Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հետաքրքրվեց, թե ստուգվո՞ւմ են Հայաստան մտնող բոլոր դեղամիջոցները, և ինչո՞ւ է Հայաստանում տարածում ստանում բժիշկ-դեղատուն կապը, երբ բժիշկը հիվանդին ուղղորդում է որոշակի դեղատներ:
Դերենիկ Դումանյանը նշեց, որ դեղերի կեղծման և ժամկետանց դեղերի հայտնաբերման մեկ-երկու դեպք է եղել, և այդ գործերով աշխատանքներ են տարվում: Սակայն այժմ Հայաստան մտնող բոլոր դեղամիջոցները պարտադիր ստուգվում են փորձագիտական խմբի կողմից, ամենափոքր կասկածի դեպքում կապվում են դեղարտադրողի հետ և ճշտում կասկածելի դեպքերը:
«Ցավալի է, որ կա դեղատուն-բժիշկ կապը: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց չենք գտել այն մեխանիզմը, որով կարող ենք արմատախիլ անել այդ երևույթները»,- ասաց նախարարը:
Իսկ լրագրողների հարցին, թե` ի՞նչ աշխատանքներ են տարվում ապօրինի դեղերի ներկրման ուղղությամբ, ի՞նչ պատիժ է սահմանվել ներկրող ընկերության, մասնավորապես` «Նատալի-Ֆարմ»-ի նկատմամբ, որի հետ կապված` վերջերս նման դեպք էր հայտնաբերվել, նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե որ դեպքի հետ կապված եք հարցնում, ամեն դեպքում առողջապահության նախարարությունը պատժիչ օրգան չէ: Մենք կարող ենք ասել ընդամենը` այդ դեղը պիտանի է, թե` ոչ, իսկ եթե այդ դեղը գրանցված չի եղել, ուրեմն այն պետք է առգրավվի: Ամեն դեպքում, բոլոր ընկերությունների համար գործում է նույն օրենքը: Որևէ ընկերություն արտոնյալ չէ կամ երաշխավորված չէ առողջապահության նախարարության կողմից: Որ անօրինական դե՞ղ մուտք գործի Հայաստան, ես չգիտեմ, դա դժվար հարց է, եթե կա նման դեպք, պետք է հաղորդում տալ ոստիկանությանը»: