կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 17:37
Տնտեսական

Շնչում ենք, բայց չենք արտաշնչում

Շնչում ենք, բայց չենք արտաշնչում
Մինչ ամբողջ աշխարհում փորձում են որակապես և քանակապես մրցունակ դարձնել տեղական արտադրանքը, միջազգային շուկա դուրս գալու ջանքեր գործադրելով, Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը: Փոքր հանրապետությունում բնապահպանական լուրջ հետևանքների հանգեցնող մի քանի հանքարդյունաբերական գործարանների առկայությունն առանց այդ էլ վստահություն չէր ներշնչում հայկական գյուղմթերքի նկատմամբ` կրճատելով միջազգային շուկա դուրս գալու դրա հնարավորությունները: Տնտեսական վերջին զարգացումներից երեւում է, որ կրճատվել են նաև գյուղատնտեսության ոլորտում ինքնաբավ երկիր դառնալու հնարավորությունները, այսինքն` Հայաստանում արտադրվող գյուղմթերքի որոշ տեսակներ քանակապես չեն բավարարում ազգաբնակչության պահանջարկը: Կարող ենք մատնանշել հավկիթի օրինակը, երբ տարիներ առաջ Հայաստանն ինքնաբավ էր այս ոլորտում, իսկ այսօր ձվի դիֆիցիտ է:

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Մաքսային ծառայության 2012-2013 թթ. և Ազգային վիճակագրական ծառայության 2010-2011 թթ.` գյուղմթերքի ներմուծման և արտահանման տվյալները:

 

 

Եթե հավատանք այս աղյուսակներին, ապա արտահանման ծավալը մեծացել է, ներկրմանը՝ նվազել, սակայն ինչպես մեր երկրի պաշտոնական տվյալներին է հատուկ, սրանք էլ գրեթե ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Խոշոր արդյունաբերությունից և հարուստ ընդերքից զուրկ Հայաստանի տնտեսության փրկությունը զարգացած գյուղատնտեսությունն է: Եվ ներմուծման ու արտահանման մեջ գոյություն ունեցող այս դիսբալանսը տնտեսության համար նույնն է, ինչ մարդու համար շնչելը` առանց արտաշնչելու:

 

Գյուղնախարարության 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանը` թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ներկրման արգելքի վերացման մասին, ոչ միայն լուրջ սպառնալիք կարող է լինել ազգային անվտանգության համար, այլ նաև վկայում է գյուղնախախարարության խոշոր թերացումների և գյուղատնտեսությունը զարգացնելու անարդյունավետ ջանքերի մասին: Այս որոշումը նախարարությունն արդարացնում է Հայաստանի և Թուրքիայի` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելով, որի շրջանակներում արգելվում է անդամ պետության կողմից այլ պետության նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում դնելը:

 

Մի կողմ դնելով Թուրքիայից Հայաստան ներմուծվող գյուղմթերքի անվտանգության հարցը և դրա անդառնալի հետևանքների ռիսկը` նշենք, որ այն հայկական շուկայում վաճառվելու է իր ինքնարժեքով, ինչն էլ նշանակում է, որ տեղական արտադրանքը կարող է անմրցունակ դառնալ: Եվ այստեղ առաջանում է հերթական հռետորական հարցը, թե ինչպե՞ս են տնօրինվել գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ներդրումները, որոնց մասին այդքան սիրում է աղաղակել մեր կառավարությունը: Եվ, փաստորեն, նրա` իբր այդքան գործադրվող ջանքերը առաջխաղացման փոխարեն հակառակ արդյունք են արձանագրել:

 

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ