Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի թիմում մի շարք գործիչներ սխալներ թույլ տվեցին միջազգային ասպարեզում հարաբերությունների հաստատման հարցում, ինչն անփորձության հետևանք է: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարեց «Երկխոսություն» ՀԿ–ի նախագահ Յուրի Նավոյանը` հավելելով, որ հետհեղափոխական էներգիան ճիշտ տրանսֆորմացնելու և հայ-ռուսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու խնդիր կա:
Այս համատեքստում Նավոյանն առաջարկեց «Իմ քայլին» համաձայնագիր կնքել «Եդինայա Ռոսիայի» հետ, որպեսզի անփորձ հայ պաշտոնյաները ծանոթանան ՌԴ-ի որոշումներ կայացնելու նրբություններին, և որ ամենակարևորն է՝ ՀՀ կառավարությունը պետք է ռուսական ռազմարդյունաբերական հիմնարկներին աշխատանքի օրակարգ առաջարկի:
Նավոյանը նկատեց, որ առկա է Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան տանդեմ, և թե խորհրդանշական է այն, որ երկուսն էլ գտնվում են Դավոսում:
Անդրադառնալով «Լազարյան» ակումբի գործունեությանը, բանախոսը նախ անընդունելի համարեց Երևանում ակումբի առաջին նիստի անցկացումը նախընտրական շրջանում:
«Դա ոչ մի կապ չունի այն ընդհանուր գաղափարի և սկզբունքի հետ, որ մենք ցանկանում ենք ընդլայնել գլոբալ երկխոսությունը մեր հասարակությունների միջև: Ակնհայտ էր քաղաքական համակրանքը կոնկրետ ուժի նկատմամբ: Ցավոք, առաջին քայլը կատարվեց այս ուղղությամբ, մենք գիտենք, որ հայ հասարակության շրջանում այն ևս միանշանակ չընդունվեց: Հենց այս պատճառով չմասնակցեցինք ակումբի առաջին նիստին: Ես կողմնակից եմ նման հարթակների ստեղծմանը՝ պայմանով, որ այն չի սպասարկի քաղաքական նեղ շահեր կամ կորպորատիվ ինչ-որ հետաքրքրություն»,-ամփոփեց նա:
Հանդիպմանը ներկա «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր հերթին անդրադառնալով վերևում նշված մտքերին՝ նոր պաշտոնյաների անփորձության հետ կապված, նշեց, որ նրանք դեռ սովորելու ժամանակ ունեն՝ հասարակության վստահության լիմիտը 2-3 տարի է:
«Այդ ժամանակահատվածում իշխանությունը պետք է արդարացնի հասարակության հույսերը և սպասումները»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի հասարակությունը ՀՀ նոր իշխանությունից ակնկալում է այն հավասարակշռված քաղաքականության շարունակականությունը, ինչը եղել է անցած 25 տարիների ընթացքում:
«Սա չի նշանակում, թե փոփոխություններ չպետք է լինեն, բայց դրանք պետք է լինեն փափուկ և արդյունավետ»,-եզրափակեց նա: