Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ համացանցում հայտնվեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի միջև Ախալքալաքում տեղի ունեցած վիճաբանության տեսանյութը: Իսկ սոցիալական ցանցերը սկսեցին բուռն արձագանքել թե' Սահակաշվիլիի, թե' Չախալյանի պահվածքին: Yerkir.am-ի հետ զրույցում կատարվածը մեկնաբանել է ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
-Պարո'ն Թորոսյան, միջադեպից հետո Դուք խոսե՞լ եք Վահագն Չախալյանի հետ:
- Ես դեռ չեմ խոսել նրա հետ, որովհետև տեսանյութը նայել եմ ուշ երեկոյան: Սահակաշվիլին Վահագնին մեղադրում է անջատողականության մեջ, որ նա հանցագործ է, կռվարար է ու սեպարատիստ: Վահագնն էլ ընդդիմանում է, որ ինքը սեպարատիստ չէ, և որ Սահակաշվիլիին սխալ տեղեկություններ են տվել իր մասին, որ իր հետ կապված ամբողջ դատական պրոցեսը ֆարս է եղել, որ անգամ մի նորմալ թարգմանիչ չի եղել, արդարանալու հնարավորություն չի ունեցել դատարանում, և որ իր երկու տարեկան որդին ստիպված է եղել չորս ու կես տարի առանց հոր մեծանալ` Սահակաշվիլիի կամայականությունների արդյունքում: Սահակաշվիլին ասում է` ինչո՞ւ ես դժգոհում, երբ ես այդքան բարեփոխումներ եմ իրականացրել, ասֆալտ եմ արել, գազ ու լույս եմ քաշել: Վահագնն էլ ասում է, որ մինչև Սահակաշվիլիի իշխանության գալն է լույս եղել, գազն էլ գյուղերի գերեզմանատների վրայով են քաշել, որ այդպիսի ասֆալտ իրենց պետք չէ: Դժգոհ են, որովհետև հայերենը ու հայոց պատմությունը հանել են դպրոցական ծրագրերից, հայոց մեծերի անունները հանվել են դասագրքերից ու դպրոցների անվանումներից, ու այդպիսով հայոց ինքնությունն են վիրավորում:
- Կոնկրետ այդ հարցին Սահակաշվիլին չպատասխանե՞ց:
-Ոչ, նա բորբոքվեց, բարկացավ ու սկսեց վատ որակումներ տալ Չախալյանին: Վահագնին շրջապատող խումբն էլ սկսեց գոչել, թե` Սահակաշվիլի', ավելի լավ է դու գնա Թուրքիա, քանի որ Թուրքիային ես տվել ողջ Վրաստանը, գնա հեռացիր:
- Պարո'ն Թորոսյան, տեսանյութից երևում է, որ Վահագն Չախալյանը լավ չի տիրապետում վրացերենին, դա նրա համար սկզբունքային հարց է՞:
- Ոչ, ոչ, պարզապես Վահագն Չախալյանը վրացերեն սովորել է բանտային տարիներին: Ջավախքում առհասարակ շատ քիչ հայ կա, որ սահուն են տիրապետում վրացերենին, որովհետև կրթական համակարգն ու միջավայրը հնարավորություն չեն տալիս վրացերեն սովորելուն: Երբ որ այսօր վրացական իշխանությունները մեղադրում են, թե` վրացերեն չգիտեք, դա նրանից է, որ մարդիկ ծնվում, մեծանում են հայկական միջավայրում:
- Բայց ինչո՞ւ Սահակաշվիլին ցանկացավ հատուկ մոտենալ հենց Վահագն Չախալյանին:
- Որովհետև ինքն այդտեղ էր, և, ըստ երևույթին, տղաները բողոքի ակցիա էին կազմակերպել նրա դեմ: Դե, մանրամասները, իհարկե, չեմ ճշտել, դրա համար Սահակաշվիլին որոշել է մոտենալ, փորձել հասկանալ` ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ են բողոքում:
- Փաստորեն, Սահակաշվիլին ու Չախալյանը հանդիպեցին ձեռքսեղմումով, բայց բաժանվեցին` միմյանց մեղադրանքներ հնչեցնելով:
- Այո, տարակարծությունները նրանց միջև ավելի ակնհայտ դարձան: Այդ տարակարծություններն էին, ի վերջո, բերել նրան, որ Սահակաշվիլիի ռեժիմը, իմ կարծիքով, ապօրինի դատապարտել էր Չախալյանին:
- Իսկ Վահագն Չախալյանը չի՞ ցանկանում փոխել ռազմավարությունը և ոչ թե Վրաստանի իշխանություններին ընդդիմանալով, այլ լավ հարաբերություններ հաստատելով` հասնել իր պահանջների իրականացմանը:
- Որևէ ջավախքցի, առավել ևս` Վահագն Չախալյանը, չի պատրաստվում թշնամական հարաբերություններ հաստատել Վրաստանի իշխանությունների հետ: Պարզապես այդ բողոքը հայի ինքնությունը պահպանելու անհրաժեշտությունից է:
- Համացանցում նաև բացասական կարծիքներ էին հնչում Չախալյանի հասցեին, որ իր այդպիսի պահվածքով Վրաստանին կտրամադրի Հայաստանի դեմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ կարծիքները:
- Ես իմ հստակ կարծիքն ունեմ, որը համընկնում է ջավախքցիների կարծիքի հետ, իսկ այդ կարծիքը կոլեկտիվ է ու միասնական: Ահա` ինչու շատ փոքր են այն մարդիկ, ովքեր փորձում են հակադրվել ժողովրդի մի մասի կարծիքին: Նրանք դրա ո'չ իրավունքն ունեն, ո'չ էլ այդ ամենի արժևորումն են զգում: Խնդիրն այն է, որ ջավախահայերը ուզում են լինել Վրաստանի լիիրավ ու լիարժեք քաղաքացի` իրենց իրավունքներով ու պարտականություններով: Նրանք ընդամենը պահանջում են, որ հարգվի իրենց ազգային իրավունքը: Իսկ սրան միշտ կոշտ ընդդիմացել է Սահակաշվիլին: Նա հենց իր այդ վարքագծի պատճառով է հեռանում իշխանությունից, որովհետև նա չունեցավ ոչ միայն վրաց ժողովրդի, այլ նաև ազգային փոքրամասնությունների աջակցությունը: Այսօր Վահագն Չախալյանը և մյուս բոլոր ջավախահայերը հույսեր են կապում նոր իշխանությունների հետ, որպեսզի հարգվի իրենց ազգային ինքնությունը:
Մելանյա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ