կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-05 14:41
Տնտեսական

Ինչո՞ւ պետք է ''Գազպրոմ''-ն ինքն իր հետ պայմանագիր կնքի

Ինչո՞ւ պետք է ''Գազպրոմ''-ն ինքն իր հետ պայմանագիր կնքի

Անցնող շաբաթ, բացի ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյան-Սերժ Սարգսյան «սիրալիր շփումներից», մի շատ ավելի կարեւոր բան կատարվեց, որն արդեն, ցավոք, վերաբերում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին. հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ ինքը 6 ամիս է, ինչ փորձում է գլուխ հանել գազի գնից, բայց իրեն դա չի հաջողվում, քանի որ նրա հարցումներին նորմալ պատասխաններ չեն տրվել: Հետո վարչապետն անսպասելի բացահայտիչ ելույթով հանդես եկավ ու հայտարարեց, որ գազի թանկացման պայմանագիր չի եղել, ինչը սպառնում էր վերածվել մեծ սկանդալի:

 

Բայց ԱԺ ճեպազրույցների օրը իր կուսակիցներին փորձեց փրկօղակ նետել Գալուստ Սահակյանը` հայտարարելով, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ որեւէ նման պայմանագիր չկա: «Գազպրոմի» եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ նման պայմանագիր կա»,- ասաց նա: Չնայած` այդպիսի պայմանագիր էլ դեռ ոչ ոք հրապարակավ ցույց չի տվել: Ամեն դեպքում` ՀԱԿ պատգամավորին բազմաթիվ հարցումներից հետո հասկանալի է դարձել, որ եթե անգամ ինչ-որ բան ստորագրված է, այն թաքցնում են, որովհետեւ այդ պայմանագիրը որեւէ մեկը չի տեսել: Իսկ եթե կա, ուրեմն դրանում այնպիսի բաներ են գրված, որ հրապարակել չի կարելի:

 

«Եթե չկա պայմանագիր» տարբերակն, ինչպես ասում են, ավելի է քաղցրացնում կենացները, որովհետեւ այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ինչի՞ հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց ու բավարարեց Հայաստանում գազի մատակարարման մենաշնորհատեր «Հայռուսգազարդ» ընկերության կողմից գազի գնի բարձրացման դիմումը…

 

Մեր իշխանությունները, իհարկե, փորձում են արդարանալ` նշելով, որ երկրների միջեւ գազի գնի պայմանագիր չի կնքվում, կնքվում է ընկերությունների միջեւ: Բայց հաշվի չեն առնում մեկ պարզ բան` «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Հայաստանին գազ մատակարարող ռուսական «Գազպրոմ»-ին: Ինչո՞ւ պետք է «Գազպրոմ»-ն ինքն իր հետ պայմանագիր կնքի: Այսինքն` ակնհայտ է, որ եթե գազի թանկացման պայմանագիր գոյություն չունի, ինչ-որ մեկը, մի քանի այլ մարդկանց օգնությամբ, ինքնուրույն գազի գին է որոշել ու բարձրացրել, իսկ մեր պետական ապարատը` սկսած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից մինչեւ ամբողջ կառավարությունը, անգործություն են դրսեւորել եւ ի վիճակի չեն եղել այս խնդրի առաջն առնել: Իսկ եթե ի վիճակի չեն եղել, ուրեմն ի՞նչ պետք է անեն. պետք է հրաժարական տան…

 

Սրան գումարած նաեւ այն, որ կառավարության հրաժարականի մեկ այլ` ոչ պակաս ռեալ առիթ էլ կար. կառավարության հետ հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ նախագահը կառավարության առջեւ հստակ պայման դրեց` կա'մ ապահովել 7 տոկոսանոց տնտեսական աճ, կա'մ հրաժարական տալ: Ամեն ինչով հանդերձ, արդեն ակնհայտ է, որ կառավարությունը չի կարողացել ապահովել նախագահի պահանջած ցուցանիշները: 

 

Մի խոսքով` արդեն ոչ թե հասունացել, այլ գերհասունացել է կառավարության` հրաժարական տալու ժամանակը: Սակայն կառավարությունը ոչ միայն դեռ շարունակում է իր լիազորությունները կատարել, այլեւ փորձում է բոլորին համոզել, որ Հայաստանում ամեն ինչ հիանալի է:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ