Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինի այցի կապակցությամբ նախնական տպավորությունն այն է, որ դա ոչ թե պետական այց էր, այլ աշխատանքային. Yerkir.am-ի հետ զրույցում այսօր ասաց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը` անդրադառնալով փաստին, որ Պուտինի այցը Հայաստան սկսվել է ոչ թե Երեւանից, այլ Գյումրիից:
«Ես տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, այդ թվում` նաեւ Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում եմ սովորել, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր, եւ դրանք հեշտությամբ կարելի է նաեւ ինտերնետում գտնել: Ու այն, ինչ ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում, տարբեր զորատեսակների շքերթով, նաեւ մայրաքաղաքում հատուկ ռեզիդենցի հատկացում եւ այլն: Այսինքն' կան որոշակի հատուկ բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որեւէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը:
Նրա դիտարկմամբ' ՌԴ նախագահը չի եկել մայրաքաղաք, նրան դիմավորելիս տեղի չի ունեցել նաեւ հայկական զինուժի շքերթ. առավել եւս` Պուտինը Երեւանում էլ չի ունենալու իր ռեզիդենցը' նստավայրը, այլ պարզապես ժամանելու եւ միանգամից մեկնելու է: Այսինքն` չեն պահպանվել նաեւ պետական այցի ժամանակ դիմավորման այդ չափորոշիչները: Այս ամենից ելնելով` Արա Պապյանը Պուտինի այցը չի գնահատում որպես պետական այց:
«Ես չեմ կարծում, որ, օրինակ, հուշարձանի բացմանը, որ տեղի ունեցավ, նախատեսված չէր Պուտինի ներկայությունը: Ես կարծում եմ, որ Պուտինը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մի փոքր հետաձգեց իր այցը: Ու բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը»,- ընդհանուր պատկերը վերլուծեց Արա Պապյանը:
Մեր հստակեցմանը, թե «Միասնության խաչ» հուշարձանը բացում էր վարչապետը, իսկ նախագահն ուղղակի ներկա էր, Արա Պապյանը շեշտեց` ներկա էր, ուրեմն` վերջացավ. եթե նախագահը ներկա էր, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:
«Եթե Ռուսաստանի տրանսպորտի նախարարն էր բացում, ուրեմն մեր կողմից էլ պետք է Գագիիկ Բեգլարյանը բացեր այդ արձանը: Պետություններն իրավահավասար են' պետությունների միջեւ այդպիսի բան չկա' մեծ, հարուստ, ուժեղ եւ այլն: Նման բաներ չկան: Ի վերջո, մենք էլ ՄԱԿ-ում ունենք մեկ ձայն, ԱՄՆ-ն էլ, Ռուսաստանն էլ: Իրավահավասարության սկզբունքը պետք է պահպանվի: Հատկապես, երբ խոսվում է դարավոր բարեկամության մասին, սա պետք է պահպանվեր: Ես հասկանում եմ, որ Պուտինը կարող էր եւ չգալ, լինում են նման դեպքեր, բայց ինչ կարիք կար, որ մերոնք այդ մակարդակով ներկա լինեին: Թո'ղ Գագիկ Բեգլարյանը գնար ու Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հետ բացեր այդ արձանը, ի՞նչն էր խանգարում, կարո՞ղ է մեր դարավոր բարեկամությունը դրանից պակաս լիներ...»,- նշեց նախկին դիվանագետը: