Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի` հայ-ռուսական համատեղ արտադրության «Այդ ես չեմ» ֆիլմը ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 22-րդ միջազգային կինոփառատոնում միաժամանակ ստացել է երկու մրցանակ` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:
«Կինոշոկ» փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի համար նախապես ընտրվել էր 11 ֆիլմ: Փառատոնի «Գրան պրի» գլխավոր մրցանակը շնորհվել է ղազախ ռեժիսոր Երմեկ Թուրսունովի «Ծերունին» ֆիլմին: Ընդհանուր առմամբ, փառատոնը ուներ 4 մրցութային ծրագրեր` խաղարկային, կարճամետրաժ, մանկական եւ հեռուստաֆիլմեր:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարիա Սահակյանը նշեց, որ այն պահից, երբ իմացավ, որ ժյուրիի նախագահը անվանի կինոռեժիսոր Անատոլի Վասիլեւն է, միանգամից որոշեց ֆիլմն ուղարկել կինոփառատոնին:
«Անչափ ուրախ եմ, որ իր ձեռքից նման մրցանակ ստացանք: Երբ 14-15 տարեկան էի, երազում էի Վասիլեւի մոտ սովորել»,- ասաց Սահակյանը:
Ըստ նրա` ֆիլմի հաջողության գրավականներից մեկն էլ դերասանական հիանալի խաղն է. «Երբ գտանք Արինա Անդյուին, հասկացանք, որ նա այնպիսի դերասան է, որին պետք չէ ստիպել ինչ-որ բան անել, քանի որ նա ստեղծագործաբար էր մոտենում աշխատանքին: Անդյուն, կարծես, համեստություն բերեց ֆիլմին, քանի որ չնայած ֆիլմում բաց տեսարաններ կային, սակայն նա ասաց, որ չի զգում դրանց կարիքը եւ ավելի համեստ ձեւով ընդգծեց ֆիլմի գույները»:
Սահակյանի տեղեկացմամբ` առաջիկայում ֆիլմը պատրաստվում է շարունակել փառատոնային իր շքերթը. այն կմասնակցի Կիեւի, Մինսկի կինոփառատոներին:
Ռեժիսորն այժմ աշխատում է իր «Հեքիաթ» լիամետրաժ ֆիլմի վրա: Ըստ նրա` մանկական ֆիլմ նկարահանելու մտահղացումը ծնվել է իր երեք դստրերի շնորհիվ, որոնցից երկուսը նկարահանվել են այս ֆիլմում: «Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ով սիրահարվում է պարուհու ու վերջինիս միջոցով բացահայտում պարի յուրօրինակ աշխարհը: Այժմ փորձում ենք ֆիլմի ֆինանսավորման հարցը լուծել: Հուսամ` 1 տարի անց այն կկարողանանք ներկայացնել կինոսերներին»,- ասաց Սահակյանը: