Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում 29 դիմորդ «Կինոարվեստ» մասնագիտության գծով հարցազրույց-քննություն հանձնեց:
Նախքան դիմորդներին քննասենյակ հրավիրելը ռեկտորը` Արմեն Մազմանյանը, հանձնաժողովին կամացուկ զգուշացրեց` խիստ չլինել. «Ժպիտով, բարի դիմավորում ենք, ճանապարհում ենք»: Բայց դիմորդների պատասխաններն այնքան ապշեցնող էին, որ հանձնաժողովի անդամներն իրենց զայրույթը չէին թաքցնում, մինչեւ անգամ բղավում էին դիմորդներից ոմանց վրա:
Դիմորդ Լիաննա Մաթեւոսյանը քննությունը սկսեց երկրորդ հարցից: Նա հանձնաժողովին զգուշացրեց, որ առաջին` կինոյին վերաբերող հարցերից անտեղյակ է: Թե ինչո՞ւ է խուսափում կինոյին վերաբերող հարցերից, կինոարվեստ մասնագիտություն ընտրած դիմորդ Լիաննան պատասխանեց. «Չեմ հասցրել ֆիլմեր դիտել: Ռեժիսորներին լավ չգիտեմ: Ֆելինիին միայն գիտեմ: Նա նեոռեալիստական ֆիլմեր է նկարել»:
Է. Բաղդասարյանը այլայլված տեղից նետեց. «Ֆելինին նեոռեալիզմի հետ կապ չունի»:
Ա. Մարգարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարդացել Չարենցից կամ ո՞ր բանաստեղծությունն է հիշում տվյալ պահին: «Միայն թե` չասես` «Ես իմ անուշ Հայաստանի»,- հավելեց Ա. Մարգարյանը:
Դիմորդը մինչ կփորձեր հիշել, հանձնաժողովի անդամներից մեկը խնդրեց Լիաննային վերլուծել պոետին: Նրա խոսքով` «Չարենցը շատ ջիգյարով ա գրում, նենց, որ ինձ ստիպում ա կարդալ»: Նա նաև նշեց, որ մեծանուն բանաստեղծն իր մահով չի մահացել, այլ ինքնասպան է եղել: Ապա նաև հավելեց, որ տեղյակ է` Չարենցը մեծ սեր է ունեցել:
Ա. Մազմանյանը չզսպեց զայրութը. «Այնպես, ինչպես դու՛ք գիտեք Չարենց, ո՛չ ոք չգիտի»:
Դիմորդ Հայկազ Իսկանդարյանի կարծիքով` Գ. Սունդուկյանի «Պեպոյի» հեղինակը Հովհաննես Թումանյանն է:
Դիմորդ Ասյա Մաթևոսյանի պատասխանը դուր եկավ հանձնաժողովին: Ա. Մազմանյանը նշեց, որ, ի վերջո, գրագետ խոսք լսեցին: Բայց երբ հերթը հասավ գրականությանն առնչվող հարցերին, Ասյան էլ մյուսների նման տատանվեց: Նրա պնդմամբ` «Պատվի համարը» Գ. Սունդուկյանն է գրել, «Մեծապատիվ մուրացկաններն» էլ` Շիրվանզադեն:
Դիմորդ Արեն Մարգարյանին բաժին էր ընկել «Համլետի» մասին հարցը: Սակայն նա ոչինչ չպատասխանեց «Համլետից»: Հանձնաժողովին համոզեց, որ կարդացել է, բայց սյուժեից մանրամասներ չհիշեց, անգամ այդ հանճարեղ ստեղծագործության ամենահայտնի` «Լինել, թե չլինել» չմտաբերեց:
Է. Բաղդասարյանի հարցին` ո՞րն է «Համլետի» գրավչությունը, որ բոլորը նկարել են ու դեռ կնկարեն, Արենն ասաց. «Դժբախտ մարդ էր Համլետը, իր դժբախտությունը»: