կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-11 18:02
Առանց Կատեգորիա

Հայաստանում ծնելիության մակարդակն ու Փոստանջյանի հարցը

Հայաստանում ծնելիության մակարդակն ու Փոստանջյանի հարցը

Հայաստանում էլ տղամարդիկ ֆիզարձակուրդի իրավունք ունեն. այսինքն` ըստ ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 173 հոդվածի,երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: Ընդ որում` արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը: Չնայած` ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների` մինչ օրս մի քանի հոգի են օգտվել իրենց այդ իրավունքից...

 

Սա ամենեւին էլ զվարճալի օրենսդրական դրույթ չէ, այլ մեզ համար, առավել եւս այսօրվա դրությամբ, կենսական նշանակություն կարող է ունենալ. այսպիսի ինստիտուտ կա Շվեդիայում, որտեղ ծնելիության մակարդակի աճ ապահովելու համար պետությունը, մի շարք այլ գործիքներից բացի, նաեւ այս ինստիտուտն է կիրառում, որպեսզի զույգերը` հատկապես մայրերը, երեխա ունենալուց չվախենան ու իմանան, որ իրենք ստիպված չեն մենակ խնամել իրենց փոքրիկին:

 

Ժողովրդագրական իրավիճակն այսօր Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետեւ բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան եւ մահացությունը կամ ծերացումը, բոլոր երեք ցուցանիշներով Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին արձանագրում: Որպեսզի խոսքն ավելի ճշգրիտ հնչի, նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր` Հայաստանում ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել` ծնելիության գործակիցը 2,5-2,6 - ից հասնելով նրան, որ այսօր 1,5-1,6 երեխա է ծնվում վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով: Այսինքն` 10 զույգերը միասին, այսինքն` 20 հոգին,  ովքեր դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա. 20 հոգուց վերարտադրվում է 15 երեխա: Եվ որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, պետք է որ վերարտադրողականության գործակիցը լինի 2,1:

 

Այսինքն` ընդհանուր ցուցանիշներով` 10 զույգերը պետք է առնվազն 21 երեխա ունենան, 20 հոգուց ծնվի 21 երեխա, որ հասարակությունը վերարտադրվի: 2,1 գործակցի 0,1 կետը ընդունվում է այն պարզ տրամաբանությամբ, որ, Աստված չարասցե, մինչեւ վերարտադրողական տարիքին հասնելը երեխաների մահացությունների եւ այլնի հետեւանքով անգամ հասարակությունը կարողանա վերարտադրվել: Կարճ ասած` հայերը սկսել են քիչ երեխա ունենալ:

 

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը,մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը եւ այլն: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` անկախության  սկզբնական տարիներին մենք ունեցել ենք բավականին մեծ արտագաղթ` 2000 թվականից հետո` մինչեւ 2006,2007 թվականները,միգրացիան, հատկապես արտագաղթը, ստաբիլիզացիայի է ենթարկվել, եւ անգամ մենք ունեցել ենք շատ չնչին, բայց դրական միգրացիայի սալտո: Այիսնքն` ավելի շատ մարդ է տարվա կտրվածքով եկել Հայաստան, քան` Հայաստանից հեռացել: Սակայն 2008-2009 թվականներից սկսած' նորից մենք ունեցանք բավականին լուրջ միգրացիոն հոսքեր, որոնք, համաձայն ընդունված ցուցանիշների, սահմանային կետերից հավաքագրված ինֆորմացիայի, որն այսօր միակ պաշտոնական ու հասանելի ինֆորմացիան է, եւ ըստ որի` հաշվարկվում է ամբողջ տարվա ընթացքում երկրից դուրս եկած ու երկիր վերադարձած քաղաքացիների տարբերությունը, մենք մոտավորապես տարեկան 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

 

Երրորդ  լուրջ խնդիրն է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4 տոկոս ցուցանիշ , եւ արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

 

«Մինչեւ 13 տոկոս ծերացող է, իսկ 13-ից ավելի տոկոսը 60 եւ ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարեւոր բան արժե այստեղ ասել, որ 2017 թվականին առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Այիսնքն` հասարակության մեջ մեծահասակների, երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչեւ 2050 թվականն, ընդհանրապես, ըստ ՄԱԿ կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

 

Մի խոսքով` սա շատ կարեւոր ու բազմակողմ թեմա է: Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդրը, աշխատուժն է քչանում, հետեւաբար նաեւ տնտեսական ակտիվույթւոնն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետեւը, օրինակ, ավելի երիտասարդ բնակչությւուն ունեցող երկրի համար ավելի կարեւոր է առավել զարգացնել նորագույն տեխնոլոգիաների եւ նման այլ ոլորտներ, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների եւ այլ ոլորտները: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրեը, որպեսզի մարդիկ, մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու ստեղծել բարիքներ:

 

Նման դեպքերում առաջանում է նաեւ պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետեւ եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, ախատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ 3,5 աշխատունակ են պահում 1 թոշակառուի, իսկ 2020 թվականին, դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1:1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ- տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ բոլոր տեսակի քաղաքականությունները:

 

Ուստի, չենք  զլանա եւս մեկ անգամ կրկնել, հիշեցնել, որ երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր հարցերը սրանք են` երկրում բեմադրվող շոուներից ավելի կարեւոր: Ի վերջո եկեք հասկանանք, որ սրանք ավելի կարեւոր հարցեր են, քան Փոստանջյանի հնչեցրած հարցը ԵԽԽՎ-ում...

 

Գևորգ Ավչյան