Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված համաներումը, որ պետք է հայտարարվի առաջիկայում, մինչ այս իրականացված 7 համաներումներից ամենատարածականն է: Ներառված են բազմաթիվ հոդվածներ, որոնք նախորդ համաներումներում չկային. դրանցով նախատեսվում է ե'ւ պատժից ազատում, ե'ւ պատժաչափի կրճատում:
Համաներում կիրառվում է
Համաներման այս տարբերակով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի պատիժ է կիրառվել: Պատժից ազատել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, մինչեւ 18 տարեկանը հանցագործություն կատարած անձանց, որոնք նախկինում դիտավորությամբ հանցագործություն չեն կատարել: Որոշումը ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց եւ կամ երեք տարեկան երեխա ունեցող անձանց: Անձանց, ովքեր մասնակցել են Հայրենական պատերազմին, ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ունեն բռնադատվածի կարգավիճակ: Համաներումը տարածվում է նաեւ այն դատապարտվածների կամ մեղադրյալների վրա, ովքեր հանդիսանում են վերջին երեք խմբի անձանց ծնողներ կամ զավակներ։
Պատժից ազատվում են նաեւ անձինք, ովքեր այժմ դատապարտվել են առավելագույնը 5 տարի ժամկետով եւ որոշումն ուժի մեջ մտելու օրվա դրությամբ պատժի 1/4-ը կրել են: Առավելագույնը տասը տարի դատապարտված անձանց, ովքեր 1/3-ն են կրել: Պատժից ազատվում են նաեւ այն անձինք, ովքեր անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար դատապարտվել են 5 կամ 10 տարվա ազատազրկման, բայց կրել են պատժի 1/4-ը:
Առաջարկվում է քրեական հետապնդում չհարուցել, քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաեւ կարճել մինչեւ 2013թ. սեպտեմբների 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը միայն այն դեպքերում, երբ անձը մեղադրվում է ազատությունից զրկվելու հետ չկապված պատիժ ունեցող հանցագործության մեջ կամ անձանց, որոնց համար պատիժ է նախատեսված առավելագույնը երեք տարի, անձինք, որոնք հանցագործություն են կատարել անզգուշությամբ եւ նախատեսված է մինչեւ 5 տարի պատիժ:
Կդադարեցվի պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատվում է 2/3-ով' անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, դիտավորությամբ հանցագործություն կատարած եւ 10 տարով դատապարտված անձանց նկատմամբ' 1/4-ով: Այն անձինք, ովքեր ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժվում են հարկադիր կարգով, բուժման կուրսից հետո ազատ կարձակվեն:
Առաջին անգամ համաներում է կիրառվելու նաեւ ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը եւ այլն։ Առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել վեց ամսով: Այս խմբի մեջ մտնում են երկար ժամանակով ազատազրկված անձինք։ Համաներմամբ ազատ արձակում եւ պատժաչափի կրճատում է նախատեսված նաեւ այլ հանցագործությունների դեպքում, որոնց մենք չանդրադարձանք:
Համաներում չի կիրառվում
Համաներում չի կիրառվելու այն անձանց նկամամբ, ովքեր որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամտորեն խախտել են: Այն անձանց նկատմամբ, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում պատժաչափի կրճատում են ունեցել նախագահի կողմից ներում շնորհելու եւ կամ ԱԺ կողմից համաներում հայտարարելու առիթով եւ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործության մեջ եւ կամ դատապարտվել են նույն մեղադրանքով: Այն անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ չի հարուցվել նախկինում հայտարարված համաներման շնորհիվ, բայց մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ եւ կամ դատապարտվել են:
Համաներումը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ համաներման մասին որոշումն ընդունելը հետախուզման մեջ են, բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ դեկտեմբերի 31-ը կամովին կներկայանան ՀՀ իրավապահ մարմիններին: Անձինք, ովքեր մինչեւ դատական ակտի` օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ չեն հարթել վնասը, նրանց նկատմամբ չին կիրառվի համաներում: Անձինք, ովքեր ազատ են արձակվել պայմանական վաղաժամկետ ու մինչեւ պատժի լրիվ կրումը դիտավորյալ հանցագործություն են կատարել, համաներման չեն արժանանա:
Համաներումը չի կիրառվելու ցմահ ազատազրկվածների, բռնաբարությունների, մինչեւ 16 տարին լրացածների դեմ բռնի սեքսուալ գործողությունների, ահաբեկչության, բանդիտիզմի, պետական գործչի սպանության եւ այլ դեպքերում:
Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված անձինք, ովքեր պատիժը կրում են ՀՀ-ում, որոշումը կիրառվելու է նրանց կատարած հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքով զսահմանվող հոդվածների համապատասխան: Համաներումը չի տարածվի այլ հոդվածներով եւս մեղադրվողների կամ դատապարտվածների վրա, որոնց մենք չանդրադարձանք:
Ովքե՞ր ազատ կարձակվեն
Ըստ առաջարկի` համաներմամբ ազատ կարձակվի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով 2012թ. հուլիսի 20-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով բազմաթիվ հայտարարություններ էին հնչել, այդ թվում' ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից:
Համաներմամբ ազատ կարձակվի նաեւ այս տարվա սեպտեմբերի 20-ին խարդախության մեղադրանքով կալանավորված պաշտոնաթող գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում ամիսներ շարունակ նախաձեռնել էր բողոքի ակցիաներ' պահանջելով ազատամարտիկների սոցիալական խնդիրները պետական միջամտությամբ լուծել: Այնուհետեւ կալանավորվեց Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խարդախություն՝ խոշոր չափերով):
Համաներումը կտարածվի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վրա, ով 2012թ. մայիսի 30-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման առանձնապես խոշոր չափերով յուրացումների կամ վատնման համար:
Համաներմամբ ազատ կարձակվի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ով 2012թ. մարտի 23-ին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման' պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն առաջացրել էր ծանր հետեւանքներ:
Համաներումը տարածվում է նաեւ փողերի յուրացման, խարդախության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ամբաստանվող, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի վրա: Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով: Առաջին հոդվածով նախատեսվում է ազատ արձակել, եթե պատժի մեկ երրորդը կրել է: Խաչիկյանի դատավճիռը դեռ կայացված չէ, եւ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կպարզվի, թե կոնկրետ որքանով է նրա վրա տարածվում համաներումը:
Նշենք, որ համաներման այս որոշումը կիրառվելու է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2013թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
ՀՀ-ում տեղի ունեցած համաներումները
Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել 7 համաներում, որոնցից 5-ը' Հայաստանի անկախության առիթով: Առաջինը 1995թ. սեպտեմբերին էր' Սահմանադրության ընդունման կապակցությամբ, երկրորդը' 1997 թ. մայիսին, հաջորդը' 1998 թ. սեպտեմբերին: Հաջորդ համաներումը Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով: Հինգերորդ անգամ համաներում հայտարարվեց 2006 թ. հունիսին, ապա' 2009-ին եւ 2011-ին: 2009-ի եւ 2011-ի համաներումներն ունեին ընդգծված քաղաքական ենթատեքստ: Հայաստանում քաղաքական մթնոլորտը չափազանց լարված էր 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների հետեւանքով: Հատկապես մարտի 1-2-ի արյունալի իրադարձություններից հետո բազմաթիվ մարդիկ հայտնվեցին բանտերում եւ ազատ արձակվեցին նշված համաներումների արդյունքում: 7-րդ համաներումը տեղի է ունեցել 2011 թվականին' անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ:
Սպասվելիք համաներումը 8-րդն է: Այս համաներման արդյունքում ազատ կարձակվի 400-ից 500 մարդ' անմիջապես: Իսկ թե մինչեւ դեկտեմբերի 31-ը քանի՞ հոգի ազատ կարձակվի ե, ընդհանրապես, քանի՞ հոգու վրա կտարածվի համաներումը, հայտնի չէ:
Բանտարկյալների թիվը
Համաներումն ունի դրական եւ բացասական կողմեր: Այն ժողովրդավարության նշան է եւ ցույց է տալիս, որ պետությունը առաջնորդվում է ժողովրդավարական, հումանիստական չափորոշիչներով եւ մշտապես իր մեղավոր քաղաքացիներին հնարավորություն է տալիս ուղղվելու:
Համաներումը նաեւ բացասական տրամադրություններ է հաղորդում, նախեւառաջ, որ այն կարող է բնավ էլ ուղղվելուն չնպաստել, քանի որ հաճախակի կատարվող համաներումները թեթեւ հանցագործների համար կանաչ լույս են եւ վնասում են պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին: Հայաստանում համաներումներ են տեղի ունենում սովորաբար 2 տարին մեկ, ինչը այնքան էլ չի խոսում արդար դատավարական համակարգի գոյության մասին՝ հաշվի առնելով այն, որ համաներումների շարժառիթը նաեւ բանտերի գերբեռնված լինելն է: Բանն այն է, որ մեզանում թե' կալանավորելը, թե' դատապարտելը հաճախ կատարվում է շատ դյուրին եւ այն հանցանքի համար, որի դեպքում կարելի է չկալանավորել կամ պայմանական ազատազրկում տալ, հաճախ կալանավորում են, ապա՝ ազատազրկում:
Հայաստանում բանտերը «ճկռում են» գերբեռնվածությունից, ասվում է, որ բանտերում հաճախ հերթափոխով են քնում: 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ` կալանավորվածների եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը 4 780 է, որը 92-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 834 անձ, որոնցից 484-ը պատիժը լրիվ կրելու, 155-ը' պայմանական վաղաժամկետ կարգով, 5-ը' ներմամբ, 83-ը' խափանման միջոց կալանքը փոխելու, 102-ը' դատարանի դահլիճից, 4-ը' հիվանդության պատճառով:
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ` ազատազրկման վայրում են գտնվել 207 կին, որոնցից 18-ը' սպանության, 8-ը' դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 43-ը' խարդախության, 15-ը' կավատության, 16-ը' գողության, 26-ը' թմրամիջոց իրացնելու մեղադրանքով:
Նույն ժամանակահատվածում անազատության մեջ են գտնվել 27 անչափահաս, որոնցից 3-ը' սպանության, 5-ը`դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 11-ը' ավազակության, 4-ը' գողության մեղադրանքով:
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվել են 143 օտարերկրյա քաղաքացիներ:
Համաներումը մարդասիրական քայլ է, որով պետությունն իր քաղաքացուն տալիս է ուղղվելու հնարավորություն:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ