կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 10:13
Մշակույթ

Ֆրանսիական «Մունե» ֆիլմով այսօր կմեկնարկի 7-րդ «ՌեԱնիմանիա»-ն

Ֆրանսիական «Մունե» ֆիլմով այսօր կմեկնարկի 7-րդ «ՌեԱնիմանիա»-ն

Այսօր Երևանում կմեկնարկի 7-րդ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը։ Այս տարի փառատոնին մասնակցության համար ընտրվել են 184 անիմացիոն ֆիլմեր, որոնք կմասնակցեն 5 մրցութային ծրագրի՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական հոլովակ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն ավարտական ֆիլմ»:

Փառատոնն այս տարի ստացել է 1200 ֆիլմի հայտ, որոնցից մրցութային ծրագրում ընտրվել են 184-ը: Փառատոնում հայկական ֆիլմերի թիվը 12-ն է: «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան 400 ֆիլմ:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում «Վերածնունդ» խորագրի ներքո կցուցադրվեն ոչ մրցութային ֆիլմեր, կներկայացվեն նաև վավերագրական և փորձարարական ֆիլմերի ծրագրեր և պատկերապատումների ցուցահանդես։ 7-րդ կինոփառատոնի նորույթներից է «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակը:

«Ռեանիմանիա» 7-րդ փառատոնը կմեկնարկի  ռեժիսորներ Ալեքսանդր Հեբոյանի, Բենուա Ֆիլիպոյի ֆրանսիական «Մունե» ֆիլմով: Մունեն փոքրիկ, զվարճալի այծեմարդ է կախարդական աշխարհում։ Նա, հակառակ իր ցանկություններին, լուսնի պաշտպանն է։ Նրա աշխատանքն է գիշեր «բերել» և հետևել երազների աշխարհին։ Բայց նա դառնում է իրար հաջորդող աղետների պատճառը և ստվերների պաշտպաններին հնարավորություն տալիս գողանալու արևը։ Սոհենի՝ Արևի պաշտպանի և փխրուն Վաքսի ներկայությամբ Մունեն սկսում է անհավանական որոնումների մի շարք, որոնք նրան դարձնելու են լեգենդար պաշտպան։ Տիեզերքի մասին այս ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ արևը և լուսինը պաշտպանվում են իրենց պահապանների կողմից, հիմնված է Բընուա Ֆիլիպոնի պատմության վրա: Նա համագործակցել է Ալեքսանդր Հեբոյանի հետ, ով եղել է DreamWorks-ի, Kung Fu Panda-ի, Monster vs Aliens ֆիլմերի անիմատորը։

Ի դեպ, այսօր Անիմացիայի միջազգային օրն է: