կարևոր
2797 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-23 13:19
Քաղաքական

Պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերության «Здесь и сейчас» ծրագրին, որը ներկայացնում ենք ստորև.

Дождь - Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք այդքան տարի կարոտ էին խաղաղության և, կարծում եմ, սպասում էին իրավիճակի միանգամայն այլ հանգուցալուծման։

Ռուբեն Վարդանյան- Նախևառաջ՝ ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում, որ որոշումն ընդունված է, ավելին՝ որ այդ որոշումը կյանքի կկոչվի, որովհետև նա դրա իրավունքը չունի․ իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից։ Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Ուստի, կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե, որ նա ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է այն, ինչ նա առաջարկում է։

Дождь - Իրադարձությունների ի՞նչ զարգացում եք հիմա տեսնում։ Փաշինյանը շարունակում է լեգիտիմ վարչապետ լինել։ 

Ռուբեն Վարդանյան- Վարչապետն ունի լիազորությունների որոշակի  սահմանափակումներ։ Եվս մեկ անգամ նշեմ՝ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, հետևաբար՝ հանրաքվե և, կարծում եմ, բոլոր առողջ ուժերի համախմբում, որոնք պետք է ասեն, որ դա անհնար է, որ Արցախում ապրող 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան, և դրսից ոչ մեկը չի կարող նրանց վզին փաթաթել այդ որոշումը։

Дождь - Սպասվո՞ւմ են արդյոք առաջիկայում հանրային բողոքներ հենց Լեռնային Ղարաբաղում և Երևանում։

Ռուբեն Վարդանյան- Գիտեք, Փաշինյանի հակավարկանիշը բացառիկ էր՝ 96 տոկոս և, կարծում եմ, հիմա՝ հերթական հայտարարությունից հետո, այն դարձել է 100 տոկոս։ Ուստի, այս հարցում որևէ տարակարծություն չկա․ և՛ Ազգային ժողովը, և՛ հանրապետության ղեկավարությունը, և՛ ամբողջ ժողովուրդը համերաշխ է այն հարցում, որ նման որոշում կայացնելու իրավունք ունի միմիայն Արցախի ժողովուրդը և լեգիտիմորեն ընտրված իշխանությունը, որը ևս չի կարող միանձնյա որոշում կայացնել՝ այլ միայն Արցախի ժողովրդի հետ համատեղ։

Дождь - Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ի՞նչն է նրա ստիպել։

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, մենք չգիտենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում բանակցությունների կուլիսներում, սակայն մեկ բան կարելի է ասել․ պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից։ Չնայած նրան, որ նա վերընտրվել է 2021 թվականին, միևնույն է, տեսանելի է, որ նրա վրա այնքան մեծ է ճնշման բեռը, որ նա այդպես էլ իր մեջ չի հաղթահարել այդ պարտվողական տրամադրությունը։ Եվ նա չի գիտակցում, որ այն ամենը, ինչ ինքն ասում է, ոչ միայն պարզապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է, այլև դրան հաջորդելու են բազմաթիվ ճակատագրական գործողություններ, որոնք անհնար են լինելու կանգնեցնել։ Հետևապես՝ կամ նա չի հասկանում, թե ինչ է անում, բայց այս դեպքում, իրոք, մեծ հարց է ծագում՝ ինչպե՞ս նա կարող է վարչապետ լինել, կամ նա հասկանում է, թե ինչ է անում, իսկ սա առավել սարսափելի է, քանի որ այն, ինչ նա անում է, հանգեցնելու է աղետալի հետևանքների Արցախում ապրող մարդկանց համար, ինչպես նաև Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդելու է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու Հայաստանում։ Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը։

Дождь - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է խաղացել այս որոշման ընդունման հարցում Ռուսաստանը և ինչ դերակատարում ունի Ռուսաստանը հիմա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։

Ռուբեն Վարդանյան- Ռուսաստանը մեծ դերակատարում է ունեցել և ունի Հարավային Կովկասում, ինչպես նաև մյուս խաղացողներ, որոնք այստեղ ակտիվ ներկայություն ունեն՝ առաջին հերթին Իրանը  և Թուրքիան, ինչպես նաև Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ։ Այստեղ մեծ շահերի բախում կա և, իսկապես, խոշոր երկրների միջև մեծ խաղ է ընթանում։ Մենք չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, բայց համոզված եմ, որ շատ բան կախված է հենց մեզանից, թե մենք որքան հստակորեն ու պարզորոշ կհասկացնենք բոլորին, բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, որ Արցախի ժողովուրդը չի համաձայնելու Ադրբեջանի կողմից այս տարածքի օկուպացիայի մոդելին, և այստեղ հայեր չեն ապրելու, քանի որ այն հռետորաբանության, այն քարոզչության պարագայում, որը հնչում է Ադրբեջանից, շատ դժվար է պատկերացնել, թե ոնց են ապրելու էթնիկ փոքրամասնությունները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ չկա խոսքի ազատություն, որտեղ առօրյա հսկայական խնդիրներ կան։ Մենք վաղուց որոշել ենք ու ասել, որ ապրելու ենք կողք կողքի, բայց ոչ միասին բանաձևով։ Մենք հասկանում ենք, որ մենք հարևաններ ենք լինելու, բայց սա միակ մոդելն է, որը մենք տեսնում ենք որպես հնարավոր մոդել, եւ դրա համար տարիներ, տասնամյակներ կպահանջվեն, որ փոխադարձ պահանջները, փոխադարձ կուտակված, այդ թվում՝ բացասական հարաբերությունները հարթվեն։ Սակայն անել այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ ատրճանակի փողի ներքո, երբ քեզ ստիպում են ինչ-որ բանի մաս դառնալ, դա ոչ մի լավ բանի չի բերելու։

Дождь - Բայց հավանական է, որ կարող է կրկին սկսվել պատերազմի թեժ փուլը։ Պարզ է, որ Ադրբեջանն ավելի մեծ ուժ ունի, ավելի շատ ֆինանսական միջոցներ և, այսպես ասած, միլիտարիստական ճնշում այս իրավիճակում։

Ռուբեն Վարդանյան- Մենք ապրում ենք մեր հայրենիքում, և դա հսկայական ուժ է։ Ես կարող եմ Ձեզ օրինակներ բերել, այդ թվում՝ 1940 թվականի ֆիննական պատերազմը, Վիետնամի ու Ամերիկայի միջև պատերազմը, Կուբայի ու Ամերիկայի հակամարտությունը, երբ վերջինս փորձում էր գրավել կղզին։ Միշտ, երբ դու ունես ոգի, ունես կամք և պատրաստ ես գնալու մինչև վերջ, մարդկության պատմության մեջ եղել են տասնյակ օրինակներ, երբ փոքր երկրները կամ տարածքները պաշտպանել են իրենց անկախ գոյության իրավունքը՝ ի հեճուկս ուժերի հսկայական գերազանցության։ Մենք այստեղ պայքարում ենք մեր հողում, մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար, և այս առումով դա մեզ ահռելի ուժ է տալիս։