կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 09:55
Առանց Կատեգորիա

Իրենցը միայն քանդելն է

Իրենցը միայն քանդելն է

Հոկտեմբերի 17-ի նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ լրացուցիչ ֆինանսավորմամբ շարունակական օբյեկտների լիարժեք ավարտման եւ նմանատիպ նպատակներով քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 61 մլն դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների մոնիթորինգին եւ դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտության խնդրին: Նույնը վերաբերում է նաեւ մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը: «Կան շենքեր, որոնք արդեն 10 տարուց ավելի է, ինչ անավարտ վիճակում են, եւ մենք չենք կարող անտարբեր նայել, թե այդ շենքերն ինչպես են քայքայվում: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետեւանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ի՞նչ տույժ, տուգանք կարելի է կիրառել, կամ դատական գործընթաց սկսել»,- ասել է վարչապետը: 

 

Կառավարության ղեկավարը խնդրին նույն տեքստով անդրադառնում է արդեն երկրորդ անգամ:

 

Մասնավոր հատվածի այդ շինություների խնդրին բազմիցս է անդրադարձել նաեւ Երեւանի քաղաքապետարաննը, բայց քանի որ հետեւողական մոտեցում չեղավ, բանը կրկին հասավ կառավարությանը: Եվ այժմ, փաստորեն, կառավարության երեկվա նիստում երեւաց պետական այս երկու խոշոր կառույցների անզորությունը:

 

Երեւանում առկա եւ քաղաքի տեսքն աղավաղող խնդիրներից է զանազան անավարտ շենք-շինությունների առկայությունը: Դրանց մի մասը ճարտարապետական հիանալի կառույցներ են, նաեւ՝ հանրության հետաքրքրությունը շարժող գործարքներ, սակայն երկար ժամանակ է, ինչ չեն կառուցվում: Տարբեր տարիների ընթացքում որոշ մարդիկ սեփականաշնորհել են քաղաքի տեսքի համար կարեւոր շենքեր, արել իրենցով ու բարձիթողիության մատնել: Վստահաբար, թե քաղաքապետարանի, թե քաղաքի բնակիչների ու այցելուների համար տհաճ է տեսնել կիսաքանդ շինությունները: Մի կողմից Երեւանի կենտրոնում ամեն թիզ հող ու այգի ոչնչացվում են եւ տեղում վեր խոյանում էլիտար շենքեր, սրճարաններ ու զանազան բիզնես կենտրոններ, մյուս կողմից նույն կենտրոնում բազմաթիվ շենքեր իրենց նպատակին չեն ծառայում: Թեեւ նման շինությունները մի քանի տասնյակ են, սակայն այս պահին քաղաքապետարանի «ուշադրութան» կենտրնում հետեւյալ շինություններն են.

 

«Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ, ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս)

Նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1, («Ավանգարդ մոթորս» ՍՊԸ)

Աբովյան հ. 5/5 հասցեում, («Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ)

«Սասնա Երկիր» ՍՊԸ, «Հաղթանակ» կամրջի մոտ գտնվող հողամասեր

«Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերություն, Մարշալ Բաղրամյան պող. հ.37 եւ հ.39

«Դվին» հյուրանոց, Պարոնյան 40

Ավան, Աճառյան փողոցի մոտ («Ալ Համռա Ռիել Հսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերություն)

Կայարանամեձ Հրապարակի մոտ «Բիլդ» ՍՊԸ

Նախկին «Սեւան» հյուրանոցի տարածք, «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերություն

 

Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությունը տրվում է սովորաբար 2 տարի ժամկետով: Եթե ժամկետն անցնելուց հետո շինարարությունն անավարտ է մնում, թույլտվություն տրամադրած մարմինը իրավունք ունի կիրառել վարչական միջոցներ՝ նշանակել տուգանք նախահաշվային արժեքի 1 տոկոսի չափով, իսկ եթե կառուցապատողը չի դիմում շինարարության ժամկետը երկարաձգելու խնդրանքով, իրավասու մարմինը, այսինքն՝ մարզպետը կամ վարչական շրջանի ղեկավարը, ով տվել է կառուցապատման թույլտվություն, դիմում է դատարան՝ օբյեկտը վաճառելու հայցով: Եթե կառուցապատողը երկարաձգված ժամկետում եւս չի ավարտում շինարարությունը, տուգանվում է նախահաշվային արժեքի 10 տոկոսի չափով, որից հետո շենքը վաճառքի է հանվում դատարանի միջոցով: Սա պահանջում է օրենքը, սակայն որ իրականում այս օրենքը եւս թղթի վրա մնացած մյուս օրենքների պես անտեսվում է, փաստ է:

 

2010թ. հուլիսին, կառավարությունը հորդորեց տեղական ինքնակառավարման մարմիններին պատժամիջոցներ կիրառել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք օրինական թույլտվություն են ստանում շինարարություն սկսելու, բայց այն անավարտ են թողնում: Կառավարությունը խնդրին երկրորդ անգամ անդրադարձավ երեկվա նիստում՝ արձանագրելով, որ իր բոլոր հորդորները անտեսվում են, եւ նույնաբովանդակ կոչերը շարունակվեցին մեկ անգամ եւս՝ հավանաբար հաջորդ երեք տարիներին լռելու համար:

 

Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ի ասուլիսում Երեւանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ Երեւանի կիսակառույցների սեփականատերերը պետք է մեկ ամսվա ընթացքում քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքեն շինարարության ժամկետների վերաբերյալ:  Նա ասաց, որ սահմանված ժամկետում պայմանագրեր չկնքելու դեպքում խնդիրը կտեղափոխվի իրավական դաշտ, եւ ՀՀ կառավարության կողմից կիսակառույց տարածքները կճանաչվեն «գերակա շահ»: «Կիսակառույցները խաթարում են քաղաքի ճարտարապետական դիմագիծը, առաջացնում զբոսաշրջային եւ էկոլոգիական խնդիրներ»,- նա:

 

Նոյեմբերի 29-ին, ասուլիսով կրկին հանդես եկավ Երեւանի գլխավոր ճարտարապետը` ասելով, որ Երեւանի քաղաքապետարանի միջամտությամբ՝ հստակեցվել են «Դվին» հյուրանոցի, նախկին «Սեւան» հյուրանոցի, «Երիտասարդական պալատի», «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի կայարանամերձ շենքի եւ նմանատիպ մի շարք կիսակառույց շենքերի տարածքների ճակատագրերը: Ըստ գլխավոր ճարտարապետի՝ իրենք հանդիպել են այս տարածքների կառուցապատողների հետ եւ եկել հստակ պայմանավորվածությունների: «Չկա որեւէ մեկը, որ հրաժարվի իր պարտականություններից, աշխատանքները լիարժեք առաջ են գնում, եւ մենք հստակություն ունենք»,- ասաց նա: Ճարտարապետը ասաց նաեւ, որ իրավաբաններն աշխատում են ու չի կարող նշել, որ կոնկրետ մեկ տարի հետո կսկսեն շինաշխատանքները, բայց արդեն հստակեցվում են նախագծերը: Հստակ կկարողանան ասել վերջնական պայմանագրից հետո:

 

Բայց պարզվում է, որ ոչինչ էլ չի արվել, ու հարցը կրկին հասնում է կառավարություն: Իսկ եթե սայլը տեղից շարժվել է, ուրեմն իրարից լրիվ անկախ են գործում այս երկու մարմինները, եւ կառավարությունը տեղյակ չէ քաղաքապետարանի՝ այս կարեւոր հարցի վերաբերյալ քայլերից: Ու պարզվում է նաեւ, որ կառավարությունն ինքը սովորություն ունի պարբերաբար վերադառնալ իր՝ նախկինում կայացրած ու իրականություն չդարձաձ որոշումներին ու կրկին ապացուցել իր անկարողությունը, այս անգամ՝ մասնավոր հատվածի անօրինական քայլերի դեմն առնելու մասով:

 

Կառավարության նիստերը գնալով շոուի են վերածվում:

 

(Շարունակելի) 

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ