կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 11:34
Հասարակություն

Հեմոդիալիզի սարքավորումների և պարագաների 82.9%-ը ներմուծել են «Ֆրեզեն»-ը և «Նատալի Ֆարմ»-ը՝ 41.7% և 41.2% մասնաբաժիններով. ՊՎԾ

Հեմոդիալիզի սարքավորումների և պարագաների 82.9%-ը ներմուծել են «Ֆրեզեն»-ը և «Նատալի Ֆարմ»-ը՝ 41.7% և 41.2% մասնաբաժիններով. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ-ն ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակում կատարված հիմնական աշխատանքները: Մասնավորապես  նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։

Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։

«Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են   ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։

Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։ Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել   են քրեական գործեր»,-ասվում է հաշվետվության մեջ:

Բացի այս, ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ/026-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ուսունասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և ուղարկվել ՀՀ դատախազություն։

ՀՀ դատախազության կողմից տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: