կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 11:47
Քաղաքական

Փոթիի նավահանգիստը, «Ռոսնեֆտը» եւ Հայաստանը. հասունանում է նոր օֆշորային սկանդալ. Armtimes.com

Փոթիի նավահանգիստը, «Ռոսնեֆտը» եւ Հայաստանը. հասունանում է նոր օֆշորային սկանդալ. Armtimes.com

Այս տարվա ապրիլ ամիսը հանրային հիշողության մեջ մնաց ոչ միայն ԼՂ հակամարտության  գոտում վերսկսված պատերազմական գործողություններով, այլեւ Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու փաստով: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

«Պանաման նվաճած» Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) ցանցի լրագրողների հրապարակած Պանամայի փաստաթղթերի տրցակից հանրությունը տեղեկացավ արդարադատության գեներալ-մայորի օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների մասին: Տարբեր երկրների պաշտոնյաների օֆշորային հաշիվների մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը մեծ աղմուկ բարձրացրեցին:

Երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են Պանամայի փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը եւ տվյալների բազաները Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը դեռ շարունակում է ուսումնասիրել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց OCCRP-ի տարածաշրջանային խմբագիր Դեյվ Բլոսսը, ով «Հոդված3» ակումբի նախաձեռնությամբ գտնվում է Հայաստանում: Դեռ կլինեն նոր պատմություններ, խոստանում է նա եւ մեզ հետ զրույցում պատմում Պանամայի փաստաթղթերի բացահայտման որոշ մանրամասներ:

- Պարոն Բլոսս, ինչպե՞ս ստացվեց, որ OCCRP-ի նախագիծը սկսեց ուսումնասիրել Պանամայի փաստաթղթեր անունը կրող աղմկահարույց եւ ծավալուն օֆշորային դոսյեն:

Մի պատմություն կար, որ իբր մի կին, որ աշխատել է օֆշորային գոտիներում գործող իրավաբանական գրասենյակում, այնտեղից դուրս է հանել այդ փաստաթղթերը: Չգիտեմ` որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց երկու փորձառու գերմանացի լրագրողներ սկսեցին այս պատմությունը հետազոտել, սակայն հասկացան, որ ծավալը շատ մեծ է, ուստի բարդ է այն ուսումնասիրել ինքնուրույն: Այնուհետեւ նրանք սկսեցին համագործակցել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ: Սակայն այս կոնսորցիումի կարողություններն էլ բավական չէին այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար: Եվ նրանք սկսեցին կապ հաստատել ողջ աշխարում տարբեր հետաքննող լրագրողների ու լրագրողական կազմակերպությունների հետ: Այս կերպ նրանք գտան OCCRP-ի նախագիծը եւ սկսեցին համագործակցել: Ուստի, ես Վրաստանում, Հայաստանում Քրիստինեն (Աղալարյան) (Հետք-ի թղթակից), Ադրբեջանի մասը եւս ուսումնասիրում էին Վրաստանից, սկսեցինք զբաղվել այդ փաստաթղթերով: Անցած սեպտեմբերին ես գնացի Մյունխեն եւ նրանք ցույց տվեցին, թե ինչպես կարող են այդ փաստաթղթերը դառնալ հասանելի մեզ համար: Պետք էր մուտք ունենալ այդ համակարգ, հատուկ գաղտնաբառեր եւ այլն: Եկա այստեղ եւ «Հետքի» Էդիկ Բաղդասարյանին ու Քրիստինե Աղալարյանին ցույց տվեցի, թե ինչպես դա անել: Այնուհետեւ մենք պարզապես սկսեցինք հերթով բացել եւ նայել այդ փաստաթղթերը: Սկսվեցին դժվարությունները, քանի որ, օրինակ, «Georgia» անունով, որը նաեւ ԱՄՆ նահանգի անուն է, 18 հազար փաստաթուղթ դուրս եկավ: Դրանք անհրաժեշտ էր ֆիլտրել: Շուրջ 4 հազար փաստաթուղթ Հայաստանի մասին էր, մոտ 8 հազար՝ Ադրբեջանի: Դրանք պետք էր բացել եւ ստուգել, արդյոք արժեքավոր տեղեկություններ կան: Հայաստանում գտնվեց Միհրան Պողոսյան անունը, ավելի ճիշտ նրա հետ կապված ընկերությունը եւ գրվեց հայտնի պատմությունը: Վրաստանում մենք գտանք Բիձինա Իվանիշվիլիի անունը, իսկ Ադրբեջանի մասով գրվեց Ալիեւների ընտանիքի հետ կապված պատմությունը:

- Ասացեք խնդրեմ, ի՞նչ արձագանք էիք ակնկալում դուք նյութերը հրապարակելիս: Ինչպե՞ս որոշվեց, թե երբ պետք է հրապարակվեն այդ պատմությունները:

Շուրջ 4-5 ամիս առաջ մենք գիտեինք, թե երբ պետք է հրապարակենք այդ պատմությունները, որ օրը, որ ժամին: Դա արդեն պայմանավորված էր: Դա ապրիլի 3-ն էր, ժամը 10:00-ն: Հենց այդ ժամանակ բոլորն աշխարհում պետք է սկսեին հրապարակել պատրաստված պատմությունները: Ինչպես ասացի` այդ փաստաթղթերում մենք գտանք Իվանիշվիլիին պատկանող ընկերություն: Երբ նա վարչապետ էր Վրաստանում այդ ընկերությունը գրանցելիս չէր տրամադրել իր անձնագրի պատճենը: Պանամայի իրավաբանական գրասենյակը, որը զբաղվում էր գրանցման գործով, նրանից ուզում էր անձնագրի պատճենը: Դա պարտադիր պայման է անգամ Պանամայում: Մոտ երեք ու կես տարի նա չէր տրամադրել իր անձնագրի պատճենը: Նա փոխանցեց այն միայն երեք ու կես տարի հետո: Դա հայտնի է դառնում նամակագրությունից:

Ադրբեջանի հետ կապված բացահայտումներն ուղղակի հաստատեցին մեր կասկածներն առ այն, թե ինչ մասշտաբների է հասնում Ալիեւների ընտանիքի ներգրավվածությունը ոսկու արդյունահանման բիզնեսի մեջ: Պարզեցինք, որ Իլհամ Ալիեւի երկու աղջիկները 2015 թ.-ին ինչ-որ մի ընկերություն են ստեղծել Լոնդոնում անշարժ գույք գնելու համար: Արձագանքների մասով հետաքրքիր էր, որ Հայաստանում տեղի ունեցավ հրաժարական, սակայն ոչ մի, գոնե առերեւույթ հետեւանք չգրանցվեց Վրաստանում կամ Ադրբեջանում: Ութսուն երկրների պաշտոնյաների հետ կապված պատմություններ կային այնտեղ, սակայն շատ քիչ պետություններում տեղի ունեցան հրաժարականներ: Հայաստանը դրանցից մեկն էր: Այժմ մենք աշխատում ենք մի հետաքրքիր պատմության վրա, որը վերաբերում է Փոթիի նավահանգստին: Ո՞ւմ է այն պատկանում, ի՞նչ մասնաբաժիններ կան, ինչպե՞ս են իրականացվում արտահանման եւ ներկրման սխեմաները: Սա վերաբերում է նաեւ Հայաստանին, քանի որ հայկական շատ բեռներ արտահանվում ու ներկրվում են հենց այդ նավահանգստով: Շատ գործեր ու պատմություններ կան ու կլինեն Ադրբեջանի մասով, սակայն դա շատ բարդ եւ դանդաղ գործ է:

 Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում