կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 12:05
Քաղաքական

Իշխանությունն իրավիճակից չի օգտվի. Ռուբեն Հակոբյան

Իշխանությունն իրավիճակից չի օգտվի. Ռուբեն Հակոբյան

 

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հաստատեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն անելու հարցի կապակցությամբ, իրոք, խորհրդակցել է խորհրդարանական խմբակցությունների հետ:

 

Հակոբյանը, սակայն, համարում է, որ ճիշտ կլիներ, ավելին` պարտադիր, որ Աբրահամյանը հայտարարեր նաեւ, թե ինչպիսի դիրքորոշումներ ունեն խմբակցությունները: Նա եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ինքը դեմ է եղել ԱԺ ամբիոնից արվելիք`  Աբրահամյանի հայտարարությանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ Փոստանջյանի հետ դեռ չի խոսել, հարցը չի քննարկվել նաեւ խմբակցությունում եւ կուսակցության վարչությունում: «Չգիտեմ` կանդրադառնա՞նք, թե՞ ոչ այդ հարցին, բայց կարծում եմ` կանդրադառնանք»,- ասաց Հակոբյանը:

 

Նա եւս մեկ անգամ նշեց, որ Փոստանջյանի հարցի հիմնական հատվածը քաղաքական բնույթ չուներ: «Քաղաքական ամբիոնը լիարժեքորեն պետք է օգտագործվի քաղաքական հարցադրումների համար, պետք է առաջնահերթությունները հաշվի առնվեն»,- ասաց Հակոբյանը:

 

Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե ինչո՞ւ իր գնահատականը չի հնչեցնում Րաֆֆի Հովհաննիսյանը, Հակոբյանը խորհուրդ տվեց դիմել Հովհաննիսյանին:

 

Հարցին` Սերժ Սարգսյանը կազինոյում խաղո՞ւմ է, Հակոբյանը արձագանքեց, որ այդ հարցին պատասխանելը կոռեկտ չի համարում:

 

Մեր այն դիտարկմանն էլ, թե, ելնելով Վիկտոր Դալլաքյանի փորձից, երբ վերջինս եւս հայտարարում էր, որ նախագահը կազինոյում խաղում է, հնարավո՞ր է`  Փոստանջյանն էլ պաշտոնի առաջխաղացում ունենա, Հակոբյանն ասաց, որ չի պատրաստվում ենթադրությունների պատասխանել:

 

Ի դեպ, վերջում նա հստակ հայտարարեց նաեւ, թե չի կարծում, որ իշխանությունն այս իրավիճակը կօգտագործի ընդդիմադիրների հանդեպ հետապնդում իրականացնելու համար: