կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 18:41
Առանց Կատեգորիա

Ինչպես Ղարաբաղը դարձնել Հարավային Օսեթիա

Ինչպես Ղարաբաղը դարձնել Հարավային Օսեթիա

Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբալովն այսօր հրավիրած` նախարարությունների և պետական գերատեսչություների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե Հր. Օսեթիան մտադիր է մտնել Ռուսաստանի  հետ միևնույն տնտեսական տարածության մեջ` հնարավոր համարելով անդամակցությունը Մաքսային միությանը: Այդ խորհրդակցությանը ներկա է եղել նաև ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, ով, ըստ ռուսական  «Ռոսբալտ»  տեղեկատվական գործակալության, ասել է. «Մենք անելիքներ ունենք: Եկել է ժամանակը ավերված տնտեսությունը վերականգնելուց անցնելու մեր համատեղ պլանների հաջորդ փուլի իրականացմանը»:

 

Չնայած արտաքուստ Տիբալովի հայտարարությունը հնչում է որպես Հր. Օսեթիայի կողմից ցուցաբերվող նախաձեռնություն, սակայն դրա հիմքերը դրվել են Կրեմլում: Դրա մասին վկայում է ոչ միայն կազմակերպված այդ խորհրդակցությանը Սուրկովի մասնակցությունը, այլ նաև` Տիբալովի պարզաբանումն այն մասին, թե իրենց այդ մտադրությունը քննարկվել է ՌԴ նախագահի հետ:

 

Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում կազմակերպված «Սահմանային համագործակցությունը եվրասիական ինտեգրացիայի համատեքստում» խորագրով միջազգային գիտա-գործնական մի կոնֆերանսում ռուս փորձագետներն առաջարկել էին «եվրասիական տարածաշրջանների» կարգավիճակ շնորհել Աբխազիային, Հարավային Օսիային և Մերձդնեստրին: Այդ կոնֆերանսին մասնակցել էին ՌԴ Դումայի, Կառավարության և անգամ` նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչը ցույց է տալիս, որ օրակարգ բերված այդ գաղափարը փորձագետների գլխում պատահական չի ծագել:

Դրան ժամանակին անդրադարձել էր նաև yerkir.am-ը:

 

Փաստորեն, Հր. Օսեթիայի նախագահի հայտարարությունը սկսված այս գործընթացի առաջին քայլն է: Հազիվ թե գոնե այս շրջափուլում Մոսկվան իսկապես ցանկանում է Հր. Օսեթիային և Աբխազիային ընդգրկել եվրասիական ինտեգրացիոն նախագծերում: ՄՄ մաս կազմող Ղազախստանը և Բելոռուսը հակված չեն ճանաչելու դրանց սուվերենությունը: Իսկ այդ ուղղությամբ Մոսկվայի շտապողականությունը և ճնշումները գործընկերների նկատմամբ կարող է արգելակել Մաքսային միության, առավելևս` Եվրասիական տնտեսական միության կայացման գործընթացը: Սակայն եթե ԵՄ-ին, այնուամենայնիվ, հաջողվի Արևելյան գործընկերության միջոցով Մոսկվայի ազդեցության գոտուց պոկել Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, ապա չի կարելի բացառել, որ Ռուսաստանը կարող է անտեսել այդ ներքին դիմադրողականությունը և որոշի կոշտ հակադարձել այս  սուբյեկտներին` միջազգային ճանաչման նոր գործընթաց  սկսելով: Իսկ դրա համար նա ունի ընդամենը մեկ ռեսուրս`նրանց ներգրավել եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծերում: Իսկ դա արդեն ուղղակիորեն սկսում է հակադրվել Հայատանի շահերին և սպառնում է վերջինիս դնել շատ անհարմար վիճակում:

 

Մի կողմ թողնելով Վրաստանի և Մոլդովայի հետ քաղաքական հարաբերություններին այդ հեռանկարից սպասվող վտանգները' ինքնաբերաբար առաջին պլան է մղվում Ղարաբաղի հարցը:

 

Հր. Օսեթիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի հետ ցանկացած տիպի հարաբերությունների ձևավորում, ինչն անխուսափելի է լինելու ՄՄ-ում դրանց և Հայաստանի ներգրավման պարագայում, նշանակելու է դրանց ինքնիշխանության ճանաչում: Այսինքն` ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչելու է այդ երեք պետություններին' ճանաչած չլինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ավելին` եթե ԼՂՀ-ն որևէ ձևով ՄՄ-ի հետ չինտեգրվի, ապա գոնե մաքսային ռեժիմի տեսանկյունից լինելու է Հայաստանից մեկուսացած:

 

 Մոսկվան ճանաչել է Հր. Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը, ինչը հեշտացնում է ուղղակի ձևով նրա շփումը վերջիններիս հետ' ՄՄ-ին ինտեգրելու տեսանկյունից: Մինչդեռ Մոսկվան չի ճանաչել ԼՂՀ-ն, ավելին' նրա շուրջ հակամարտության կարգավորման գործընթացում ունի միջնորդ համանախագահողի կարգավիճակ, ինչը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, որն այս պահին գոյություն չունի,  թույլ չի տա միակողմանիորեն ճանաչել ԼՂՀ-ն և նրան այդ կարգավիճակով հրավիրել ՄՄ: Պարզ է, որ սա չի կարող Երևանի մոտ բնական անբավարարություն չառաջացնել:

 

Ահա այս տեսանկյունից է, որ հատկանշական է դառնում ՌԴ նախագահին Զորի Բալայանի հղած բաց նամակը, որի ողջ նպատակը Պուտինին հասկացնելն է, որ Ղարաբաղին նման անորոշ հեռանկարի մատնելը լավ չէ ո'չ հայկական կողմի ու ո'չ էլ` Ռուսատսանի համար: Ահա թե ինչու է, թերևս, Բալայանը համոզում Պուտինին, թե ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացը հավասարազոր է ԼՂ-ն թուրքիային հանձնելուն, ինչից խուսափելու միակ ճանապարհը հայկական այդ տարածքը ՌԴ սեփականությունը դարձնելն է կամ այն միակողմանիորեն ճանաչելը' Հր. Օսիայի կամ Աբխազիայի նմանությամբ, կամ առնվազն ԼՂՀ-ն ևս  «եվրասիական տարածաշրջան» հռչակելը և որևէ մեխանիզմով այն ևս Մաքսային միությունում  ընդգրկելը: Բայց քանի որ այդքանն ասելու համարձակությունը պաշտոնական Երևանը չունի, դա անում է ռուսական իշխանությունների կողմից  «յուրային» ընկալվող Բալայանի միջոցով' ընդհուպ համակերպվելով այդ օպերացիան ձեռնարկել թե' Ղարաբաղի և թե' Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու և բացառապես Ռուսաստանի  տարածաշրջանային շահերի վրա հիմնվելու նամակային իրողության հետ: Այլ կերպ ասած' եթե Հր. Օսեթիան ՄՄ-ին միանալու մասին հայտարարում է իր նախագահի'Տիբալովի մակարդակով, ապա հայկական կողմը խնդրում է Զորի Բալայանի միջոցով:

 

Սա, իհարկե,  ավելին չէ, քան այս տարբերակի հետ կապված Կրեմլի տրամադրությունների շոշափումը: Բայց այն գրեթե անիմաստ է առաջին հերթին այն պատճառով, որ եթե զորիբալայաններն առաջնորդվում են Ռուսաստանի' մեկ կամ երկու հարյուրամյակ առաջվա շահերով, ապա ինքը' Մոսկվան`իր ներկայի ու ապագայի, որտեղ  հարձակողական զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին և վերջինիս, Թուրքիայի հետ միասին, հռչակում որպես ստրատեգիական դաշնակից:

 

Գևորգ Դարբինյան        




Գծանկարը` Արզոի