կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-05 17:28
Մշակույթ

Համալիրը, կարծես, շնչում է, բայց արհեստական շնչառության սարքի միջոցով

Համալիրը, կարծես, շնչում է, բայց արհեստական շնչառության սարքի միջոցով

ՀՀ կառավարության` 2016-ի փետրվարի 18-ի N 184-Ն որոշման համաձայն` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությունից հետ է վերցվել և ամրացվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հիշեցնենք, որ մինչ այդ` 2015-ի օգոստոսի 13-ին, «Ինվեսթմենթ Գրուփ» ընկերությունը ձեռք էր բերել ՄՀՀ-ն 30 մլն դոլարով ու պարտավորվել դրա բարեկարգման նպատակով ավելի քան 100 մլն ներդրում անել: Ընկերության տնօրենը` Դինո Ավադիսյանը, ինչպես պարզվեց հետո, վաճառել է գրեթե ողջ ունեցվածքն ու գտնվում է սնանկացման եզրին /նա նաև հետախուզման մեջ է ֆինանսական ինչ-ինչ խնդիրների պատճառով/: 

Համալիրը հիմա, կարծես, գործում է, բայց չկա այն աշխուժությունը, ինչ տարիներ առաջ էր` չհաշված այն փաստը, որ տեղեկացրել էինք` համալիրի գույքը վերջերս աճուրդի էր հանվել մեկ լոտով: Աճուրդը, ավելի ճիշտ` կրկնաճուրդը, սակայն, չէր կայացել:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համալիրի շահագործումը լուրջ գործ է, կատակ չէ, և եկամուտ ստանալու համար այն պետք է ամեն օր օգտագործվի:

«Խնդիրը մենեջմենթի մեջ է, քանի որ նման շենքերի համար պետք է տարեկան ծրագիր կազմել, որը բաղկացած կլինի համերգներից, ցուցահանդեսներից, սպորտային և քաղաքական միջոցառումներից: Պետք է մարդ լինի, որը կկարողանա զբաղվել այդ բոլոր հարցերով, և ինքն էլ շահագրգռված կլինի: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկը, ով հանձն կառնի գործը գլուխ բերել, պետք է դրսից ինչ-որ մասնագետ բերեն և վարձակալությամբ տան ինչ-որ մեկին, ինչպես օդանավակայանի դեպքում Էռնեկյանը եղավ»,- ասաց Քալաշյանը:

Նա նշեց նաև, որ փորձառու կազմակերպություն է պետք, որ հասկանա` շահագործման դեպքում ինչ պետք է անի, որ ինքն էլ չտուժի: Շենքը, ըստ Քալաշյանի, երբ մնում է չօգտագործված, կորուստ է ունենում, և հետո արդեն այլ խնդիրներ են առաջ գալիս:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել պետգույքի կառավարման վարչություն` տեղեկանալու, թե ինչ աշխատանքներ են տարվել համալիրում, և ի՞նչ ծրագրեր կան` աշխատակազմի, շենքի, գույքի պահպանման և շահագործման հետ կապված: Ի՞նչ քայլեր են իրականացվում համալիրը մարզական և մշակութային ակտիվ կյանք վերադարձնելու համար:

Մեր հարցմանն ի պատասխան, պետգույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ իրենց կողմից մշակվել է համալիրի արդյունավետ կառա­վարման մեկ տարվա ծրագիր, որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ` սկսած աշխատակազմի ամբողջական համալրումից: Ներկայումս համալիրում աշխատում է 48 մարդ, ըստ անհրաժեշտության` կազմը լրացվում է կարճաժամկետ պայմանագրային աշխատակիցներով:

Բացի այդ` համալիրում իրականացվել են կառույցի պահպանման և վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես` կանաչապատվել են հարակից տարածքները, տանիքի և անձրևաջրերի հեռացման խողովակների զգալի մասը վերանորոգվել է, կառույցի արտաքին հատվածների լրացուցիչ լուսավորություն է ապահովվել:

«Համալիրի ճեմասրահի, սանիտարական հանգույցների լրացուցիչ լուսավորման և նորոգման աշխատանքներ են կատարվել, համերգային դահլիճի արտաքին պատի  քանդված մեծ հատվածի վերանորոգում է իրականացվել, նորոգվել է հակահրդեհային ռեզերվային ջրավազանը, դիմահարդարման սենյակներում ապահովվել է տաք և սառը ջրամատակարարում, կառույցի ներսում գրեթե բոլոր սանհանգույցները վերանորոգվել են, տեղադրվել են արտաքին և ներքին տեսախցիկներ՝ անվտանգության ապահովման  նկատառումներով»,- հայտնում են պետգույքի վարչությունից:

Վարչությունից տեղեկացրին նաև, որ առաջիկայում նախատեսվում է արտաքին երեսպատման շինարարական աշխատանքների իրականացում՝ կառույցի արտաքին տեսքը պահպանելու և նորացնելու նպատակով, կառույցի  արտաքին լուսավորության խնդիրների լուծում, դիմահարդարման սենյակների վերանորոգում և կահավորում, օդափոխման համակարգերի ապահովում, կառույցին հարող այգիների և կանաչապատ տարածքների մշտական խնամք և այդ աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում:

Մար­զահամերգային համալիրում նախատեսված է պետական պատվերների շրջանակում մշակութային, մարզական, սոցիալական, կրթական ոլորտներին առնչվող համապետական տարաբնույթ միջոցառումների նախաձեռնում և իրականացում՝ ծրագրային տարվա համար՝  նվազագույնը 10 համապետական միջոցառում:

Մեզ մնում է միայն հուսալ, որ Մարզահամերգային համալիրը չի արժանանա Երիտասարդական պալատի բախտին: 

 

Կ. Հ.