Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռոսնեֆտ» ընկերությունն ուսումնասիրում է հայկական «Նաիրիտ» ընկերության ձեռք բերման թեման, եւ այս կապակցությամբ վերջնական որոշում դեռ ընդունված չէ. այսօր ասաց ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Միխայիլ Պլեշկինը' նշելով, որե ՌԴ էներգետիկայի նախարարությունը չի մասնակցել «Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտի» ձեռք բերման բանակցություններին, այդ բանակցություններն անմիջականորեն ընթացել են ընկերության ու ՀՀ կառավարության միջեւ, եւ ինքը ներկայացնում է իրավիճակը, որքանով որ տեղյակ է:
Միխայիլ Պլեշկինը հայտնեց նաեւ, թե բանակցություններում վերջնական արդյունքի ու պայմանավորվածության հասնելու համար, չասենք խոչընդոտ, բայց անհապաղ լուծում պահանջող հարցերից մեկը «Նաիրիտի» ունեցած պարտքերն են, ընդ որում' բավականին խոշոր պարտքերը, որոնք պետք է լուծել, մինչեւ բուն ձեռքբերման գործընթացներին անցնելը:
«Բայց կրկնում եմ, սա այն թեման է, որն անմիջականորեն ընթանում է «Ռոսնեֆտ» ընկերության ու ՀՀ կառավարության միջեւ, եւ ես մանրամասներին տեղյակ չեմ»,- նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «168 ժամն» իր այսօրվա համարում գրել էր, որ «Ռոսնեֆտը» հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ, սակայն ռուսական կողմը ցանկանում է ձեռք բերել «Նաիրիտը» առանց կուտակված շուրջ 400 մլն դոլար պարտքի, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է համառել եւ ազատվել այդ պարտքը ստանձնելու բեռից:
Թերթի տեղեկություններով՝ այսօր պետք է կայանան վերջնական բանակցությունները, որոնց արդյունքով էլ կորոշվի «Նաիրիտի» ճակատագիրը։ Պատվիրակությունը կայցելի նաև գործարան։ Ամեն դեպքում, մեր աղբյուրների հաղորդմամբ, ռուսները պնդելու են, որ գործարանն իրենց հանձնվի զրոյական պարտքով։