Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք Ռոբերտ Ամիրխանյանի դեմ ոչինչ չունենք, մենք նրան երբեւէ չենք վիրավորել, իսկ երեկ նա ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե երիտասարդ կոմպոզիտորներին հրահրում են ինչ-ինչ քայլեր անել: Պաշտոնապես հայտարարում եմ` ինձ` Հովիկ Սարդարյանիս, ոչ ոք չի հրահրում ինչ-որ քայլ անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը:
Հիշեցնենք, որ երեկ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` կոչ անելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության /ՀԿԵՄ/ առաջիկա նախագահական ընտրություններում ընտրել ընդդիմադիր թեկնածուին:
Սարդարյանը նշեց, որ վստահ կարող է ասել` կոմպոզիտորների միությունում ոչինչ չի կատարվում: Նրա հավաստմամբ` իր ստեղծագործությունները երբեւէ չեն հնչել միության կազմակերպած համերգներին, որոնց որակի մասին խոսել չի ուզում. «Միությունը չունի խորհուրդ, այն գործում է միանձնյա»:
Երիտասարդ մեկ այլ կոմպոզիտոր` Սերգեյ Ուրոմյանը, նշեց, որ միությունը հետ է մնում ժամանակի թելադրանքներից եւ անհաղորդ մնում ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին:
«Երեկ Ամիրխանյանն ասել էր, թե երիտասարդների պահանջն անառողջ է, քանի որ նրանք միության անդամ չեն: Այո, մենք միության անդամ չենք, քանի որ մեր դիմումները, որոնք ներկայացրել ենք դեռ 1 տարի առաջ, մինչեւ հիմա անպատասխան են մնացել: Իսկ մյուս մասը միության կազմում չեն, քանի որ ճահճացած վիճակ է միությունում: Մենք միության անդամ դառնալու ցանկություն կունենանք, երբ մեր բարձրացրած հարցերի պատասխանը մեր ավագ սերունդը ստանա, քանի որ միությունը նախ ավագ սերունդն է ղեկավարում»,- ասաց Ուրոմյանը:
Ըստ նրա` երբ միության նախագահը Էդվարդ Միրզոյանն էր, ամեն ինչ այլ էր` լայն հնարավորություններ էին ստեղծվում ժամանակակից կոմպոզիտորների գործերը հնչեցնելու համար ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ արտերկրում. «Փառք Աստծո, այս տարի մեր ռեկտորի եւ մի քանի կոմպոզիտորների շնորհիվ կազմակերպվեց համերգ, որտեղ հնչեցին բակալավրիատն ավարտող կոմպոզիտորների դիպլոմային աշխատանքները: Կարծում եմ` գոնե տարին մեկ անգամ պետք է երիտասարդ կոմպոզիտորների գործերը համերգի տեսքով ներկայացնելու հնարավորություն ընձեռեն»:
Հովիկ Սարդարյանի հավաստմամբ` մարդիկ բողոքում են, որ կառավարությունն իրենց անուշադրության է մատնել, իսկ ի՞նչ ասեն իրենք, երբ անտեսված են սեփական «տան կողմից». «Չէ՞ որ միությունը մեկին ծառայելու համար չէ ստեղծվել: Միությունը լայն հնարավորություններ ունի երիտասարդ կոմպոզիտորներին աջակցելու, սակայն չի օգտագործում այն»: