Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլան, ով երկար տարիներ ապրել է Ստամբուլում, Խաղաղության և պատերազմի ինստիտուտի համար գրել է. «Ղարաբաղ. Ատելությունն ու էյֆորիան կերակրում են խելագարությանը»:
«Ինձ համար դժվար է հասկանալ էյֆորիայի այս զգացումը: Ինչպե՞ս կարող ենք տոնել տարածքների զավթումը, երբ զինվորները զոհվում են առաջնագծում: Սա հիստերիա է, որը զզվելի է բոլոր նրանց համար, ովքեր դեմ են այս պատերազմին և կոչ են անում անհապաղ դադարեցնել այն:
Սոցիալական ցանցերում ես տեսնում եմ հաղորդագրություններ այն մարդկանցից, ովքեր պարզապես ինչ-որ մեկին կորցրել են կամ իրենց սիրելիներին հոսպիտալացրել են: Նրանք լցված են զայրույթով՝ պատերազմի համար վճարված գնի համար, պատերազմ, որը նրանցը չէ: Դրան ի պատասխան ես տեսնում եմ կույր ազգայնականության կողմից բորբոքված անթիվ մեկնաբանություններ, որոնք պահանջում են, որ այդ մարդիկ դադարեցնեն խոսելը, դադարեն անհանգստանալ և մտածել ապագայի մասին, քանի որ երբ Ադրբեջանը վերադարձնի այդ տարածքները, այլևս պատերազմ չի լինի, և կյանքը կվերականգնվի:
Ես հասկանում եմ այս հակամարտությունը: Ես հասկանում եմ, թե ինչ է ասում միջազգային իրավունքը: Ես հասկանում եմ, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Այն, ինչ ես չեմ կարող հասկանալ, դա պատերազմի քարոզչությամբ, ազատագրված գյուղերի պատկերներով ու նախագահի զգացմունքային ելույթներով հագեցած մտածելակերպն է։
Մարդիկ ամնեզիայով ե՞ն տառապում։ Արդյո՞ք նրանք չգիտեն, որ հենց այս նախագահն է այսքան ժամանակ ձգձգել պատերազմը։ Նրանք չե՞ն հիշում, որ այս հակամարտությունը տարիներով օգտագործվել է որպես առուծախի թեմա։ Միթե նրանք մոռացել են կոռուպցիայի, ընտրակեղծարարության մասին։
Իլհամ Ալիևը քաղհասարակության հախից եկել է, առաջացրել այնքան հուսալքություն անցյալի և ներկա քաղբանտարկյալների անթիվ ընտանիքներում, ստիպել լռել ԶԼՄ–ներին։
Ակնհայտ է, որ այս պատերազմը միակ խաղաքարտն է, որն Ալիևը պահել էր, իր իշխանությունը օրինականացնելու համար։ Նա լինելու է ցմահ նախագահ» - գրել է ադրբեջանցի լրագրողը:
Նա նաև տարօրինակ է որակել Թուրքիայի պահվածքն այս հակամարտությունում և նշել, որ երբեք թուրքական ԶԼՄ–ներում այսքան շատ չի խոսվել Ադրբեջանի մասին, որքան այս շաբաթների ընթացքում։