հրահանգեց ուղարկել հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննության, պատգամավոր Ենոքյանի փեսան ու խնամին ցուցմունքներ տվեցին Ենոքյանի դեմ՝ հայտնելով, որ նա մտադրություն է ունեցել կազմակերպել Կարո Կարապետյանի սպանությունը, որպեսզի գումարի հարցը փակվի: Նշվում է, որ նույնիսկ 3 ձայնագրություն կա այդ մասին: Իսկ Ենոքյանի փաստաբանը շարունակում է պնդել, որ գործը շինծու է: Պարզվում է, որ Յուվեցի Կարոյի կողմից Գոհարիկ Ենոքյանի տարադրամի փոխանակման կետին գումարը փոխանցվել է Ենոքյանի դստեր ամուսնու՝ Արտակի եւ նրա հոր` Խաժակ Բադալյանի միջոցով: Եւ որոշ ժամանակ անց Կարո Կարապետյանը պահանջել է իր գումարը: Խաժակ եւ Արտակ Բադալյանները հրաժարվել են գումար տալուց` ասելով, թե իրենք գումար չունեն, այն տվել են Գոհարիկ Ենոքյանին, նա էլ հրաժարվում է գումարը հետ վերադարձնել: Լուրեր կան, որ Կարո Կարապետյանն անգամ դիմել է Գոհարիկ Ենոքյանի եղբոր որդուն` Արայիկին՝ նրանից եւս պահանջելով տված գումարը, սակայն հերթական անգամ մերժում է ստացել:
Արայիկ Ենոքյանի եւ Կարո Կարապետյանի հարաբերությունները լարվել են, եւ գործին խառնվել են իրավապահները: Արդյունքում Արայիկ Ենոքյանը խարդախության հոդվածով կալանավորվել է: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով պետք է ավարտված լիներ պատմությունը, սակայն այս կալանավորումից հետո աղմկալի իրադարձությունները շարունակվեցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կարո Կարապետյանը չի դադարել իր գումարը հետ պահանջելուց, հերթական անգամ դիմել է Արտակ եւ Խաժակ Բադալյաններին, վերջնաժամկետ ներկայացրել նրանց: Եւ, ահա, Բադալյաններն էլ նոր թափով սկսված քրեական գործի քննության ընթացքում արդեն իրենց խնամու (Արտակի դեպքում՝ զոքանչի)՝ Գոհարիկ Ենոքյանի դեմ ցուցմունքներ են գրել՝ պատմելով, որ գումարն իրականում Գոհարիկ Ենոքյանը չի վերադարձնում: Արդյունքում Ենոքյանը կալանավորվել է իր դստեր ամուսնու եւ նրա հոր տված ցուցմունքների հիման վրա: Նկատենք, որ այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի, եւ «փողային հարաբերությունների» մասին տարիներ շարունակ տեղյակ են եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Սակայն Ենոքյանի անձը հաշվի առնելով, թերեւս, գործին ընթացք չի տրվել:
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գոհարիկ Ենոքյանի խնամին եւ փեսան հայտնել են, որ Գոհարիկ Ենոքյանը իրենց կանչել է եւ ասել՝ Խաժակ ու Արտակ, դուք հեռացեք երկրից, Կարոյին խփել կտամ, իսկ այդ գումարի պատմությունը կավարտվի: ՀՔԾ-ին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մոտավորապես այս բովանդակությամբ զրույց խնամիների մեջ մեկ անգամ չէ, որ կայացել է, ինչի ձայնագրություններն առկա են քրգործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: