Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 14 հոգանոց կազմով մեկնել է Ալուշտա, որտեղ մինչև հուլիսի 23-ը, ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնի:
«Օգոստոսի 3-5-ը Զագրեբում կայանալիք՝ երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ 2 ուսումնամարզական հավաք ենք կազմակերպել: Առաջինը կանցկացնենք Ալուշտայում, երկրորդը՝ Հայաստանում, հավանաբար՝ Աբովյանում: Ալուշտայում շատ արդյունավետ հավաք ենք ակնկալում, քանի որ այնտեղ են լինելու նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի հավաքականները, ինչպես նաև Ղրիմի ուժեղագույն ըմբիշները»,- մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտնել է Արմեն Բաբալարյանը:
Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրել է նաև, որ աշխարհի երկտասարդական առաջնությանը մասնակցելու է 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը, ով, ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակն անցկացրել է մեծահասակների ընտրանու հետ և բավական հաջող մասնակցել մեծահասակների Եվրոպայի առաջնությանը ու Դորտմունդի հեղինակավոր մրցաշարին:
Ասլանյանից բացի, խորվաթական գորգին իրենց կարողությունները կցուցադրեն Սլավիկ Գալստյանը (50 կգ), Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (55 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), Սարգիս Քոչարյանը (74 կգ), Վարուժան Գրիգորյանը (84 կգ), Կարեն Աբգարյանը (96 կգ), Էդգար Խաչատրյանը (120 կգ):