Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում կստեղծվի էլեկտրոնային տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններին աջակցող վենչուրային ֆոնդ` «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» անվամբ: Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության արժանացրեց այդպիսի ֆոնդի ստեղծման ծրագիրն ու հաստատեց պետության մասնակցությունը «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
Ըստ այդմ` կառավարության կողմից «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված համախառն գումարը` A դասի արտոնյալ մարվող բաժնետոմսերի, B դասի արտոնյալ փոխարկելի բաժնետոմսերի և C Դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց չի կարող գերազանցել 3,300,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:
«Սա միջազգային ընդունված ձեւ է` ֆինանսավորել գիտատար տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններին, եւ կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վաղուց առաջացել է նման ֆոնդի ստեղծման անհրաժեշտությունը: Այն երկրները, որոնք կիրառում են այսպիսի ֆոնդեր, ինչպիսիք են Սինգապուրը, Իսրայելը, էական արդյունքներ են արձանագրել: Եվ այստեղ, այս որոշմամբ, կառավարության մասնակցությունը լինելու է 3 միլիոն 300 հյազար ԱՄՆ դոլարի չափով, որին համապատասխան նաեւ մասնավոր ներդրումներ են կատարվելու` մինչեւ 3 միլիոն դոլարի չափով:
Այդ ներդրումների հիման վրա ֆինանսավորվելու են զուտ սկսնակ եւ նորարարական ձեռնարկությունները: Իհարկե, այստեղ մենք ակնկալում ենք, եւ դա հստակ ձեւակերպված է պայմանագրում, որ բոլոր այդ ձեռնարկությունները պետք է գրանցված լինեն ՀՀ-ում կամ դրանց հիմնական գործունեությունը պետք է ծավալվի Հայաստանում»,- որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ այդ հիմնադրամը կսկսի իր աշխատանքները,: Նախարարը պատասխանեց, որ պայմանագիրը ստորագրելիս եղել են պայմանավորվածություններ, որ ծրագրի առաջին փուլն է համարվում ներդրումները մինչեւ 1,5 միլիոն դոլարի հասցնելը, եւ պետք է այդ ներդրումները հավաքագրվեն, որ ֆոնդը սկսի իր աշխատանքները:
«Կարելի է ասել, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք սկսում ենք ակտիվորեն աշխատել»,- ներկայացրեց Վահրամ Ավանեսյանը:
Նշենք, որ վենչուրային ֆոնդերը ստեղծվում են` ֆինանսավորելու համար բարձր ռիսկայնություն ունեցող, բայց հեռանկարային համարվող ոլորտների զարգացման ծրագրերը` այդ ոլորտներում գործող հիմնարկներին ու ընկերություններին ֆինանսավորելու համար: Վենչուրային հիմնադրամներ ստեղծելով` կառավարությունները, սովորաբար, հաշվի են առնում, որ այդ ֆոնդերից տրամադրվող միջոցները կարող են եւ չվերադառնալ, բայց դա համարվում է նորմալ, որովհետեւ նախ` նպատակին ծառայելիս դրանք խիստ արդարացված են ու բերում են զարգացում, երկրորդ` նույնիսկ անհաջողության մատնվելու դեպքում ֆոնդերից տրամադրված միջոցները չեն կորչում, մնում են տնտեսության մեջ: