կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 17:18
Առանց Կատեգորիա

Ես կռիվ տվող տղերքից եմ, դրա համար էլ մնացել եմ. Միքայել Պողոսյան

Ես կռիվ տվող տղերքից եմ, դրա համար էլ մնացել եմ. Միքայել Պողոսյան

Ասում են` կար մի ժամանակ, երբ քայլում էիր Աբովյան փողոցով, մեր մեծերին էիր տեսնում Աբովյանով զբոսնելիս: Ասում են` կարող էիր նստել ու նրանց հետ զրուցել, նրանց խոսքը լսել, մտահոգություններով կիսվել: Ասում են` էն ժամանակ իմ կամ քո մտահոգություն չկար` նույն խնդիրն էր բոլորին հուզում… Հիմա մեծերն այլեւս չեն զբոսնում, նրանք միշտ շտապում են, քանի որ միայն իրենք են մնացել` ընդհանուրի մասին մտածող, շտապում են` ընդհանուրին ընդառաջ: Դերասան Միքայել Պողոսյանն էլ շտապում է ու շտապում, սակայն մեկ բաժակ սուրճ խմել ու մի կես բերան զրուցել միշտ էլ հնարավոր է:

 

-Թվում է` գնալով ավելի էգոիստ ենք դառնում, «ես»«մենք» դարձնելու խնդիր ունե՞նք, թե` «ես» ու «մենք» չկա:

-Էքստրեմալ վիճակներում մարդը միշտ փակվում է: Ես այդ ամենը նկատում էի 90-ականներին, երբ առաջին անգամ ԱՄՆ-ում հայտնվեցի: Գաղթած հայերն այդ նույն վիճակում էին. յուրաքանչյուրը փորձում էր այդ էքստրեմալ վիճակում կայանալ, իր «ես»-ով զբաղվել: Այսօր մենք, ցավոք, կորցրել ենք «մենք»-ի հասկացությունը, մանավանդ` Երեւանում, որտեղ կար չգրված օրենք` բացի քո «ես»-ից, կողքինին տեսնելու միտում կար, իր բակի, քաղաքի խնդիրները տեսնելու ու էդ խնդիրներով ապրելու ջիղ: Հասկանում ես` դա սերմացած էր մեր մեջ, մեր վարքի, կենսագրության անբաժանելի մասն էր: Երեւանցու մեջ դա գենետիկորեն անցած մի կտակ էր` ավագ սերնդից մեզ փոխանցված, որ դա մերն է, իմը: Մենք գիտեինք, որ քաղաքը պետք է մաքուր լինի, այն հոգեվարքի մեջ չպետք է ընկնի, ոնց որ հիմա է տեղի ունենում: Շեղված են բոլոր կանոնները` կարեւորի, իսկականի, գեղեցիկի: Այսօր ոչ թե գեղեցիկը պիտի փրկի աշխարհը, այլ մենք պետք է փրկենք գեղեցիկը: Այսօր վտանգված է «գեղեցիկ» հասկացությունը, վտանգված է, քանի որ մեր չափանիշները, միտումները, տագնապը մեզ տանում են դեպի կործանում, առաջին հերթին` դեպի բարոյական կործանում: Այ, սա է պետք փրկել:

 

-Այսինքն` մի տեսակ անպատասխանատո՞ւ ենք դարձել, սովորել ենք մեղքը գցել ուրիշի վրա, քան սեփական մեղքն ընդունել:

-Այո: Էդ ամենացավոտ արատն է մեր բազմաթիվ արատների մեջ: Մենք, իրոք, յուրաքանչյուրս մեզնից հեռացնում ենք պարտավորություններ, մեղքը բարդում ենք դիմացինի վրա, մատնացույց ենք անում շրջապատում միայն վատը, միտումնավոր չենք կարողանում տեսնել լավը: Դրա արդյունքում կորցրել ենք բավականին կարեւոր բաներ, որոնք չգիտեմ` ինչպես ենք հետ բերելու: Բավական ծանր, դժվարին վիճակում ենք գտնվում: Հատկապես այսօր իրավունք չունենք /արվեստի մարդիկ/ խոսել փողոցի լեզվով, այս իրականությունը մենք պետք է բուժենք: Բոլորս էլ տեսնում ենք այդ թերությունները, բայց այնպես չէ, որ դրանք էկրանից կամ բեմից թափվել են հանդիսատեսի գլխին: Արվեստագետի կոչումը հենց նրանում է, որ նա պետք է տեսնի լավը, դրականը, պետք է կարողանա ինչ-որ կերպ, ինչ-որ բանալիով բացել այն դռները, որտեղ կա մեր երեւակայությունը, մեր ցանկությունները, մեր ֆանտազիան: Պետք է խոսել սիրո մասին, բուժիչ սիրո մասին, այլ ոչ թե այս տագնապային վիճակում մի բան էլ քո դարդ ու ցավը բերել-թափել հանդիսատեսի գլխին: Իսկ այսօր կա'մ մեր դարդն ենք լացում թատրոնում, կա'մ էլ էժանագին ծիծաղի միջոցով փորձում մարդկանց շեղել իրենց դարդ ու ցավից: Այս ամենը մեզ դրդում է շատ անկանխագիտակցված քայլերի: Հնարավոր չէ մտածել, թե ուր է տանում այս ամենը: Մենք կորցնում ենք ամենակարեւոր բաները, հայի տեսակը կամաց-կամաց վերածվում է մի ուրիշ երեւույթի, որի մասին հոգ են տանում ուրիշները, այսինքն` փոխում են մեր կենսակերպը, գենետիկան: Միտումնավոր` չար ուժերի միջոցով, փորձում են հեռուստատեսությամբ, մշակույթի միջոցով հային կերպարանափոխել:

 

-Կորցրել ենք ամենակարեւորը. ի՞նչն է այս պահին ամենակարեւորը մեզ համար:

-Կարեւոր է, որ այսօր յուրաքանչյուրը կարողանա մի գիտակցության գալ, որ միայն ինքը կարող է ինչ-որ բան փոխել` իր չափով: Ինքը, մեկը պետք է հավատքի գա, կարողանա այս ահ ու բոհի մեջ չկորցնել մարդ տեսակի արժանապատվությունը, հատկապես` հայը, քանի որ հային տրված է այդ հոգեւոր պատկանելությունը, ի վերուստ իրերի խորքը տեսնելու հնարավորություն, ուղղակի ամեն մեկը չէ, որ կարողանում է դա իր մեջ տեսնել: Պետք է այն գիտակցության բերենք քաղաքացիներին, որ արթնացնեն իրենց մեջ եղածն ու տեր կանգնեն դրան: Հասկանում ես` ամեն մեկս փախչում ենք մեզնից, փախչում ենք մեր պարտքից: Միայն այն փաստը, որ արարվել ենք, ուրեմն ինչ-որ մի բան պետք է անենք, ուղղակի յուրաքանչյուրն իր անելիքը տարբեր է տեսնում, բայց կա մի կետ, որ բոլորս մեկ պետք է լինենք: Անպայման չի` մեծանաս, հասուն մարդ դառնաս, որ նոր սկսես վերեւ նայել: Իսկ նրանք, ովքեր տեսնում են էս ամենը, պետք է կարողանան ճիշտ մեկնաբանել եւ ուղղություն ցույց տալ մյուսներին, ինչի համար մթնոլորտ է պետք, որ խոսքը տեղ հասնի, իսկ էդ մթնոլորտ ստեղծողները… Ամեն ինչ շաղկապված է, ամեն ինչ գալիս է ամեն մեկիցս` թե ինչքանով ես դու ազնիվ քո առջեւ, քո ազգի ու քո սկզբունքների առջեւ, ինչքանով ես կարողանում կռիվ տալ այդ ամենի համար:


-Մարդիկ շա՞տ են փոխվել, ժամանա՞կն է մարդկանց փոխում, թե՞ հակառակը:

-Դե, իհարկե, մարդիկ են փոխվում, որ ժամանակը փոխվում է: Հասկանում ես` մարդիկ են բոլոր ճաշ եփողները, հեղինակներն այն ամենի: Խնդիրը ոչ միայն ՀՀ-ում է, այլ, ընդհանրապես, մարդն ամբողջ երկրագնդում կորցրել է իր արժանապատվությունը, սկզբունքները: Չարի ու բարու բալանսն է խախտվել: Դա է պատճառը, որ այս արհավիրքները, ցունամիները, բնական աղետներն ավելացել են: Մարդկանց ուզում են վերեւից խելքի բերել, զգուշացնել. Սոդոմ-Գոմորի շեմին ենք կանգնած:

 

-Ձեզ գնահատված զգո՞ւմ եք, արվեստագետի տեսակը գնահատվա՞ծ է մեզ մոտ:

-Գիտես, երբ քայլում եմ փողոցում ու տեսնում անծանոթ մեկն ինչ ժպտում-բարեւում է, հասկանում եմ, որ դա այն է, ինչ ես ուզում եմ, դա իմ գնահատականն է: Ամենակարեւորը դա է: Ես այնքան շոյված եմ ինձ զգում, երբ անծանոթ մեկն ինձ բարեւ է տալիս, եւ ես գիտեմ, թե այդ բարեւի տակ ինչ կա: Կարող է կոպիտ հնչել, բայց ամեն օր հեռուստատեսությամբ երեւացող «մեծ» դեմքերին էլ են ճանաչում, բարեւում, բայց ես ինձ հասնող բարեւի մեջ տեսնում եմ այն ամբողջ խորհուրդը, այն ամբողջ ճանապարհը, որ ես անցել եմ ու փորձել անել այն, ինչ արել եմ: Բարեւի մեջ կա այդ գնահատականը:

 

-Ձեզ երբեք այդքան ընկճված ու հիասթափված չէի տեսել, երբ որոշվեց, որ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կալանքն է լինելու: Անգամ ասացիք` եթե չփոխվի այդ խափանման միջոցը, իմ` այստեղ մնալն ու արարելն անիմաստ կլինի: Պահի ազդեցության տա՞կ էր այս հայտարարությունը:

-Այո, պահի ազդեցությունն էր, վրդովված էի քննիչի բառներից, թե` «դեռասան ես, մեյմունություն ես անում», քանի որ քննիչի վերաբերմունքը ցույց էր տալիս, թե ինչպես են վերեւներում ընդունում արվեստագետներին: Երբեւէ ոչ մեկի մտքով թող չանցնի, թե ես իմ երկիրը կլքեմ: Ես կռիվ տվող տղերքից եմ, դրա համար էլ մնացել եմ: Ես չեմ ուզում վեր կենալ ու քարոզներ անել, ես իմ գործով եմ իմ սկզբունքներն արտահայտում, բայց ամեն ինչին չափ ու սահման կա, պետք լինի` քարոզ էլ կկարդանք: Ինչ վերաբերում է Վարդանին, առաջին հերթին կուզեի ասել` ուզում եմ` Վարդանն առողջանա, ես հավատում եմ` այն քարոզը, որ ինքն ամբողջ կյանքում արել է բեմից, շարունակություն կունենա իր պահվածքում, եւ նա հանկարծ սխալներ չի անի, որ Վարդան Պետրոսյան անունը ինձ համար դառնա ոչ հարգանքի արժանի: Թող Վարդանն առողջանա, սակայն մեղքը կա, եւ ինքը պետք է պատասխան տա դրա համար:

 

-Թատրոնը ի՞նչ կարող է փոխել մեր միջավայրում:

-Թատրոնը մարդն է, իսկ մենք շատ բան կարող ենք փոխել: Պետք է խոսել սիրո մասին` պարզ, հասարակ, մարդկային լեզվով, պետք է հանդիսատեսին ջերմացնել, ինչը շատ լուրջ, կարեւոր, դժվարին խնդիր է: Հանդիսատեսին պետք է ջերմացնել ոչ թե խուտուտ տալով, ինչպես հաճախ պատահում է` տեսնում ես` դահլիճները լեփ-լեցուն, ծիծաղում են, դուրս գալիս, իսկ ներկայացումից մնում են մի քանի ֆրազներ, որ հետո սկսում են շահարկվել սրա-նրա բերանում` գիտակցաբար, թե անգիտակից: Սա կլոունադայի տարրերով մի ճանապարհ է հիշեցնում: Ես չեմ ասում, որ այս ամենը չպետք է լինի, բայց սրա կողքին պետք է լինեն ավելի մեծ մոտեցումներ, ավելի լուրջ գործեր` անկախ ժանրից, խոսքն ասելիքի մասին է: Ես շարունակում եմ գնալ իմ ընտրած ճանապարհներով եւ այս ընթացքում հանդիպում եմ մարդկանց, որոնց հետ ուզում եմ աշխատել եւ որոնք որոշել են ապրել եւ ստեղծագործել Հայաստանում ու անտարբեր չեն մեր իրականության հանդեպ: Ամեն մեկս մեր գույնն ենք տալիս մեր թատրոնին, քաղաքին ու էս կյանքին:

 

-Ասացիք` յուրաքանչյուր արվեստագետ ինչ-որ գույն է ներդնում մեր քաղաքի խճանկարում, որտեղի՞ց եք այդ գույնը ձեռք բերում:

-Մեկ բանաձեւ կա` դու ապրում ես քո իրականության մեջ եւ կարողանում տեսնել, քո էմոցիոնալ հիշողության մեջ պաշար հավաքել, նույնիսկ, կոպիտ ասած, երբեմն այդ գույները գողանում ես: Հետո դա, անցկացնելով քո միջով, զգայարաններիդ, կենսագրությանդ միջով, փորձում ես վերարտադրել եւ վերադարձնել արդեն քո տեսանկյունից, եւ եթե ազնիվ ես դա անում, տեղ է հասնում եւ դառնում խոսք` բոլորի անունից: Սակայն երբեմն դա դառնում է զուտ անձնական բարդույթների արտահայտում, փոքր հորիզոն ունեցող պոռթկում, որը, որպես օրենք, տեղ չի հասնում, եւ դու չես էլ հասկանում` ո՞ւմ համար է այդ ամենը: Ամենաչսիրածս բանը, երբ ստեղծագործողն, իրոք, հնարավորություն ունի ստեղծագործելու, բայց գործը հանկարծ դառնում է անձնական բարդույթների կծիկ ու գրավում հանդիսատեսին: Մենք պետք է մի քիչ առաքելություններ մեզ վրա վերցնենք, մենք այն տարիքում ենք, որ իրավունք չունենք մեզ թույլ տալ անել բաներ, որոնք արդեն անհետաքրքիր են, տեղ չեն հասնում: Վերջիվերջո, տարիքդ էլ պարտավորեցնում է քեզ` թիկունք կանգնել կարեւոր դեպքերին:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ