կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 11:29
Հասարակություն

Քաղաքապետարանը մեքենաների գնման մրցույթը «կարել» է մեկ կազմակերպության հագով, առկա է հակամրցակցային համաձայնություն. «Լույսը»՝ աղբահավաքության ճգնաժամի պատճառների մասին

Քաղաքապետարանը մեքենաների գնման մրցույթը «կարել» է մեկ կազմակերպության հագով, առկա է հակամրցակցային համաձայնություն. «Լույսը»՝ աղբահավաքության ճգնաժամի պատճառների մասին

Երևանում աղբահանությունը և սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունը դիմելու է հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կառավարության` ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռք բերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: 

Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով»,- գրել է նա:

Այս հայտարարությանն այսօր արձագանքեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը: Այսօր խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը  կառավարության շենքի առջև հանդես է եկավ հրատապ հայտարարությամբ: Նա տեղեկացրեց, որ դեռևս հոկտեմբեր ամսից քաղաքապետը հայտարարում է, թե բանակցում են, խնդրի համակարգային լուծումն ընթացքի մեջ է, որ լուծումներ պետք է գտնեն, որպեսզի խուսափեն մայրաքաղաքում աղբահանության ճգնաժամից, սակայն ձմռանն աղբահանության վիճակը վատթարացավ, և ակնհայտ էր՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա սպասվում է աղբահանության շատ լուրջ ճգնաժամ:

«Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնարավոր լինի շահագործում իրականացնել: Այն  գնումը, որը հայտարարվում է, ուղղված էր մեկ կազմակերպության: Իսկ մենք ասում էինք, որ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և այն պետք է լինի բացարձակ օրինական: Քաղաքապետարանը մեր կոչերը չլսեց և հայտարարեց տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ, որով կարող էր հաղթել միայն «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Իսկ մնացած կազմակերպությունները, որոնք կարող էին մասնակցել մրցույթին, այդ հնարավորությունը չունեին, որովհետև մրցույթի տեխնիկական բնութագրերն այդպես էին կազմված: Եթե չփոխենք տեխնիկական բնութագիրը, ապա այն կազմակերպությունները, որոնք տվյալ մրցույթում շահառու են, կարող են դիմել դատարան, և մեքենաները բերելու գործընթացը կերկարի: Իրավիճակն արդեն գնացել է այլ ուղղությամբ, և գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչն այդ գնումը կասեցրեց: Սա այն որոշումն է, որով կասեցված է բողոքը, այստեղ շատ հստակ նշվում է, որ գնման բնութագիրը սահմանելիս պիտի հաշվի առնել, որ դրան պետք է բավարարեն 1-ից ավելի մասնակիցներ, և եթե սա չի սահմանվում, ապա գնումն անօրինական է: Ըստ այդմ՝ քաղաքապետին պարտավորեցվեց հայտարարել նոր մրցույթ՝ փոխելով տեխնիկական բնութագիրը: Եթե մրցույթը շատ արագ հայտարարվեր, այսօր կունենայինք նոր մեքենաներ: Իսկ քաղաքապետարանը դիմեց դատարան՝ վիճարկելու գնումների բողոքարկման խորհրդի որոշումը: Խորհուրդը երեք նիստ է ունեցել, և քննող անձն ասել է՝ եթե սա մեկ կազմակերպության «հագով չի կարված», ապա տվեք 2-րդի և 3-րդի անունը, որ կարող է մասնակցել այս մրցույթին: Համարժեք որևէ կազմակերպություն չներկայացվեց: Ես արձանագրում եմ՝ տենդերների խնդիրը ՀՀ-ում ինչպես եղել է որպես հակամրցակցային համաձայնություն, այնպես էլ մնացել է: Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: Թող պատկան մարմինները քննեն»,- նշեց Խաժակյանը:

Իր հերթին «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հավելեց. «Քաղաքային իշխանությունը փակված է միայն «Իմ քայլը» խմբակցության մեջ, գրեթե ոչնչից մենք տեղյակ չենք, մենք իմանում ենք «Իմ քայլի»` ավագանու անդամների ստատուսներից»: