կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-17 18:05
Առանց Կատեգորիա

Համակարգն իր ''հագով'' փոփոխում է

Համակարգն իր ''հագով'' փոփոխում է

Կադրային այն փոփոխությունները, որ դատախազության համակարգում իրականացնում է նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, թերեւս կարելի է տեղավորել «նոր շեֆ, նոր թիմ» մտայնության մեջ, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. խոսքը մի համակարգի մասին է, որն անընդհատ պահանջ ունի պրոֆեսիոնալների:

 

Մինչդեռ մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ նոր դատախազը հետեւողականորեն եւ վճռականորեն ազատվում է հենց պրոֆեսիոնալներից, եւ ինչպես նույն մամուլն է փաստում, ազատվում է վերջիններիս սոսկ մեկ «զանցանքի» համար` նրանք նախկին գլխավոր դատախազի կադրերն են: Տպավորություն է ստեղծվում, որ այդ կադրերը տարիներ շարունակ ծառայություններ են մատուցել եւ սպասարկել ո'չ թե համակարգին, ո'չ թե պետությանը եւ երկրին, այլ` ընդամենը շեֆին, որի` ասպարեզից հեռանալը «բնականորեն» ենթադրելու էր նաեւ նրա սպասարկուների հեռացում:

 

Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ` հունիսի 28-ին, երբ պետական մակարդակով նշվում էր Դատախազության աշխատողի օրը, միաժամանակ նաեւ` ՀՀ դատախազության հիմնադրման 95-ամյակը, այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հոբելյանական ելույթում շեշտադրում էր ոչ այլ ինչ, քան հենց կադրային ճիշտ քաղաքականության գերկարեւորությունը. «Անառարկելի է, որ դատախազությունը սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները եւ իր առջեւ դրված խնդիրները կարող է հաջողությամբ իրականացնել միայն այն դեպքում, երբ ունի բանիմաց, սկզբունքային, գործունյա ու անկաշառ դատախազներ: Եվ հենց դա է պատճառը, որ մենք առանձնակի կարեւորում ենք կադրային քաղաքականության բարելավումը, համակարգը բանիմաց եւ մասնագիտական բարձր որակներով օժտված կադրերով համալրելու խնդիրը»:

 

Թե որքանո՛վ էին փուչ հոբելյանական այս վերամբարձ մտորումները, որոնց ունկնդրմանն իր խիստ սուղ ժամանակից ժամեր էր հատկացրել նաեւ երկրի վարչապետը` ներկա գտնվելով հոբելյանական նիստին, ամենատպավորիչ պատասխանը տալիս է ոչ այլ ոք, քան` Աղվան Հովսեփյանի ժառանգորդը, որը, սակայն, ինչպես երեւում է առաջին քայլերից, կարծես եկել է համակարգը ոչ թե փոխելու, այլ ընդամենը փոփոխելու...իր «հագով»:

 

Լեւոն Սարգսյան 

Լուսանկարը` PanARMENIAN-ի: