կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 14:10
Իրավական

Ո՞ր պաշտոնյան է կանգնած Սայաթ-Նովա 10/5-ի կառուցապատման հետևում

Ո՞ր պաշտոնյան է կանգնած Սայաթ-Նովա 10/5-ի կառուցապատման հետևում

Այս տարվա հուլիսին մեծ աղմուկ բարձրացավ Սայաթ-Նովա 10/5 հասցեում սկսվող շինարարության պատճառով: «ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ն քաղաքապետարանից շինություն կառուցելու թույլտվություն էր ստացել և պատրաստվում էր շենքի բակում գտնվող կաթսայատան տարածքում 5 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Սակայն կառուցապատողի ցանկությունը շենքի բնակիչների բողոքը հարուցեց: Բնակիչներն ահազանգեցին, որ նման մակերեսով շենքը կփակի հարեւան շենքերի լույսը, կխանգարի իրենց ավտոմեքենաների տեղաշարժին, խաղալու տեղից կզրկի երեխաներին, ինչպես նաեւ անհնարին կդարձնի հրշեջ եւ շտապ օգնության մեքենաների մուտքը, հարեւան շենքերից հեռավորությունն էլ կկազմի ընդամենը 5-6 մետր: Բանը հասել էր նրան, որ շինարարությունը դադարեցնել պահանջող բնակիչները պառկել էին գետնին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` շենքի շինարարությունը կասեցրել էր Երևանի քաղաքապետարանը:

 

Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լարկո գրուպ»-ի իրավաբան Հայկ Եգանյանը հայտարարեց, որ կառուցապատումը ժամանակավորապես դադարեցրել են սփական նախաձեռնությամբ` հաշվի առնելով բնակիչների բողոքը: Նրա խոսքով` «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն որևէ պաշտոնատար անձի չի պատկանում, նախատեսված շինարարությունն օրինական է, ընկերությունը որևէ տարածք չի զավթել, այլ գնել է ֆիզիկական անձից: Հիշեցնենք, որ բնակիչները հավաստիացնում էին, թե կաթսայատունը պատկանում է Սայաթ-Նովա 10/5 շենքին:

 

Ի դեպ` իրավաբանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն ևս արեց: Ըստ նրա` շենքի բնակիչների բողոքն ուղղորդված է: Եգանյանը հերքեց նաև այն տեղեկատվությունը, թե շենքի բնակիչներին սպառնում են: Ըստ նրա` դեռ մի բան էլ իրենց են սպառնացել: Նրա խոսքով` իրենց ընկերության ղեկավարին ինչ-որ պաշտոնատար անձ գումար է առաջարկել, որպեսզի ինքը գնի հիշյալ տարածքը, սակայն նա չի համաձայնել: Ավելին` անգամ սպառնալիքներ են հնչել, որ կառուցվող շենքը կպայթեցնեն և այլն: Ըստ փաստաբանը, նա ամերիկահայ գործարար Աբել Հախվերդյանն է: