Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 26-ին «Իմ մայրիկը Ամերիկայում է, եւ նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» ֆիլմի հայաստանյան պրեմիերայով կմեկնարկի «ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը:
Լրագրողների հետ զրույցում փառատոնի նախագահ Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնը կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը:
«Այս տարի կինոփառատոնը նշում է հիմնադրման 5-ամյակը եւ նվիրված է հայկական անիմացիայի 75-ամյակին: Փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ»,- ասաց նա:
Ըստ Քասունու` փառատոնի համար պատիվ է Հայաստանում կրկին հյուրընկալել «Անսի»-ի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին, ով 2009-ին նույնպես փառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան: Այդ օրերին Հայաստանում կլինի նաեւ Գերմանիայի «Շտուտգարտ Թրիքֆիլմ» փառատոնի նախագահը:
«Այս տարի 500 ֆիլմի հայտ ենք ստացել, որը բավական մեծ ցուցանիշ է երիտասարդ կինոփառատոնի համար: Ի դեպ, ունենք 10 հայ մասնակից, որոնցից երկուսը ՌԴ-ից եւ Իրանից են»,- ասաց Քասունին:
Փառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաեւ ԼՂՀ-ում: «ՌեԱնիմանիան» տարածաշրջանում միակ անիմացիոն կինոփառատոնն է, որով կարելի է հպարտանալ: Ես այս տարի մի շարք կինոփառատոների եմ մասնակցել, եւ միշտ զարմանում էին, երբ իմանում էին, որ Հայաստանում անիմացիոն միջազգային կինոփառատոն ենք անցկացնում, քանի որ Հայաստանում, ինչպես գիտենք, կինոարտադրությունը եւ անիմացիան այնքան էլ լավ վիճակում չեն գտնվում: Բայց վստահ ենք, որ, անիմացիան մի տեղ չկենտրոնացնելով, կարող ենք հաջողությունների հասնել»,- ասաց Մովսիսյանը: