կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 21:07
Տնտեսական

Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք. վարչապետ

Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ քննարկել է դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետին զեկուցվել է վերոնշյալ ծրագրերի ուսումնասիրության և օժանդակության տրամադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. նշվել է, որ վարկավորման գործընթացն սկսվել է, ծրագրերի մեծ մասի համար վարկերն արդեն տրամադրման փուլում են: Կարեն Կարապետյանը հանդիպման մասնակից գործարարներից հետաքրքրվել է պատկան գերատեսչությունների հետ ներդրումային ծրագրերի հետագա ընթացքի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Ի պատասխան գործարարները գոհունակություն են հայտնել համատեղ աշխատանքից՝ նշելով, որ ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերվել առաջարկվող գործիքակազմի և համաֆինանսավորման պայմանների վերաբերյալ: 
«Մարզերից ներկայացվող ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման հիմնական բեռն ընկնում է պետության վրա, բայց մեզ պետք է, որ բիզնեսմենն իր վրա վերցնի բեռի 60, 70, 80 տոկոսը, և եթե 20, 30 տոկոսն է պակասում, մենք համեմատաբար փոքր գումարներով փորձենք աշխուժացնել: Մենք ուզում ենք, որ դուք զարգանաք, հաջողակ լինեք, բայց մեր շահն էլ հասկացեք, ես այս բիզնեսի մեջ ուզում եմ ձեզ օգնել, որպեսզի վաղը, մյուս օրը եթե կարողանաք մակրոէֆեկտ տալ, շարունակենք», - ասել է վարչապետը:

Ներկայացված ներդրումային ծրագրերը հետևյալն են՝ Լոռու մարզի Ամրակից համայնքում ֆերմերային տնտեսության և Վանաձոր քաղաքում «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում շինշիլաբուծական տոհմային տնտեսության ընդլայնում և Վարդենիսի պանրի գործարանի զարգացում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Խելացի տուն համակարգի արտադրություն» և «Բասեն» հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում, Արարատի մարզի Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնում և թափոնների վերամշակման հոսքագծի կառուցում, Արագածոտնի մարզի «Ոսկեվազ» գինու գործարանի և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում, Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից ու մշակումից պատրաստվող իրերի արտադրության և Սաղմոսավան համայնքում «Էկոմյունիթի» էկոթաղամասի հիմնում: