կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 12:50
Հասարակություն

Աղմուկ են բարձրացնում ընդամենը 50 դրամի շուրջ. Մարտին Վարդազարյան

Աղմուկ են բարձրացնում ընդամենը 50 դրամի շուրջ. Մարտին Վարդազարյան

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը համարում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը արհեստականորեն շատ է սրվել:

 

«Ի՞նչ է` մարդիկ ձու, պանիր, միս չե՞ն ուտում և ընդամենը 50 դրամի շուրջ այսպիսի աղմուկ են բարձրացնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Ըստ Վարդազարյանի` այն մարդիկ, ովքեր հիմա այդ հարցն անընդհատ բարձրացնում են, ժամանակին լռել են ու հիմա էլ լռում են այլ ապրանքների թանկացումների ժամանակ:

 

Ըստ կոմպոզիտորի` մսի գինը 3 անգամ է բարձրացել, պանրի գինը` 2 անգամ, կաթի ու ձվի գները կրկնակի աճել են, իսկ տրանսպորտի 100 դրամ սակագինը միակ սակագինն է, որը չի փոփոխվել 1994 թվականից հետո, այն դեպքում, երբ ծախսերը հենց նույն բնագավառում ավելացել են: Նա հորդորում է, որ այս հարցին քաղաքացիները մոտենան ոչ թե աղմուկով, հակադրությամբ ու հարաբերությունները սրելով, այլ փոխըմբռնումով: Երևանի ավագանու անդամը նշեց, որ ստեղծված բարդ վիճակում հարկավոր է ուղիներ գտնել տրանսպորտի որակը բարելավելու համար:

 

Դիտարկմանը, թե` իր կարծիքով` ի վիճակի՞ են,  արդյոք, քաղաքացիները վճարել 150 դրամ, Մարտին Վարդազարյանը ճշտող հարց ուղղեց. «Դուք հաստատելո՞վ եք ասում, որ քաղաքացիները գումար չունեն, դա նշանակում է ընդանրապես չունե՞ն, թե՞ համապատասխան չունեն»: Վարդազարյանը համարում է, որ պետք է գտնվի ճանապարհ, որ անապահով խավի ներկայացուցիչները, ուսանողները, թոշակառուները, կարիքավորները, ովքեր այդ 50 դրամի կարիքն ունեն, կարողանան երթևեկել: Սակայն, որպես Երևանի ավագանու անդամ` նա այդ ցանկությունները ներկայացրել է ոչ թե առաջարկության տեսքով, այլ խոսակցությունների ու մտքերի փոխանակման ժամանակ:

 

Վարդազարյանը վերապահումով է մոտենում ամիսներ առաջ սկսված «Չենք վճարելու 100 դրամ» ակցիային: «Ես իմ աչքի տեսածն եմ պատմում` որ կոնսերվատորիայի դիմաց կանգնած էին մի խումբ` 100 դրամի ակցիան անող երեխաներ, նրանց մոտեցավ մի ջիպ, մեկը դուրս եկավ ու ասաց. «Դե հերիք ա, հիմա իջեք մի աստանովկա ներքև...»: Դա դուք անվանում եք ինքնաբուխ շարժո՞ւմ»:

 

Մեր հարցին` արդյո՞ք ժողովրդի վիճակը չի բարդանում հերթական անգամ, Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Գիտեք, ժողովուրդ հասկացության ներքո հաճախ կատարվում են շատ ավելի տհաճ գործողություններ, բայց դա ուրիշ խոսակցություն է»: