կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 23:45
Առանց Կատեգորիա

Դատավճիռ՝ Մաքսային միության "հագով"

Դատավճիռ՝ Մաքսային միության "հագով"

«Էպոսագետի» դատավճիռը մի ուրիշ ձեւ ցույց տվեց մեր դատական համակարգի ամբողջ թշվառությունը: Մարդուն դատապարտել են 14 տարի ազատազրկման: Ընդ որում` դատախազը 12 տարի էր պահանջում: Նշանակում է` դատավորը ջանացել է, որ այդ մարդու մեղքն ավելի մեծ երեւա:

 

Դատավճռի մեջ ոչ մի խոսք չկա հանցագործությունը կատարելու` Սեդրակյանի մոտիվների մասին: Հայրիկյանն, իր հերթին, ողջունում է դատավճիռը: Եվ ասում, որ իր դեմ մահափորձը մեզ Մաքսային միության ուղղությամբ տանելու առաջին քայլն էր: Հիմա տեսեք: Սովետի ժամանակ խելագարության նշաններ ցույց չտվող այլախոհին փակում էին հոգեբուժարանում: Այդպիսի դեպքեր եղել են: Այդպես վարվել են հանճարեղ Էդմոն Ավետյանի հետ: Հոգեբուժարաններում փակված ռուս պոետները նույնպես քիչ չեն: «Էպոսագետի» դատավճիռը հուշում է, որ մենք ավելի խոշոր քայլերով ենք գնում Մաքսային միության ուղղությամբ, քան սպասվում էր, եւ շատ տարօրինակ է, որ այս ամբողջ երթի քավորը ակամայից դառնում է Հայրիկյանը, և  հետաքրքիր է, որ այդ երթն ուղեկցվում է` անմեղսունակության նշաններ ցույց տվող մարդուն բանտում փակելով: Հասկանո՞ւմ եք՝ այնքան անպատիժ են դա անում, որ թվում է, թե դատավարության փոխարեն ուղղակի օրը ցերեկով փողոցում ճակատից կրակել են:

 

Որովհետեւ եթե մոտիվ չկա, բայց մեղավոր է, ուրեմն անմեղսունակ է, եթե մոտիվ կա ու մեղավոր է, բայց չեք ասում, ուրեմն հանցագործության թիկունքում իշխանությունն է: Եթե մոտիվ կա ու մեղավոր չէ, այլ ուրիշն է մեղավոր, ուրեմն դարձյալ հանցագործության թիկունքում իշխանությունն է կամ Պարույր Հայրիկյանը, որը հանցագործությունից հետո լոյալ է դարձել Սերժ Սարգսյանի հանդեպ: Եթե մոտիվ չկա ու Վարդան Սեդրակյանը մեղավոր չէ, բայց դատապարտվում է 14 տարվա ազատազրկման, ուրեմն մեր գերքաղաքական ուղղության բանաձեւն է արձանագրված այդ դատավճռում: Այսինքն` դատավճիռը հենց այն փաստաթուղթն է, որի շուրջ էլ Պուտինն ու Սերժ Սարգսյանը կայացրել են իրենց պայմանավորվածությունը՝ Հայաստանը հրել Մաքսային միության ուղղությամբ:

 

Մեկը հարցնի՝ դո՞ւք եք ծնել էդ մարդուն, որ հետը ոնց ուզում վարվում եք: Ինչո՞ւ նրան չեք ասում, թե ինչում է մեղավոր: Մարդը չպե՞տք է իմանա, թե հանուն ինչի է կյանքի 14 տարին անցկացնելու ընտանիքից հեռու: Եթե ընկել եք կրակը ու չգիտեք, թե ինչպես վարվել հանցագործության հետ, որի իրական մոտիվները ձեզ ավելի ծանոթ են, քան Վարդան Սեդրակյանին, նշանակում է մենք էլ ապահովագրված չենք իռացիոնալ հաշվեհարդարներից: Իսկ իռացիոնալ հաշվեհարդարները ծանոթ են 1937 թվականի դատավարություններից՝ մարդկանց դատում էին առանց ապացույցների:

 

Ի՞նչ է կատարվում ժամանակակից Հայաստանում: Դատավճիռն արդեն ուրվագծում է այն փորձանքը, որի մեջ գտնվում ենք մենք` բոլորս: Երկիրը գլորել են փոսը եւ հիմա փոխանակ բացատրեն, թե ինչ ուղիներ են տեսնում` փոսից դուրս գալու, ավելի են խորացնում այն: Ինչո՞ւ: Որովհետեւ այլեւս չեն դիտարկում այն օրը, երբ կզրկվեն իշխանությունից: Հենց այդ ֆենոմենն էլ կոչվում է երկիրը հրել Մաքսային միություն: Չէ՞ որ միայն այդ միության երկրներում են իշխանությունները տասնյակ տարիներ մնում իրենց պաշտոններին: Այսինքն` այնքան երկար են մնում, որ այլ իրավիճակում իրենց չեն պատկերացնում, իրենք անպատժելի են, հետեւաբար, մյուսները՝ պատժի ենթակա: Իրենք անվիճելի ճշմարտության կրող են, մյուսներն` այդ ճշմարտությունը կասկածի ենթարկելու անընդունակ: Եվ ինչո՞ւ այս ամենը նրանք պետք է ցույց տային որեւէ լուրջ բան չարած մարդու օրինակով:

 

Սեյրան Հանոյան