կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-06 17:25
Հասարակություն

Պետք է կողմնորոշվել մարդու` կարիք ունենալով, ոչ թե` ով լինելով. Մարտին Վարդազարյան

Պետք է կողմնորոշվել մարդու` կարիք ունենալով, ոչ թե` ով լինելով. Մարտին Վարդազարյան

Տեղեկացրել էինք, որ քաղաքապետարանը բնակարան կնվիրի հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին:

Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր, Երևանի ավագանու անդամ Մարդին Վարդազարյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, որ անհատույց կերպով բնակարաններ են քաղաքապետարանի կողմից նվիրվում:

«Կարծում եմ` ողջունելի նախաձեռնություն է` անկախ նրանից` ում համար է արվում, չնայած արվեստագետների համար կրկնակի հաճելի կլինի: Վաղը մենք դա պետք է հանձնաժողովով հաստատենք, հետո նոր ավագանու նիստ կմտնի հարցը: Սա կարելի է միայն ողջունել, և հուսանք, որ այն ոչ միայն շարունակական բնույթ կկրի, այլ նաև կընդլայնվի»,- ասաց մաեստրոն:

Ըստ նրա` մի քանի չափանիշներով է որոշվում, թե ում պետք է նման բախտ վիճակվի, և դա արվում է ոչ թե հանձնաժողովի, այլ համապատասխան բաժնի կողմից, որտեղ, Վարդազարյանի հավաստմամբ, գալիս են շատ ու շատ հայտեր: «Հայտերը ներկայացված են լինում թե՛ անձնական նամակների, թե՛ կազմակերպությունների կողմից: Դրանք նախ ստուգվում են, հետո արդեն առաջնահերթություն է տրվում այս կամ այն հայտին: Բոլորը գտնվում են ուշադրության կենտրոնում, ուղղակի հնարավորությունների և ցանկությունների սահմանները միշտ չէ, որ համընկնում են: Չեմ թաքցնում, որ կողմ կքվեարկեմ»,- ասաց նա:

Հարցին, թե սոցցանցերում խոսակցությունների տեղիք է տվել այն, որ բնակարաններից մեկն էլ Զառա Արամյանին է բաժին հասել, Վարդազարյանը պատասխանեց, թե ինչպե՞ս կարելի է մարդու մասին այդպես խոսել, եթե նա կարիք ունի: «Պետք է կողմնորոշվել մարդու` կարիք ունենալով, ոչ թե` ով լինելով: Այո, ով լինելը դեր խաղում է, բայց առաջնայինը մարդու հնարավորություններն և պայմաններն են»,- նշեց նա: