Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ Հայ Առաքելական եկեղեցին 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս գրառումը որակեց որպես կատարյալ անգրագիտություն: Նա ասաց, որ անհասկանալի բան է կատարվում:
«Հարգանք տածելով նրա անձի ու ծառայությունների նկատմամբ` այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. պարոն Բագրատյանը կա'մ փորձում է օրիգինալ երևալ, կա'մ այլևս զբաղված չէ օրենսդրական գործունեությամբ և ուզում է իր անձի շուրջ որոշակի աժիոտաժ լինի, ուստի պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, ապա` Առաքելական եկեղեցուն: Տեսնենք հաջորդը որն է լինելու»,-ասաց Շարմազանովը, ապա հավելեց, որ ամեն դեպքում երևույթը տգեղ է, բացի տգեղից, ըստ նրա, պրոֆեսիոնալ չէ, անգրագետ է:
Շարմազանովի խոսքով՝ եթե նա տնտեսական նյութի մասին խոսեր, ապա ինքը չէր անդրադառնա: Նա պատմական փաստարկներ բերեց, թե ինչու է սխալվում Բագրատյանը: Ըստ ԱԺ փոխխոսնակի` մենք առաջին դարում էլ ենք պետություն կորցրել, այդ ժամանակ եկեղեցի չենք ունեցել, իսկ 5-րդ դարում, եթե ամեն ինչ արվել է, որ պետությունը պահպանվի, ապա միակ մարդը եղել է Սահակ Պարթև կաթողիկոսը և եկեղեցին: Շարմազանովը նաև հերքեց 1045 թվականին եկեղեցու պատճառով պետականություն կորցնելու` Բագրատյանի ասածները:
«Ասում է` 428-652 թթ., որևէ արտաքին սպառնալիք չունենալով, մենք պետություն ենք կորցրել: Սա կատարյալ անգրագիտություն է: Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 521 թվականին` Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Եթե չգիտի, ապա ասում եմ, և եթե կարծում է, թե Պրասկաստանն ու Բյուզանդիան չեն եղել հզոր ուժեր, ապա սխալվում է»,- նշեց Շարմազանովը:
Ըստ նրա` եթե Բագրատյանը նպատակ ունի սեպ խրել եկեղեցու և պետության մեջ, ապա դա չի ստացվի, քանի որ եկեղեցին կապ չունի մեր պետության կործանման հետ:
«Ես այստեղ միտում եմ տեսնում: Պարոն Բագրատյանին` մեկ խորհուրդ` լավ տնտեսագետ եք, զբաղվեք տնտեսագիտությամբ, պատմաբանների գործը թողեք պատմաբաններին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Լրագրողները նրանից հետաքրքվեցին` արդյո՞ք ճիշտ է փոքր Հաայստանում այսքան եկեղեցի կառուցելը: Շարմազանովն արձագանքեց. «Այո, կողմ եմ, որ Հայաստանում այսքան եկեղեցի կառուցվի, որովհետև եկեղեցին միակ տեղն է, որտեղ մարդ մտնում է դրական էներգիայով, ստանում է դրական էներգիա: Միակ ճշգրիտ ներդրումը եկեղեցի կառուցելն է, թող բոլորն էլ կառուցեն»: