Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուշ գիշեր էր: Տեր-Զոր քաղաքի սրճարաններից մեկում վայելում էինք Տիգրան Ավետիսյանի հյուրասիրությունը: Տիգրանից ուՎարդանից բացի տերզորցի մի ուրիշ հայ էլ էր եկել՝ ՊետրոսԴաքեսյանը: Նիհար, տխուր աչքերով այդ հայը խոսելիս ասես ամաչում էր.
- Հայերենս քիչ մը տկար է, ներող եղեք:
- Չէ, ինչու, լավ էլխոսում եք,- փորձեցի քաջալերել նրան:
- Չորս կողմնիս արաբներ են, գործերնիս ալ անոնց հետ է:
Պողոսի ձայնի մեջ մի տեսակ ուրիշ տխրություն էլկար. հայ է, էն էլ՝ ՏերԶորից, աչքերն էլ տխուր կլինեն, ձայնն էլ;
Մեկ ամիս առաջ Պողոս Դաքեսյանը անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքին էր ուղեկցել մահվան անապատ, վաղն առավոտյան էլիմուղեկիցն էր լինելու:
«Խանութդ պիտի գոցես»,- Տիգրանի ձայնի մեջ ե՛ւ խնդրանք կար, ե՛ւ կարգադրություն:
Պողոսը մեղմ ժպտաց.
- Հոգ չէ,- ասաց,-կգոցեմ:
- Առավոտ կանուխ բռնեցինք Մարգաթե-Շատտադեի ճանապարհը: Ավազե անպտուղ օվկիանոսին սկսեցին հաջորդել կանաչ ծիլ տված արտերը:
- Անապատն անցա՞նք,- հարցրի Վարդանին:
- Չէ, սա էլ անապատ էր, բայց ջուրը այստեղ հասավ:
Մայիս ամիսն էր: Մտաբերեցի մեր քարամաշկ երկիրը: Քանդվեց կարոտի կծիկը: Ո՞ւր հասա՝ չգիտեմ, Վարդանի ձայնը ետ բերեց.
- Ափսոս, որ Էնվերին ու Ջեմալին չտեսաք:
- Հայե՞ր էին,- հետաքրքրվեցի:
- Մոր կողմից:
- Հայրն էլ արաբացած հայ էր կարծեմ,- ավելացրեց Պողոսը:
- Մարիամին տղաքների՞:
- Չեմ հիշեր, Մարիա՞մ էր անունը:
- Անոնց պատմությունը գիտե՞ս,- Վարդանի հարցը Պողոսին էր ուղղված:
Ուշադիր հետեւում էի խոսակցությանը: Վարդանը պատմեց.
«Անոնք՝ Էնվերն ու Ջեմալը, գիտեն, որ հայ ծնողի զավակներ են, բայց անուննի՞ն....Մորը հանդիմանանքով հարցուցած են, թե ինչո՞ւ այդ հայակերներուն անուններն է ընտրած իրենց համար: Մայրը պատասխանած էր. «Կվախնայի, որ մեծնաք ու մոռնաք մեզ կոտորողներուն անունները: Դրի, որ հիշեք, չմոռնաք, որ ՎՐԵԺ ունեք»»:
-Լսած էի այդ պատմությունը,- ասաց Պողոսը, բայց չեմ հիշեր, թե ով պատմած է:
Հեռվում երեւացող գետը Խապուրն էր: Այս գետն էլ, Եփրատի պես հազարավոր հայ երեխաների ու կանանց վշտի ու սպանդի ականատեսն է եղել, քիչ այս կողմ՝ գետի հին հունն է, որը հիմա դատարկ, խրամատ էր հիշեցնում: Ո՞վ գիտե, գուցե իր մեջ անմեղ մարդկանց խեղդամահ դիակներ կլլած այս գետը խռովել ու փոխե՞լ էր հունը: Խապուրի հին ափին խեղդված ու խեղդամահ արված դիակների ոսկորներ են դեռ գտնում:
«Կարավանը երեք օր քալելե վերջ հասավ Խապուր գետի եզերքը գտնվող Շատտադե գյուղը: Ճամփու ընթացքին շատեր ուժասպառ ըլլալով մահացան: Այլեւս ոչ ոք կմտածեր մեռելները թաղելու մասին: Շատտադե գյուղին մեջ արաբները մեր վիճակը որ տեսան, մեղքցան ու հաց բաժանեցին մեզի: Պատահեցան դեպքեր, երբ մեռածներուն միսը կեփեին եւ կուտեին ապրելու համար: Սակայն շատեր կը նախընտրեին գետը նետվել ու վերջ տալ այդ չարչարանքներուն:
Առավոտ մը, երբ լույսը չէր բացված, առանց մայրիկիս լուր տալու իջա Խապուրի եզերքը: Միտքս դրած էի լողալով գետը անցնել եւ արաբական վրաններ փնտրել» /Հարություն Արծիվյան, ականատես/:
Անձրեւաջրերից ճեղքված, լեռան դեմքին բացված ակոսները բաց վերքեր լիներ կարծես: Բաքոյի լեռն էր: Պողոսն այդ անունով էր կնքել Լեռը: Առաջարկեց բարձրանալ լեռան գագաթը ու տեսնել Բաքոյի կացարանը: Բաքոն՝ Պարգեւն է, ինչպես այս կողմերում՝ Աբդոն՝Ավետիսը, Տգորը՝ Տիգրանը: Պարգեւ անունով մի հայ է գաղթի տարիներին ապաստան գտել լեռան գագաթին, ու մինչեւ վերջին օրը մնացել այնտեղ: Անձրեւաջրերից բացված ակոսների հողաշերտերում ճերմակին էին տալիս մարդկային ոսկորներ, մարդկանց փխրուն գանգոսկրեր: Դե եկ ու ոտքդ ամուր դիր հողին: Լեռան գագաթին կացարանի գագաթին կացարանի մուտք հիշեցնող մի անցք կար, որն արդեն քարերով էր փակվել: Ասում են՝ Բաքոն՝ Պարգեւը, ներսում է մնացել: Նրան տեսնողները պատմում են, որ մինչեւ վերջերս էլ Պարգեւն ամեն օր լեռան գագաթից նայել է ճանապարհին ու սպասել իր հայրենակիցներից որեւէ մեկին: Կանգնել էինք քարերով զմռսված քարայր-կացարանի մուտքի առջեւ, ու ինձ թվում էր, թե մեր կորսված երկրի փակ դռան առջեւ ենք կանգնել:
Սահմանամերձ տարածք է այս շրջանը ու մեր այցելության մասին արդեն լուր էին տվել տեղի ոստիկանատուն;
Մի քանի գյուղացիներ արաբ ոստիկանների հետ ներքեւում մեզ էին սպասում երեւի:
Պողոսը մեզնից մի քանի քայլ առաջ ընկավ: Արաբ ոստիկանապետը առանձնացավ խմբից: Ամեն ինչ լավ է ուրեմն: Անհանգստանալու հարկ չկար:
Սպարտակ Ղարաբաղցյան
1990-1992