կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 00:03
Հասարակություն

«Մաքրել դատական համակարգը», «մաքրել չորրորդ իշխանությունը». ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը սպառնում է ազատ խոսքին

«Մաքրել դատական համակարգը», «մաքրել չորրորդ իշխանությունը». ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը սպառնում է ազատ խոսքին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է   Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի հրապարակմանը, որով նա կոչ է արել «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը   հրապարակայնորեն կոչ է անում «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: ԿԳՄՍ նախարարի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ուշադրությունն ենք հրավիրում փաստի վրա, որ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը հրապարակայնորեն զբաղված է ակադեմիական ազատության սահմաններն անցնող քաղաքական քարոզչությամբ:

Հատկապես մտահոգեցուցիչ է, որ պետական ակադեմիական հաստատության դեկանի պաշտոն զբաղեցնողը ազատ խոսքի և լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հրապարակայնորեն գռեհիկ մտքեր է հայտնում և 1930-ականների բոլշևիկներին ու գերմանական նացիոնալ-սոցիալիստներին հարիր կոչեր է անում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից կարգի հրավիրել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանին ու նրա հետ բացատրական աշխատանքներ տանել հետագայում բացառելու համար լրատվամիջոցների գործունեության և ազատ խոսքի նկատմամբ հարձակումները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների քաղաքականացման ու լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու փորձերին և գործընթացի մասին տեղյակ է պահելու հանրությանն ու միջազգային կազմակերպություններին»: