կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-28 13:38
Հասարակություն

Հաստատվեց ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու նոր կարգը

Հաստատվեց ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու նոր կարգը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ/կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու մասին կարգը:

 

Ըստ կարգի' պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում մրցութային հիմունքով տրամադրում է'

 

1) առաջին կիսամյակում՝ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար ուսման վարձի փոխհատուցման տեղում, ընունելության կարգով միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողին, հաջորդ կիսամյակից' նախորդ ուսումնական կիսամյակի առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ մրցութային հիմունքով, փոխատեղման արդյունքում:

 

2) Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություն ընդունելության կարգով սահմանված մրցույթային հիմունքով, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացված նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման տեղում ընդունված ուսանողին:

 

3) Ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված և ՀՀ օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին'

ա. առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձանց,որոնց վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով,

բ. 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ' անկախ ստացվող նպաստից կամ թոշակից,

գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (զորացրվելուց հետո' երեք տարվա ընթացքում) դիմորդներից ամենաբարձր միավոր ունեցող:

 

4) պետության համար առաջնահերթություն եւ կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

 

5) ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, ուսումնական հաստատություն ընդունված, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին եւ այլն:

 

«Նախորդ կարգի համեմատությամբ` ընդամենը ավելացվել է լրացուցիչ եւս մեկ սոցիալական խումբ, դա սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողների ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ  փոխհատուցման տրամադրումն է»,- ներկայացրեց ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն, իր հերթին, նշեց, որ սա կարեւորագույն որոշում է, որովհետեւ աղքատության հաղթահարման կարեւորագույն ձեւը կրթության հասանելիությունն է: «Եվ այն, որ մենք հիմա նաեւ 2014 թվականի բյուջեով հատկացնում ենք գումարներ, որպեսզի սոցիալական խոցելի խավերի երեխաները կարողանան ստանալ կրթություն, կրթությունը նրանց համար լինի հասանելի, սա կարեւորագույն պետական միջոցառում է, լուրջ քաղաքական բովանդակություն ունի այս հարցը, եւ պետք է այդ համայնքների բնակիչներն իմանան դրա մասին»,- նշեց վարչապետը: