Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրեյ Բիտովին «մտքի մասին մտքով գրող» հեղինակ են համարում: Բավական ուշագրավ «զբաղմունք» է մեծ գրողի նաեւ «բանավոր» մտքի ընթացքին հետեւելը: Իրականության կատարյալ հյուսվածքի մեջ ոչինչ երկրորդական չհամարելով` մարդն ամենուր նշմարում է նախախնամության ձեռքը. ուզածդ թեման թերթել այնպես, որ երես ու աստառ հնարավորինս տեսանելի լինեն միաժամանակ: Կարելի է խոսել, օրինակ, համակարգչի մասին, ինչպես այս դեպքում, եւ դարձյալ լինել «անսպասելի»... Ներկայացվող կտորը հատված է հարցազրույցից, որտեղ հարց տվողը որոշել է պարզապես չխանգարել:
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
***
Հավերժությունը պատմություն չունի: Պատմությունն անցողիկի համար է: Պատմություն ունի կենսաբանությունը, կյանքը՝ չունի: Պատմություն ունի պետությունը, ժողովուրդը՝ չունի: Ունի կրոնը, իսկ Աստված՝ չունի:
ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ
Հայտնագործություններն, իմ կարծիքով, հարկադրական բաներ են, եւ ոչ՝ հեղափոխական։ Եվ չի կարելի հայտնագործության օգնությամբ ազդել մարդկության ճակատագրի վրա։ Հայտնագործությունն առաջ է գալիս որպես հասունացած անհրաժեշտություն եւ շատ նախապատրաստված է լինում, թեեւ հանկարծակի հանդես եկածի տպավորություն է թողնում եւ պատկանում է ինչ-որ գյուտարարի կամ հանճարի, կամ էլ հետո է վերագրվում նրանց։ Սակայն տեսակն ինքը գաղափարները կրումէ իր ներսում։ Ես, այնուամենայնիվ, պատմաբան կամ փիլիսոփա չեմ, բայց ինձ, որպես գեղարվեստի ոլորտի ներկայացուցչի, ակնհայտ է, որ գեղանկարչությունը ծնվել ու զարգացել է որպես աշխարհը պատճենելու փորձ։ Ապա նրա ներսում սկսել է կատարելագործվել տեխնիկան, ի հայտ են եկել տեխնիկայի ոլորտի հայտնագործություննե րը։ Ասենք, Վան Էյկը հայտնագործեց յուղաներկ նկարչությունը։ Դրանից հետո սկսվել է այլ դարաշրջան։ Իսկ երբ շրջակա աշխարհն առանց զարգացման պատճենելու փորձը նկարիչների մեծ մասին մտցրեց ակադեմիական փակուղի, ապա դա ժամանակով համընկավ լուսանկարչական սարքի հայտնագործման հետ, որը չեղարկեց պատճենումի անհրաժեշտությունը, ազատեց գեղանկարչին այդ անհրաժեշտությունից, եւ այդ ժամանակ գեղանկարչությունն ինքնաբերաբար հետ շրջվեց դեպի աղքատ հարբեցողներն ու խենթերը՝ պայմանականորեն՝ դեպի իմպրեսիոնիզմ։ Առաջ չի գնում, վերադառնում է, ինչպես ոմանք են ասում՝ ի շրջանս յուր։ Այդպես էլ կինոն նախապատրաստվել էր վեպի զարգացմամբ, համենայն դեպս՝ Արեւմուտքում, 19-րդ դարում, ընդհուպ մինչեւ սերիական վեպը՝ սերիալները։
Վեպերը գրվում ու գրվում եւ արտադրանք էին դառնում, դադարելով գրականություն լինել այնքանով, որքանով արվեստը դադարում է արվեստ լինելուց, երբ այլասերվում է։ Հայտնվում է կինոն՝ շարժվող առարկաները։ Սակայն, երբ այդպիսի պատկերումն արդեն անհետաքրքրական է դառնում, ապա ամեն ինչ դարձյալ շարժվում է հետ եւ ուղիներ է որոնում դեպի ակունքները, որոնք մարդուն մարդ են դարձրել, դեպի այդ ակունքների, գուցեեւ՝ աստվածային, բնույթը։ Հեռուստատեսությունը հայտնվեց, երբ կինոն սկսեց այլասերվել։ Եւ իր վրա վերցրեց այն, ինչով կինոն չպիտի զբաղվի։
Իմ գաղափարը սա է. հայտնագործությունները պիտի ազատեն, ոչ թե՝ ստրկացնեն մարդուն։
Գոյություն ունի մի պոստուլատ. օբյեկտը չի կարող ճանաչել ինքն իրեն։ Մարդու առումով դա բացարձակապես ճիշտ է։ Իսկ համակարգչի հետ գործակցությունն օգնեց ինձ ինչ-որ բան հասկանալ իմ ուղեղի մասին։ Թեեւ մասնագիտական գրականությանը ծանոթ չեմ, այլ պարզապես զգում եմ, թե ինչպես է սկսում բզզալ իմ սկավառակը, ինչպես է գործում։ Շնորհակալ եմ համակարգչին, այդ սարքի շնորհիվ ես սկսեցի քիչ թե շատ հարգել իմ ղազանն ու նրա միջի շիլան։ Դե, օրինակ, ես խնդիր ունեմ՝ տեքստ։ Ես դեռ այդ մասին չեմ էլ մտածել, իսկ նա արդեն սկսեց բանել։ Ես պառկեցի քնելու… առավոտյան խնդրիս լուծումը պատրաստ է։ Եւ այդ լուծումը, պետք է ասել, երբեք վերանայման ենթակա չէ։ Դա միակն է։ Ինչպես առաջին սերը։ Այնուամենայնիվ, առաջին միտքը, անձամբ ինձ համար, նաեւ բացարձակապես ճշմարիտ միտքն է։ Խնդիրը լուծված է։ Այնպես որ, ահա այդ բզզոցը եւ այդ ակնթարթորեն հայտնված միտքը ես, ինքս ինձ համար, հասկանում եմ իբրեւ համակարգիչ, որը դզզում ու արտադրում է՝ սարդոստայն է հյուսում, այնքան ժամանակ, մինչեւ այդ ցանցում չի հայտնվում մտահղացման ճանճն, ասենք։ Որպես կանոն նա զոհվում է։ Մնում է գեղեցիկ սարդոստայնը։ Ահա թե ինչ է տեղի ունենում։
Այժմ, ինչ վերաμերում է այդ սարդոստայնին. կարելի է համարել, որ դա մարդկային հարաբերությունների չեղարկումն է, խոսքարվեստի մահն է եւ որեւէ այլ տեսակի տեղեկատվության մահը: Իսկ ես կասեմ միայն, որ դա այն բանի համար է, որպեսզի, սկզբունքորեն, փրկի աշխարհը: Աշխարհը կանգնում է գլոբոլիզացիայի ընդհանուր հիմ- նախնդրի առջեւ: Ընդհանուր հիմնախնդիրը կարելի է լուծել միայն ընդհանուր տեղեկատվությանն ակնթարթորեն տիրապետելով: Մեր այս գունդն այժմ մեծ վտանգի տակ է։ Շատ սարսափելի ոչ թե քաղաքական, այլ կենսաբանական պահ է, երբ տեսակի ներսում ժխտվում է կործանման արգելանքը: Դա սարսափելի տեսակային կանխանշան է ճանճերի, սարդերի եւ նման այլ արարածների մակարդակում: Դա նախազգուշացում է մեզ, որ հարկավոր է նորից մարդ դառնալ: Եւ հնարավոր է, որ համակարգիչը միմյանց հետ կապվելու հնարավորություն է տալիս, ընդհանուր խնդիրների դեմ-հանդիման, այն աղետալի վիճակում, որը հիմա նյութականորեն շոշափելի է:
Այդպիսի աղետը ոչ ոք եւ ոչ մի բունկերով չի հաղթահարի: Ոչ մի մենաշնորհով: Չի փրկվի: Նշանակում է, որ այդ սպառնալիքն էլ հենց դեմոկրատիայի բարձրագույն ձեւն է այս երկրի վրա եւ բարձրագույն ձեւը՝ միավորման:
Գուցե մեր ուղեղը տիեզերքն է, գուցե հոգին է հենց, գուցե՝ Աստված, գուցե նա աղոթք է: Այստեղ կարող է տեսակետների վիհ գոյանալ: Բայց մեր ուղեղը համակարգիչների հայտնվելով անգամ ուղեղ մնաց:
Ուղեղն առաջին հերթին մարդու միակ հատվածն է, որն էվոլյուցիային չի տրվում: Նշանակում է՝ ամեն ինչում, որ տեղի է ունեցել, գործում է միայն մարդը, կամ մուտացիայի է ենթարկվում, կամ այլասերվում է, կամ մեռնում է, կարեւոր չէ: Հնարավոր է, որ դա էքսպերիմենտ է:
Ինչ վերաբերում է Աստծուն, ապա ավելի լավ է նրան հանգիստ թողնել: Բայց ես գիտեմ, որ մեր տառապանքները... եւ՜ իսկականները կան, եւ՜ կեղծերը:
Կեղծ տառապանքները ծնունդ են առել հենց մեր անհավատությունից եւ մեր սոցիալական գոյատեւումից` չափազանց պարզ, չափազանց կիրառական: Որովհետեւ ահա մահանում են մերձավորները, հիվանդանում է մարդը, պատերազմներ են տեղի ունենում: Իսկապես, չես էլ կարող հաշվել, թե ինչքան է մարդը տառապում մի կյանքի ընթացքում: Իսկ տառապում է նա այն պատճառով, որ ապրում է ո՜չ այնպիսի բնակարանում, որ հարեւանն ավելի լավ է ապրում, որ իրեն շքանշան չեն տվել, որ ինչ-որ մեկն ինչ-որ մյուսից ավելի գեղեցիկ է: Նա ամենաշատը տառապում է հենց այդ անհեթեթություններից: Իսկ այն ժամանակ, երբ իսկապես հարկ է լինում տառապելու, ոչ ուժերն են հերիքում, ոչ արիությունը՝ առաջադրված խոչընդոտը հաղթահարելու համար:
Կամ էլ հանկարծ վերցնում ու հաղթահարում է: Եւ այդժամ մենք խոսում ենք ժողովրդի սխրանքի մասին:
Դեռեւս 13-րդ դարում հանճարեղ է ասել անգլիացի փիլիսոփա-վանական Օկամը. «Պետք չէ բազմապատկել էությունների քանակը»: Դա բացարձակ բանաձեւ է: Կոչվում է «Օկամի ածելի»: Այն կտրում է ամենայն ավելորդը: Այն աշխատում է մինչեւ այսօր: Որքան էլ փիլիսոփայություններ են գրվել, ոչ մի անգամ չեն բացահայտել կյանք, մահ, սեր, պոեզիա, գեղեցկություն հասկացությունները: Դա բացահայտելի չէ: Հասկանո՞ւմ եք: Դրա մասին կարելի է գեղեցիկ գրել, եւ ավելի լավ է արվեստագետ լինել: Հիանալի արվեստագետ լինելով՝ կարելի է ավելի հեռուն տեսնել, քան եթե փիլիսոփա ես կամ տրամաբան: Հենց այդ պատճառով արվեստը նաեւ ազնիվ է: Արվեստը բոլորից ազնիվ է: Որովհետեւ նա պատճառները բացահայտելուն չի հավակնում: Նա ստեղծում է հոգեւոր պատկեր` ում որքան դա հաջողվում է, որքան դա ապրում է ու շնչում:
Մեզ պետք չէր ընտրության ազատություն տալ: Այն նույն ընտրության ազատությունը, որը չի տրված կենդանիներին: Իսկ չէ՞ որ նրանք եւ՜ զգում են, եւ՜ մտածում, ի դեպ: Բայց նրանց տրված չէ ընտրության ազատություն: Այն սահմանափակված է բնազդով: Իսկ մենք հակազդում ենք:
Մեզանից ամենաքիչ զարգացածները, որոնք քիչ են հակազդում, դառնում են ուժեղներ. նրանք զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով եւ ղեկավարում են մեզ: Դա մարդկության հետամնաց ջոկատն է, որը ղեկավարում է կա՜մ թույլերին, կա՜մ դժբախտներին, կա՜մ մտածողներին:
Ընդհանուր առմամբ դա դեռեւս կապիկների երամ է ինչ-որ շերտում եւ դրա մեջ ինչ-որ միավորներ, այնուամենայնիվ, մտածում են: Եւ՝ փառք Աստծո:
Իսկ մարդու բնույթը չի փոխվում: Դա Աստծո գոյության եւս մեկ ապացույց է։
Մարդն անասուն է երեք անվիճարկելի առումներով: Նա բազմանում է, սնվում եւ մահանում՝ ինչպես անասուն:
Դա շատ պարզ է: Իսկ ի՞նչ առումով է նա մարդ: Միայն ազատության առումով: Եւ այն առումով, որ զարգացումն, այնուամենայնիվ, տեղի է ունենում մշակույթի կուտակման տեսքով, եւ ոչ թե նյութական արժեքների: Տեխնիկան պետք է, որ հերթական անգամ ազատի մարդուն, որ մարդն զբաղվի այն բանով, ինչով պարտավոր է զբաղվել։ Իսկ մարդը պարտավոր է զբաղվել մշակույթով։ Ես նկատի չունեմ այն մշակույթը, որը նախարարություն ունի կամ՝ հակառակը, այլ այն, որի մեջ մտնում են հարաբերությունների մշակույթը, կապի մշակույթը եւ այլն։ Այսինքն՝ մարդու մեջ ուժեր են ազատվում եւ ոչ՝ ստրկացվում։ Դա ձեռ չի տալիս ոչ մի օրանգուտանգի, որը ղեկավարում է մեզ։ Այս պատճառով էլ դա, իրականում, բավական հեղափոխական բան է։ Բայց սերունդ պիտի աճի, որը կարողանում է օգտվել դրանից, որն ազատված է նաեւ հիմնախնդիրների վիհից, ազատ է։
Դե, իսկ իմ ուտոպիան էլ ահա սա է. այսօր աշխարհում ինչ- որ բան հավասարակշռելու համար հարկավոր է կրկին դեպի հետ, դեպի լեզուն գնալ, դարձյալ մտնել լեզվի մեջ։ Ասում են, թե համակարգիչն ազատում է լեզվից։ Իսկ իմ կարծիքով՝ հակառակը, վերադարձնում է, ինչպես լուսանկարչական սարքը գեղանկարչությանը վերադարձրեց իմպրեսիոնիստներին։ Նույնն է նաեւ այս դեպքում, սա էլ է ազատում, որ մարդիկ վերադառնան խոսքին։