կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-03 01:19
Տնտեսական

Ուզում են փրկել "Նաիրիտը"

Ուզում են փրկել "Նաիրիտը"

Չորս ամսվա չվճարված աշխատավարձ, ապամոնտաժվող սարքավորումներ, 120-130 միլիոն դոլարի տարբեր պարտավորություններ. սա է մնացել է 71-ամյա երբեմնի հսկայից:

«Նաիրիտ»-ի օրհասական վիճակի մասին մամուլի վերջին հրապարակումները, կարծես, այնքան էլ կառավարության սրտով չեն: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը (ի դեպ, այս նախարարությանն է պատկանում ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը) այսօր կառավարության նիստում ստիպված էր որոշ բացատրություններ տալ, սակայն մինչ այդ նա տեղեկացրեց, որ բաժնետերերի կողմից 2010 թ. «Նաիրիտ»-ի զարգացման նոր ներդրումային ծրագիր է հաստատվել, որը հիմնված է հետճգնաժամային շրջանում ստեղծված մոտեցումների վրա եւ ավելի մեծ ներդրումներ է պահանջում:

Ներկայումս ծրագիրը կյանքի կոչելու համար միջազգային օպերատորի մրցույթ է հայտարարված: Ըստ նախարարի` «Նաիրիտ»-ի հարցի վերջնական լուծման համար անհրաժեշտ է առնվազն 400-500 մլն դոլարի ներդրում:

Այնուհետեւ Ա. Մովսիսյանը հերթով անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին: Մեկնաբանելով այն շշուկները, որ «Նաիրիտ»-ի հիմնական բաժնետերերը ներգրավված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավոր եւ պետական տարբեր կառույցներում, նա նշեց, որ «պետք է հիասթափեցնի բոլորին, քանի որ գործարանի հիմնական բաժնետերերը Հայաստանի թե' մասնավոր, թե' պետական որեւէ ստրուկտուրաներում ներգրավված չեն»:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ «Նաիրիտի» սարքավորումները թալանվում, մոնտաժվում եւ իրացվում են որպես մետաղի ջարդոն, Ա. Մովսիսյանը նշեց, «որ «Նաիրիտ»-ում գոյություն ունեն չորս սերնդի շենք-շինություններ եւ, բնականաբար, շատ սարքավորումներ այլեւս պիտանի չեն` բարոյապես մաշվել են եւ այնքան հին են, որ չի կարելի օգտագործել տեխնոլոգիական գործընթացներում»:

«Եռաստիճան էքսպերտիզա անցնելուց հետո միայն, եթե հնարավորություն է լինում այդ սարքավորումներն իրացնելու, իրացնում ենք»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով աշխատավարձերի պարտքին` նա չհերքեց, որ գործարանում մոտ չորս ամսվա աշխատավարձի պարտք կա, բայց խոստացավ, որ այդ հարցն էլ աստիճանաբար կլուծվի: Բացի այդ, այս տարիների ընթացքում կուտակվել են նաեւ 120-130 միլիոն դոլարի տարբեր պարտավորություններ, ներքին պարտավորությունները կազմում են 20-25 միլիոն դոլար: Բայց նախարարը հուսով է, որ «այն ճանապարհը, որով գնում են, հնարավորություն կտա այս վիճակից ուղղակի փրկել «Նաիրիտը»:

Վերջում էլ հպարտությամբ նշեց, որ ռուսական եւ արտասահմանյան քիմիական խոշոր ընկերությունների տարբեր մասնագիտական խմբեր բարձր են գնահատել գործարանի ինչպես տեխնիկական պոտենցիալը, այնպես էլ մարդկային ռեսուրսները, ինչն էլ իրեն հույս է ներշնչում, որ հնարավոր է «Նաիրիտը» այս իրավիճակից դուրս բերել:

Հետաքրքիր է, ի՞նչն էր ստիպում գործարանը հասցնել այս վիճակին, ու հիմա էլ խոսել ամեն գնով այն փրկելու մասին: