Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գորիս-Բերձոր ճանապարհին հարող Աղավնո գյուղն այժմ մտնում է եռակողմ հայտարարությամբ ստեղծված Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքի մեջ: Մինչև վերջին պատերազմը գյուղում ապրող շուրջ 60 ընտանիքներից վերադարձել են մոտ 20-ը` չհաշված առանձին անհատներին:
Ավելի քան 28 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին, Լաչին-Բերձորի ազատագրման այդ բախտորոշ օրը ազատագրվեց նաև Զաբուղ գյուղը, որը հետագայում կոչվեց Հագարի գետի աջակողմյան վտակի անվամբ՝ Աղավնո: Մայիսի 18-ի պատմական օրը հենց Զաբուղ-Աղավնոյում են հանդիպել և իրար շնորհավորել Արցախում ու Սյունիքի դիրքերում մարտնչող հայ ջոկատայինները: Պատահական չէ, որ այն համարվել է Արցախի դարպասը, որը 28 և ավելի տարիներ վտանգված չէր...
Գյուղի զարգացման գործում իր անխախտ ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների զարգացման նպատակով 2009 թ. ստեղծված և աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրավման միջոցով այդ շրջաններում ազգանվեր ծրագրեր իրականացրած «ԱՐԻ» («ARI»՝ «Արցախ ռուց ինվեսթմընց» (Artsakh Roots Investment)) ներդրումային ընկերությունը:
Վերաբնակեցման գոտու զարգացման շրջանակներում, Արցախի կառավարության և «ARI» ընկերության համաֆինանսավորմամբ, Աղավնոյում 2013 թվականին կյանքի կոչվեց բնակարանաշինության աննախադեպ ծրագիրը, որի արդյունքում Աղավնոն իր գրավչությամբ դարձավ Արցախի առաջավոր բնակավայրերից մեկը:
Թեև գյուղը պաշտոնապես կոչվում է Աղավնո, գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ «ԱՐԻ» ընկերությունը նպատակ էր դրել գյուղը վերածել քաղաքատիպ ավանի, ինչից ելնելով էլ՝ Աղավնոն ստացել է իր երկրորդ անունը՝ Արիավան: Լուսանկարը՝ Արցախի Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթի պաշտոնական էջից:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բենիամին Պչաքճյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ «ԱՐԻ» -ի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպում-ընդունելությանը և «Արցախ 2028» խորհրդաժողովի մեկնարկին (2018 թ. մարտի 21, Լիբանան): Լուսանկարը՝ «Արի»-ի պաշտոնական էջից:
Չնայած գյուղից դուրս գալու մասին ռուսական հորդորներին և ադրբեջանական ոտնձգություններին, իսկ վերջին շրջանում նաև Սյունիքի իշխանական առանձին շրջանակների թալանչիական վարքագծին՝ Աղավնոն գյուղապետի հերոսական կեցվածքի շնորհիվ դեռևս շարունակում է դիմադրել, իսկ բնակիչները, թեև ոչ ինտենսիվորեն, այդուհանդերձ, վերադառնում են:
Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը
Գյուղի ինքնապաշտպանության շտաբի վերածված գյուղապետարանի բակում Անդրանիկ Չավուշյանը դիմավորում է հյուրերին և ներկայացնում գյուղում առկա իրադրությունը, ինչպես հուսադրող, այնպես էլ մտահոգիչ մի շարք իրողություններ
Աղավնոյի դպրոցը, դիմացը՝ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի մեքենան՝ ՀՅԴ զինանշանով
Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ու դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը մի շարք հրատապ հարցերի թվում փորձում են լուծում տալ նաև դպրոցի առջև ծառացած խնդիրներին: Շուրջ 50 աշակերտ ունեցող դպրոցում վերաբացման այս օրերին սովորում է շուրջ 15-17 աշակերտ: Կախված անվտանգության ապահովումից ու գյուղի կարգավիճակի հստակեցումից՝ բնակիչները պատրաստ են վերադառնալ և վերստին շենացնել ռազմավարական նշանակություն ունեցող Աղավնոն:
Դպրոցում ամենուր ազգային շունչն է
Աղավնոյի դպրոցում և՛ հին, և՛ նոր Շուշին հայկական է, հայապատկան և մեծագույն արժեք
Աղավնո գյուղը անթեղել է Արցախի պետականության արմատները, որտեղից ևս հորդալու է հայոց ազատատենչ ոգին
Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի ամբողջական ֆոտոռեպորտաժն Աղավնոյի դպրոցից և գյուղապետարանից։
Վահե Սարգսյան