կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 14:03
Քաղաքական

Հասկացեք ինձ, չեմ կարող. ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի արձագանքը Yerkir.am-ի հարցին

Հասկացեք ինձ, չեմ կարող. ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի արձագանքը Yerkir.am-ի հարցին

Ուկրաինայի կառավարության` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշման վերաբերյալ հիմնական տեսակետն այն է, որ Ուկրաինան կոտրվեց Կրեմլի ճնշումից: Yerkir. am-ն արդեն մի քանի օր է` փորձում է առաջին ձեռքից պարզել ռուսական կողմի դիրքորոշումը այս մեկնաբանությունների վերաբերյալ: Հատկանշանական է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վերոհիշյալ հայտարարությունից եւ ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրական կոչերից հետո շտապեց հայտարարել, որ հենց ԵՄ-ն է ճնշում Ուկրաինային` նույնիսկ սպառնալով երկրում բողոքի ակցիաներ հրահրել:

 

Ուշագրավ է, որ, չնայած Պուտինի` երկրի առաջին դեմքի, նման հայտարարությանը, Ռուսաստանի ԱԳՆ-ն չի ցանկանում հարցի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնել:

 

Մասնավորապես` մեր թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ` որպես Յուրի Բորիսովիչ ներկայացած անձնավորությունը հրաժարվեց մեկնաբանել Ուկրաինայի ղեկավարության որոշումը, այդ կապակցությամբ երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները, դրանց հնարավոր հետեւանքները` ասելով. «Ես Ձեզ խորհուրդ կտամ այդ հարցով դիմել Ուկրաինայի ԱԳՆ-ին կամ այլ իրավասու մարմինների: Մենք հո չենք կարող մեկնաբանել Ուկրաինայի սուվերեն ընտրությունը, ինչպիսին էլ որ այն լինի»:

 

Մեր դիտարկմանը, որ հարցի վերաբերյալ հետաքրքիր է նաեւ ՌԴ-ի դիրքորոշումը, ի վերջո, ՌԴ-ին են մեղադրում  ճնշումներ գործադրելու մեջ, ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ասաց. «Մենք քաղաքական գերատեսչություն ենք, մենք քաղաքագետ չենք, փորձագետ չենք և չենք մեկնաբանում նման որոշումներ: Մեր ամեն խոսքը քաղաքականություն է, հասկացեք ինձ, ես չեմ կարող որեւէ բան ասել»: